Ժողովրդական կուսակցության մարտի 21-ի հանրահավաքը, որը, ինչպես ասում են, լավ էր չլիներ, ցույց տվեց մեկ բան, այն է, ևս մեկ քաղաքական ուժ, որը քիչ թե շատ դերակատարություն էր ունեցել հայաստանյան ընդդիմադիր դաշտում, նետվում է քաղաքական աղբարկղը: Մարտի 21-ի հանրահավաքը, որը ավելի շուտ թաղման արարողությանը հավաքված տարեց անձանց հավաքույթ էր հիշեցնում, իր սակավաթիվությամբ թերևս բացառիկ էր ընդդիմության հանրահավաքների պատմության մեջ և հենց միայն այդքանով հիշարժան:
Click to view
Այնինչ սրանից ընդամենը մեկ ու կես ամիս առաջ, երբ ԱԼՄ-ն փակման փուլում էր, Տիգրան Կարապետյանը այնպիսի հանրահավաք արեց (ըստ որոշ տվյալների մինչև 12 հազար մարդ), որ նույնիսկ ՀԱԿ-ը, խուճապի մատնված, անմիջապես իր բոլոր ԶԼՄ-ներով հիստերիկ քարոզարշավ սկսեց նրա դեմ: Տիգրան Կարապետիչի հասցեին ասվեց ամեն ինչ. ծաղրածու, կեղծ ընդդիմություն, իշխանական պրոյեկտ, որի հանրահավաքներին իշխանությունները «իրենց կողմից» մարդ էին մատակարարում: Այնուհետև լուրեր տարածվեցին, որ Տիգրան Կարապետյանը պատրաստվում է միավորվել Գագիկ Բեգլարյանի հետ և ստեղծել “Երևանցիների կուսակցություն” և այլն:
Թե որքանով այդ ծրագրերը իրականացան, ցույց տվեց մարտի 21-ի “հանրահավաքը”: Իսկ այդ օրը, քաղաքական գործընթացների վերլուծության և կանխատեսման տեսանկյունից բավականին արդյունավետ օր էր, քանի որ թույլ տվեց որոշ կարևոր եզրահանգումներ անել ապագա քաղաքական զարգացումների վերաբերյալ: Եվ այսպես.
1. Եթե նույնիսկ ԱԼՄ-ի փակման որոշման և դրան հաջորդող Տիգրան Կարապետյանի հունվարյան հանրահավաքները իշխանական պրոյեկտ էին, ապա հիմա իշխանությունը արդեն հրաժարվել է այս պրոյեկտից: Ի դեպ այս կոնտեքստում կարելի է դիտարկել նաև Գագիկ Բեգլարյանի հետ համատեղ “Երևանցիների կուսակցություն” ստեղծելու մասին ասեկոսեների հօդս ցնդելը
2. ՀԱԿ-ի մարտյան հանրահավաքների մարդաշատության և ԺԿ վերջին հանրահավաքի սակավամարդության հակադրումը ցույց տվեց, որ ընդդիմադիր դաշտում այսօր կա միայն մեկ մոնոպոլ ուժ, որի հետ, թեկուզև փոքրինչ, չի կարող համեմատվել որևէ այլ ընդդիմադիր քաղաքական ուժ: Սա են վկայում ԺԿ հանրահավաքի սակավամարդությունը, “Ժառանգությունից”` Րաֆֆի Հովհաննիսյանի ծայրահեղ քայլը` մեկ շաբաթից ավել ձգվող հացադուլը, որը, սակայն, 50-100 մարդուց բացի, այլ զանգված չի կարողանում ապահովել, և ՀՅԴ-ի այս ոլորտում կատարյալ պասիվությունը:
3. Այսօրվանից իսկ գրեթե վերջնականորեն ուրվագծվում է 2012թ-ին ընտրվելիք խորհրդարանի պատկերը, գոնե նրանում ներգրավված ուժերի առումով: Եվ հատկապես ընդդիմադիր դաշտում առկա գործընթացները վկայում են, որ ԺԿ-ն և “Ժառանգությունը” չեն կազմում այդ պատկերի մասնիկը: Այս բանը հստակ գիտակցում են նաև տվյալ ուժերը, և թերևս դա էր պատճառը, որ Տիգրան Կարապետյանը բարձրաձայն հայտարարեց իր` “Ժառանագությանը” միանալու ցանկության մասին, որին, սակայն, “Ժառանգությունը” որևէ կերպ չարձագանքեց:
Ամեն դեպքում հստակ դարձավ մի բան. նույնսիկ եթե ընդունենք, որ մի ժամանակ կար որոշակի խաղադրույք Տիգրան Կարապետյանի վրա, ապա վերջին հանրահավաքը ցույց տվեց, որ այդ խաղադրոյւքը իրեն սպառել է կամ կեմ հետ է վերցվել: Տիգրան Կարապետյանը, փաստորեն, հասարակության կողմից այդպես էլ չընկալվեց որպես իրական և կարող ընդդիմադիր ուժ, իսկ իշխանության կողմից պարզապես դուրս գրվեց որպես քաղաքականապես իրեն սպառած երևույթ:
Թե ինչ կլինի այս գործչի վերջը, ցույց են տալիս հայաստանյան բազմաթիվ հայտնի ընդդիմադիրների քաղաքական ճակատագրերը. Վազգեն Մանուկյան, Պարույր Հայրիկյան, Արտաշես Գեղամյան, Արշակ Սադոյան, Րաֆֆի Հովհաննիսյան և այլոք, որոնք բոլորն էլ ժամանակի ընթացքում վերածվեցին քաղաքական դիակների: Մարտի 21-ին Տիգրան Կարապետյանը, փաստորեն, քաղաքականապես կնքեց իր մահկանացուն, զբաղեցնելով վերոնշյալ գործիչների շարքը:
Իսկ թե որքանով էին իրական նրա` իշխանական պրոյեկտ լինելու մասին շրջանառվող տարբեր լուրերը, արդեն նույնիսկ էական և հետաքրքիր չէ: Ամեն դեպքում, մարտի 21-ի հանրահավաքը կարևոր էր նաև մեկ այլ հանգամանքով. այն վերջնականապես ապացուցեց, որ իշխանությունը իր խաղադրույքը կատարել է ՀԱԿ-ի վրա: Սակայն սա արդեն առանձին խոսակցության թեմա է…