Կա մի անխուսափելի իրականություն, որը անհնար է չընդունել. Վերջին օրերի քաղաքական վայրիվերումների ֆոնին բոլորը ավելի մեծ լարվածությամբ էին սպասում փետրվարի 12-ի ԲՀԿ համագումարին, քան օրինակ 2010 նոյեմբերի 30-ի ՀՀԿ համագումարին: Եթե վերջին դեպքում, բացի իրական քաղաոքական ստատուս-քվոյի արձանագրումից, այլ բան չէր լինելու, ապա ԲՀԿ-ի դեպքում ամեն ինչ բոլորովին այլ էր. ինչպես սիրում են ասել քաղաքագետները, «ինտրիգ կար»: Համագումարից անմիջապես առաջ ամբողջ մամուլը թմբկահարվում էր լուրերով, ըստ որի Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանին վերջնագիր է ներկայացրել, ստիպել է կանխավ հայտարարել իրեն սատարելու մասին և այլն: Լուրեր էին շրջում, որ Ծառուկյյանը այնուամեյանիվ տեղի է տվել ճնշումներին և համագումարի ժամանակ հայտարարելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը սատարալու մասին:
![](http://1lur.com/lur/wp-content/uploads/2011/02/carukyan-300x205.jpg)
Ինչպես ցույց տվեցին հետագա զարգացումները, համագումարի ժամանակ նման հայտարարություն չհնչեց, և սա այն պարագայում, երբ Սերժ Սարգսյանը իր անմիջական ներկայությամբ էր պատվել ԲՀԿ համագումարը: Այսպիսով, ԲՀԿ համագումարը դարձավ այն փորձաքարը, որին բախվելով ջախջախվեցին Սերժ Սարգսյանի ամուր և կուռ իշխանության մասին մինչ այսօր եղած առասպելները: Իզուր չէր այսօր մամուլում գրվել, որ ՀՀԿ-ն հետայսու ընդամենը կոալիցիայի անդամներից մեկն է, այլ ոչ թե նրա անվիճելի ղեկավարն ու վերահսկողը: Ավելին, նույն ԲՀկ համագումարի ժամանակ Ծառուկյանը հնչեցրեց մի արտահայտություն, որը այդպես էլ արժանի ուշադրության չարժանացավ լրատվամիջոցների կոմից (գուցե միտումնավոր, կամ վերևից իջեցված հրահանգով). «եթե մարդ կարողանում է ընդամենը 50 կիլոգրամ բարձրացնել, ապա նա չպետք է մոտենա 200 կգ-ին, այլապես դա կլինի ժամանակի անիմաստ կորուստ և դրանից կարող են տուժել 3 միլիոն մարդ»: Սա հստակ մեսիջ էր, հստակ հասցեատերով, և հասցետարեը, բնականաբար, դա հասկացավ:
Ինչևէ, ԲՀԿ համագումարից հետո Ծառուկյանի առանց այն էլ բարձր վարկանաիշը հաստատապես աճ գրանցեց: Սա միանգամայան անվիճելի է, նույնիսկ եթե Ադիբեկյանը մոտ օրերս հանրությանը ներկայացնի տարբեր գործիչների վարկանիշների մասին «սեփական» պատկերացումները:
Այս մասին արդեն բարձրաձայնում են քաղաքական դաշտի տարբեր անկախ վերլուծաբաններ և փորձագետներ: Մեր մասով կարող ենք ասել հետևյալը: Հենց միայն այն հանգամաքը, որ ԲՀԿ համագումարի ժամանակ կոտրվեցին Սերժ Սարգսյանի, որպես ամենազոր և ամենակարող գործչի, մասին պատկերացումները, արդեն իսկ ԲՀԿ-ին տալիս է յուրահատուկ կարգավիճակ. քաղաքական ուժ, որը ընդդիմություն չէ, բայց միևնույն ժամանակ հանդես է գալիս տարբեր գործընթացների նկատմամբ սեփական դիրքորոշումներով, որոնք շատ հաճախ կարող են լինել ուղղակի քննադատական:
Այս հանգամանքը միանշանակ հասկանում է Սերժ Սարգսյանը, բայց և միաժմանակ չի կարողանում դրա դեմ ոչինչ ձեռնարկել. ԲՀԿ-ն վեր է ածվել ՀՀԿ-ի կոկորդին մնացած ոսկորի, որին վերջինս ո'չ կարողանում է կուլ տալ, ո'չ էլ կարողանում է դուրս թքել: Իսկ այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանը այսօր չունի բավարար հասարակական աջակցություն` վստահորեն 2013 ընտրություններին գնալու համար, իսկ մյուս կողմից նույն այդ հասարակությունը արդեն հոգնել է ընդդիմության իշխանափոխության մասին անվերջ կոչերից, օբյեկտիվորեն լայն դաշտ է ստեղծում երրորդ, այլընտրանքային ուժի բարձր վարկանիշի համար: Կարծում ենք, ԲՀԿ-ում սա շատ լավ հասկանում են և աշխատում են այս ուղղությամբ: Համենայն դեպս, փետրվարի 12-ի համագումարը թերևս սրա վառ ապացույցն է: