Այսօր մամուլում տեղեկություններ էր տարածվել հնարավոր նոր պաշտոնանկությունների մասին: Ընդ որում խոսք էր գնում իշխանության բարձրագույն պաշտոնների մասին` վարչապետի, ԱԺ նախագահի և այլն: Նման լուրեր եղել են վաղուց և դա նորություն չէ. սա Տիգրան Սարգսյանին Հովիկ Աբրահամյանով փոխարինելու խոսակցությունների արդեն որերորդ փուլն է:
Բայց այս հրապարակման մեջ կա մի ուշագրավ տեղեկություն. Մասնավորապես, այնտեղ նշվում է: “Հեռացողների ցանկում կրկին նշվում են Արմեն Գեւորգյանի եւ ընդհանրապես Ռոբերտ Քոչարյանի անվան հետ կապվող անձանց անունները, այդ թվում` գլխավոր դատախազի:”
Փաստորեն ՀՀԿ-ի մոտ տեղի է ունեցել հիմնական հակառակորդների փոփոխություն, որի մասին նա արդեն հայտնում է անթաքույց: Որքան մոտենում են ընտրությունները, այնքան այդ ամենը տեսանելի է դառնում:
ՀՀԿ-ի հիսթերիկ անդրադարձերը Ռոբերտ Քոչարյանի հարցազրուցներին, նրա հանդիպումներին և շրջագայություններին, ինչպես նաև վերոնշյալ պաշտոնանկությունների մասին լուրերը վկայում են, որ Ռոբերտ Քոչարյանը դարձել է ՀՀԿ-ի մղձավանջը, ինչը նա որքան էլ փորձում, այնուամենայնիվ չի կարողանում թաքցնել:
Իսկ, մյուս կողմից` վերջնականորեն ընտելացված Լևոն Տեր-Պետրոսյանը փաստորեն զիջում է իր դիրքերը, ստանձնելով հերթական ընկեր-ընդդիմության դերակատարումը, որի պահանջները կորցնում են իրենց երբմենի ուժը: Իսկ այն, որ Լևոն Տեր-Պետրոսյանը նույնպես հավասարապես լծվել է Ռոբերտ Քոչարյանի դեմ պայքարին, մատնում են թե’ նրա կողմից վերահսկվող մամուլի հրապարակումները, թե’ “ընդդիմադիր” լրագրողների սոցցանցերում իրականացվող հակաքոչարյանական քարոզչությունը և այլն:
Ստացվում է, որ ՀՀԿ-ին և ՀԱԿ-ին իրականում միավորում է ոչ թե պետության դեմ ծառացած խնդիրները միասին լուծելու անհրաժեշտությունը (իսկ թե ինչ խնդիրներ են դրանք, այդպես էլ չիմացանք), այլ հենց Ռոբերտ Քոչարյանի կերպարը և ապագա քաղաքական դերակատարումը:
Դե ինչ, առջևում մեզ սպասվում են բոլորովին այլ զարգացումներ: