Յալթայի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին

Sep 22, 2016 21:58

Պատմականորեն այդպես է ստացվել, որ Ղրիմում վաղուց ի վեր գոյություն ունի մեծ հայկական սփյուրք, և բնականաբար հայերը Ղրիմում թողել են մեծ պատմական և մշակութային ժառանգություն։ Հայկական ճարտարապետական գոհարներից ամենաաչքի ընկնողներն են Սուրբ Խաչը Ստարիյ Կրիմում (Հին Ղրիմ), բազմաթիվ եկեղեցիները Ֆեոդոսիայում, և Յալտայի եկեղեցին։ Եթե առաջինները հիմվել են դեռ միջին դարերում, ապա Յալթայի հայկական եկեղեցին կառուցվել է համեմետաբար վերջերս` XX դարի սկզբին։ Այս գրառումը կլինի հենց Յալթայի հայկական եկեղեցու մասին։


Եկեղեցու կառուցման պատճառը շատ տխուր է եղել։ Բաքվի մեծահարուստ, նաֆթարդյունաբերող, ծնունդով շուշեցի Պողոս Տեր-Ղուկասյանի դուստրը` Հռիփսիմեն մանկական հասակում մահանում է Ղրիմում, և Ղուկասյանը որոշում է կառուցել եկեղեցի-ընտանեկան դամբարան ի հիշատակ իր վաղամեռիկ դստեր։ Եկեղեցու նախագծի ճարտարապետ է ընտրվում Գաբրիել Տեր-Միկելյանը` Բաքվի և Թիֆլիսի բազմաթիվ գեղեցիկ շինությունների հեղինակը (այստեղ լավ հոդված կա իրա մասին)։ Ապագա եկեղեցու նախատիպը ընտրվում է Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին։ Եկեղեցու կառուցման աշխատանքներին մասնակցում էին նաև հեղինակավոր այլ վարպետներ` քանդակագործ Մերկուլովը Ս. Դ., ճարտարապետ, գեղանկարիչ Տեր-Վարդանյանը Թ. Ս. և իմ ամենասիրված հայ նկարիչ Վարդգես Սուրենյանցը, ով մշակում էր էսքիզները և կատարում ներքին հարդարանքի նկարները
Ի դեպ ասեմ, որ Սուրենյանցը հանդիսանում է նաև Պուշկինի Բախչիսարայի շատրվանը գրքի հոբելյանական թողարկման` տպված բանաստեղծի ծննդյան հարյուրամյակի կապակցությամբ` 1899 թ., նկարների հեղինակը։ Լավ ասել ասել է, ասեմ նաև, որ Սուրենյանցը նյու ժանրում էլ նկարներ ունի :)) Շատ շեղվեցի, գնանք առաջ։
Եկեղեցու նախագծման աշխատանքները սկսվեցին 1905 թվականին և վերջացան 4 տարի հետո, շինարարությունը սկսվեց 1909 թ. և ավարտվեց միայն 1917 թվականին։ Եկան հեղափոխության, քաղաքացիական պատերազմների ժամանակները։ Երկար տարիներ եկեղեցին մնացել էր անտեր։ Մեծ Հայրենական պատերազմի ժամանակ մասամբ վնասվել էր։ 1960 թվականներին քարուքանդ եղած եկեղեցին տվեցին Յալթայի բնության և պատմության թանգարանին, որպես մասնաճյուղ։ 1988 թվականին Յալթայի 150-ամյակի կապակցությամբ եկեղեցին լիովին վերանորոգվեց։ ՍՍՀՄ փլուզումից հետո սկսեց ծառայել իր անմիջական նպատակով։
Եկեղեցին ներկայացնում է իրենից խաչաձև-գմբեթավոր շինություն։ Ներքևի նկարը արված է իմ սիրված դրոնով։



Եկեղեցու կառուցման համար օգտագործել են Ֆորոսի մոխրագույն քարը։ Քարի գույնը լավ համահունչ է շենքի հետ և համապատասխանում է տեղայնքին։


Քարի համեմատաբար փափկությունը թույլ էր տալիս գեղեցիկ նախշեր անել վրան, բայց ուներ նաև թերություն` այն ջրակայուն չէր։

Ներքևի նկարում պատկերված է եռակամար պատշգամբի ոճային զարդարանքը։ Երևում են թե գեղեցիկ նախշերը, թե քարերի տեղ-տեղ քայքայված հետքերը։



Դեպի եկեղեցի բարձրանում են շքամուտքով` զարդարված գեղեցիկ պիլոններով։


Այստեղից սկսվում են երկար սանդուղքները, որում իբր թե կա ուղիղ 100 հատ աստիճան, բայց ես անձամբ չեմ հաշվել, ուստի տեղեկության հավաստիությունը չեմ կարող երաշխավորել։ Աստիճանների կողքերը տնկված են գեղեցիկ նոճիներ։ Եկեղեցին ասես ճախրում է աստիճանների վերևը։



Աստիճանները տանում են դեպի հարավային կողմի հիմնահարկում գտնվող հուշախորշը, ինչպես դա լավ երևում է ներքևի նկարի մեջ։


Խորշից աջ գտնվում է Տեր-Ղուկասյանի դստեր դամբարանը։ Այստեղ են թաղված նաև մեծահարուստի երկու որդիները։
Հզոր արծիվները (թ՞ե տղուր ագռավները)` դաջված դամբարանի աբսիդի պատին, պահպանում են հանգուցյալների հոգիները։



Խորշից ձախ գտնվում է Վարդգես Սուրենյանցի տապանը։ Նկարիչը տեղափոխվել էր Յալթա 1917 թվականին, 57 տարեկան հասակում և կատարում էր եկեղեցու ներսի որմնանկարները։ Սակայն պատվիրատուի տրամադրության հաճախակի փոփոխությունները, կապրիզները, սկսված քաղաքացիական պատերազմը և նկարչի թույլ առողջությունը խանգարեցին հասնելու աշխատանքների ավարտին։ Մեծագույն հայ նկարիչը մահանում է չքավորության մեջ 1921 թվականին Յալթայում և այստեղ էլ, եկեղեցու բակում, գտնում է իր վերջին հանգրվանը։



Մարմարից տախտակները ամրացվել են 1963 թվականին։ Տախտակի վրա մակագրված է` "Այստեղ է թաղված Վարդգես Յակովի Սուրենյանցը 1860 - 1921, հայտնի հայ գեղանկարիչ, գրաֆիկ և թատերական նկարիչ, ով զարդարել է այս շինությունը ներսից զարդանկարներով"։
Եթե Սուրենյանցի տապանաքարի ձախ կողմի աստիճաններով բարձրանանք ապա կհայտնվենք եկեղեցու գլխավոր, արևմտյան մուտքի մոտ։
Մուտքի վերևում զանգակատունն է։


Արևմտյան մուտքի դռան զարդարանքը։



Այստեղ էլ հարավային մուտքի դռան վերևի զարդարանքն է։


Իմ մոտ չգիտես ինչու ոչ մի կասկած չկա, որ մակագրությունը արվել է վերջերս ինչ-որ անգրագետների կողմից, որովհետև հեչ համահունչ չի եկեղեցու հետ։

Անցնենք ներսի հարդարանքին, որը ոչ պակաս գեղեցիկ է քան դրսինը։
Լուսանկարի կենտրոնում տեսնում ենք Սուրենյանցի "Աստվածամայր" նկարը, բայց ես չգիտեմ սա բնօրինակն է, թե կտավի պատճեն։



Միանգամից զգացվում է, որ մեծ վարպետի ձեռք է կպել նկարներին` համահունչ գույներ, յուրօրինակ նախշեր, սրբերի ոչ երկրային պատկերներ։


Կարելի է ժամերով հիանալ նկարներով, որոնք կարծես հանգստություն են պարգևում։
Իմ սիրված տեսանկյունը եկեղեցում` ներքևից` վերև։



Եկեղեցու հասցեն է` Յալթա, Զագորոդնայա, 3.
Այսքանով ոնց-որ թե վերջ։
Հարգանքներով` vahemart

պատմության հուշարձաններ, պատմություն, Ղրիմ

Previous post Next post
Up