Բան առաջին
Մի քանի օր առաջ էր, երեկոյան շատ ուշ ընկերներով նստեցինք տաքսի։ Ստացվեց այնպես, որ վերջում ես էի իջնելու։ Ընթացքում խոսում էինք տարբեր թեմաներից։ Երբ իջան ու մնացինք ես ու տաքսիստը, զգացի, որ ինչ-որ բան է ուզում հարցնել։ Դիմացավ-դիմացավ ու մեկ էլ.
- Ինչով եք զբաղվում, ինչ եք սովորում։
-Ուսանողներ ենք։
-Ինչ մասնագիտություն։
-Արևելքի երկրների պատմություն,- շատ ընդհանուր պատասխանեցի։
Դանդաղեցրեց մեքենայի ընթացքը, ու.
-Հիմա մի բան հարցնեմ, մենակ ճիշտն ասա, իրա՞նք են ավելի շուտ եղել էս տարածքում, թե՞ մենք։ Բայց ճիշտն ասա, որ իմանամ։
Պատասխանեցի, բավական մանրամասն ու ժամանակագրորեն նկարագրեցի ինչ-ոնց է եղել։ Էլի հարցեր տվեց։ Մերգելյանի ինստիտուտից մինչև Զեյթունի ուսանողական հանրակացարաններ սովորական հինգի փոխարեն տևեց մոտ քսան րոպե։ Դանդաղ քշում էր ու հարցեր տալիս. ճի՞շտ է, որ "արև" բառը թուրքերից ենք վերցրել, մեր երկիրը բա ինչու թողեցինք իրենց, ոնց կարողացան թուրքերը հաղթել մի ամբողջ Բյոզանդիայի, ո՞վ էր մեղավոր ու էլի հարցեր։
Գրեթե մոտեցել էինք, դեռ հետաքրքրությունը մեջը խեղդում էր։ Ու կատարավեց ամենահետաքրքիրը. մեքենան աջ քաշեց, կանգնեց, անջատեց շարժիչն ու շարունակեց հարցեր տալ։
Ու ևս մի տաս րոպե։
Վերջում.
-Ապրես տղաս։ Հաջողություն։
-Բարի գիշեր, ձեզ բարի երթ։
Այսքանը։
Հ.Գ. Դասախոսություններ կարդացել եմ մասնագիտական, բայց երբեք նման հաճույք չէի ստացել։
__________________________________________________________________________________________
Բան երկրորդ
Շատ լավ ռադիոկայան եմ գտել՝
Voice of Van: Կարծես թե լիբանանահայերի կողմից է աշխատեցվում։ Երեկոյան ժամերին մեծ թվով հայրենասիրական, ազգային երաժշտություն է հնչում(մեծ թիվ են կազմում հատկապես դաշնակցական երգերը)։ Հոգևոր թեմաներով շատ լավ հաղորդումներ են լինում։ Հիմա ռադիո վիկտորինա է. հարցը ոչ թե դեսից դենից է, այլ թո ով է եղել այն ֆիդային, ով ծնվել է այստեղ, մասնակցել այսինչ կռվին, նահատակվել այստեղ։
Պարզապես մի տեսակ հաճելի էր։