Ալեքսանդր Սպենդիարյանի տունը Յալթայում

Oct 06, 2016 16:21

Ալեքսանդր Ստեփանոսի Սպենդիարյանը (ռուս. Սպենդիարով, 1871-1928) համարվում է հայ մեծագույն կոմպոզիտորներից մեկը, հայկական դասական երաժշտության հիմնադիրը։
Ծնվել է Կախովկա գյուղում (ներկայիս Ուկրայինայի Խերսոնի շրջանի Կախովկա քաղաքը)։ Մանկությունը անցկացնում է Կախովկայում։ 1877 թվականին ընտանիքով տեղափոխվում են Սիմֆերոպոլ։ Սովորում է Սիմֆերոպոլի գիմնազիայում։ 1890 թվականին գնում է Մոսկվա, որտեղ սովորում է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ 1895 թվականին գնում է Պետերբուրգ, որտեղ ծանոթանում է Ռիմսկի-Կորսակովի հետ։ Վերջինս լիիրավ գնահատում է Սպենդիարովի երաժշտական տաղանդը և խրախուսում է իր ուսանողին բռնել կոմպոզիտորյան ուղին։ 1891 թվականին ավարտելով Պետերբուրգում երաժշտական կուրսերը, Սպենդիարովը տեղափոխվում է Յալթա։ Այստեղ նա ապրում է 1901-ից մինչև 1916 թվականը։ 1916-ին տեղափոխվում է Սուդակ, այստեղից էլ 1924-ին, հեղափոխությունից հետո, գալիս է Երևան, որտեղ և գտնում է իր հավերժ հանգիստը 1928 թվականին։
Յալթայում պահպանվել է տունը, որտեղ ապրել է մեծ վարպետը։ Տունը ունի իր հետաքրքիր պատմությունը։ Նա կառուցվել է XIX դարի 80-ան թվականներին ճարտարապետ Գ. Ֆ. Շռեյբերի կողմից Վ. Պ. Պուկալովի համար։ Տունը կառուցել են Յալթայի ամենաշքեղ փողոցներից մեկում` Եկատերինյան փողոցի վրա։ Այս տանը 1888 թվականին հանգրվանել է Սերբիայի թագուհի Նատալյան։



1899 թվականին Պուկալովը վաճառում է իր տունը 57000 ռուբլիով (բավականին մեծ գումար այդ թվականներին) երաժշտի հորը` մեծահարուստ առևտրական Ստեփանոս Սպենդիարյանին (Աֆանասի Սպենդիարով)։ Այդ ժամանակ Սպենդիարյանների ընտանիքը ապրում էր Սիմֆերոպոլում։ Ի դեպ Ստեփանոս Սպենդիարյանը ամուսնացած էր Նատալյա Սելինովայի հետ, ով Հովհաննես Այվազովսկու զարմիկի դուստրն էր։ Տունը գնելուց հետո հայրը կապիտալ վերանորոգում է այն։ Վերանորոգման ճարտարապետն էր հայտնի Ն. Պ. Կռասնովը` Լիվադիայի արքայական ապարանքի հեղինակը։ Այդ ժամանակ Սպենդիարյան կրտսերը ամուսնանում է Վառվառայի հետ (ի դեպ ևս Այվազովսկու բարեկամուհու), և վերանորոգված տունը դառնում է հոր նվերը նորապսակներին։
Նկարի մեջ պատկերված գրիֆոնները պատրաստվել են վերանորոգման ժամանակ Օդեսսայից հրավիրված իտալացի վարպետների կողմից։



Տան տեսքը հյուսիսային կողմից։



Այս տան պատերի մեջ են գրվել կոմպոզիտորի մի շարք ստեղծագորշությունները, մասնավորապես` Ղրիմյան էսքիզները (1903 թ.), նվիրված Այվազովսկու հիշատակին և «Երեք արմավենի» սիմֆոնիկ պոէմը (1905 թ.)։
Դժվար չէ կռահել, որ տունը ժամանակին հանդիսացել է Յալթայի երաժշտական և մշակութային կյանքի կենտրոնը։ Այստեղ են բազմիցս հյուրնկալել Ֆ. Ի. Շալյապինը, Ս. Վ. Ռախմանինովը, Մ. Գորկին, մերոնցից` Վ. Սուրենյանցը, Ս. Մերկուլովը, Ա. Ծատուրյանը։



1971 թվականին, երաժշտի ծննդյան հարյուրամյակի կապակցությամբ տան պատին կպցվել է հուշատախտակ։ Այստեղ եղել է տեղադրված նաև կոմպոզիտորի կիսանդրին, բայց հետագայում քանդվել է ինչ-որ բարբարոսների կողմից։ Հուսով եմ ռուսական իշխանությունները կգտնեն ժամանակ և միջոցներ կիսանդրին վերականգնելու համար։



Ով դեռ ծանոթ չէ մեծ վարպետի ժառանգությանը խստապես խորհուրդ եմ տալիս ծանոթանալ իր հիմնական ստեղծագործություններին, որոնք կարելի է ներբեռնել տոռռենտ հղումով այստեղից։

պատմության հուշարձաններ, պատմություն, Ղրիմի ժառանգությունը, Ղրիմ

Previous post Next post
Up