Եղբայրարյուն Տուրնըֆորի, Diphelypaea tournefortii, Дифелипея Турнефора
Եղբայրարյուն (Դիֆելիպեա) Տուրնըֆորին հանդիսանում է Հայաստանի ամենագեղեցիկ և էկզոտիկ ծաղիկներից մեկը։ Դեռևս 1895 թվականին մեծ հայ պատմաբան
Ղևոնդ Ալիշանը այսպես է գրել նրա մասին. "և ծաղկանց թագաւոր կամ թագուհի կըրնանք ըսել, գոնէ մեր երկրին մէջ. մեզի պանծալի, օտարաց նախանձելի, և ամենուն զմայլելի իր գունոյն համար"։ Ուստի իզուր չի լինի, որ այս հրաշք բույսի մասին մի հատ ընդարձակ հոդված գրեմ :)
Դիֆելիպեա ցեղը պատկանում է Ճրագախոտազգիների (
Orobanchaceae) ընտանիքին։ Ընտանիքի մեջ կան մոտավորապես 2000 տեսակ բույսեր, որոնք ընգրկված են 90 ցեղերի մեջ։ Ընտանիքի բոլոր ներկայացուցիչները մակաբույծեր են։
Diphelypaea tournefortii, Berdatak, 2010.05.18
Դիֆելիպեա ցեղի մեջ կան ընդհամենը երկու տեսակ` Դիֆելիպեա Տուրնըֆորի (Diphelypaea tournefortii) և Դիֆելիպեա կարմիր (Diphelypaea coccinea)։ Իրանք տարբերվում են միմյանցից ընդամենը ցողունի թեփուկներով։ Տուրնըֆորի եղբայրարյան մոտ թեփուկները գտնվում են ցողունի հիմքում, իսկ կարմիր եղբայրարյան մոտ թեփուկները տարածված են ցողունի ողջ երկայնքով։ Ներքևի նկարում, որն իմիջիայլոց տպված է 1829 թվականին, պարզ երևում են այդ թեփուկները, այսինքն այս նկարում պատկերված է կարմիր դիֆելիպեան։
Diphelypaea coccinea (as Phelypaea coccinea). In Wallroth F. G., 1829. Decas Tabularum (Orobanchaceae). In Reichenbach H. G. L. Iconographia Botanica seu Plantae Criticae 7, 29 - 50, pl. 937-938.
Որոշ հեղինակների կողմից ընդունվում է երրորդ տեսակի` Դիֆելիպեա Ելենայի (
Diphelypaea helenae) ինքնուրույնությունը։ Սակայն հեղինակների մեծամասնությունը (այդ թվում նաև ձեր խոնարհ ծառան) կարծում է, որ դա կարմիր եղբայրարյան բազմագույն (պոլիխրոմատիկ) տարբերակն է։ Բույսի հիմնական տարբերիչ նշանը դա ծաղկի դեղին գույնն է, ինչը բավարար չէ տեսակային ինքնուրույնությունը ապահովելու համար։
Դիֆելիպեա ցեղը գիտության մեջ նկարագրված է 1703 թվականին ֆրանցիացի բուսաբան Տուրնըֆորի կողմից (
Joseph Pitton de Tournefort)։ Արևմտյան Հայաստան 1701 թվականին կատարված իր շրջագայության ժամանակ Կարինի (ներկայումս Էրզուրում) շրջակայքում նա տեսավ մի գեղեցիկ ալ կարմիր ծաղիկներով բույս, որն անվանեց Ֆելիպեա արևելյան անունով։ Անունը տվեց իր շրջագայության ֆինանսական հովանավորների` հայր և որդի Ֆելիպոների (
Louis Phélypeaux,
Jérôme Phélypeaux) պատվին։ Ներքևի նկարում մենք տեսնում ենք Դիֆելիպեայի առաջին տպագրված նկարը։ Մարդ չի էլ հավատում, որ նկարն արվել է 300 տարի առաջ, այնպես մանրակրկիտ է նկարված և տպագրված։ Իմիջիայլոց այդ գրքի հրատարակումից հինգ տարի հետո խեղճ Տուրնըֆորը ընկնում է կառքի տակ Փարիզում և մահանում։ Բայց չշեղվենք։
Diphelypaea (as Phelypaea). In Tournefort J. P. (1703), Corollarium institutionum rei herbariae
Այստեղ տեղին է կատարել փոքրիկ պատմա-կենսաբանական թեքումով շեղում։ Աշխարհի ոչ մի բույս, երևի, չունի այնքան հոմանիշներ, որքան մեր Դիֆելիպեան։ Ահա հոմանիշների կարճ ցուցակը. Phelypaea orientalis, Phelypaea tournefortii, Lathraea phelypaea, Anoplanthus tournefortii, Anoplon tournefortii, Aeginetia tournefortii. Հոմանիշ անունների բազմազանությունը վկայում է անվանացանկային (նոմենկլատուրային) շփոթության մասին։
Փորձեմ կարճ ներկայացնեմ ինչից է դա սկսվել։ Տուրնըֆորը, բույսը նկարագրելիս, Ֆելիպեա ցեղի մեջ ընդգրկում է երկու բույս` Ֆելիպեա արևելյանը (Phelypaea orientalis, ներկայումս հայտնի որպես Diphelypaea tournefortii) և Ֆելիպեա լուզիթանյանը (Phelypaea lusitanica, իրականում`
Cistanche phelypaea), որոնք սակայն պատկանում են երկու լրիվ տարբեր ցեղերին։ Հետագայում, 1753 թվականին, Լիննեյը իր "Բույսերի տեսակները" խոշոր աշխատանքում (
Species plantarum, որից ընդունված է հաշվել բուսաբանական անվանացանկի ծնունդը) չգիտես ինչու տեղակայում է երկու բույսերն էլ Լաթրեյա (Lathraea) ցեղի մեջ։ 1798 թվականին գերմանացի բուսաբան Մարշալ ֆոն Բիբերշտայնը (
Friedrich August Marschall von Bieberstein) նկարագրում է ևս մեկ տեսակ շատ նման Դիֆելիպեային և անվանում այն Ճրագախոտ (Օրոբանխե) կարմիր (ներկայումս Diphelypaea coccinea)։ Ռենե Դեֆոնտենը (
René Louiche Desfontaines) իր 1807 թվականի աշխատանքում Տուրնըֆորի նկարագրված բույսի համար առաջարկում է նոր անունների համադրություն` Ֆելիպեա Տուրնըֆորի (Phelypaea tournefortii)։ Ի դեպ այդ աշխատության մեջ մենք կարող ենք տեսնել Դիֆելիպեայի առաջին գունավոր պատկերը։
Diphelypaea tournefortii (as Phelypaea tournefortii). Desfontaines M. (1807), Suite des plantes du Corollaire de Tournefort. In Annales du Museum D'Histoire Naturelle, t. 10, pl. 21.
Լավ, շատ չտանջեմ ձեզ բուսաբանական տերմինոլոգիայով, 1975 թվականին Սմիթսոնյան ինստիտուտի բուսաբանական բաժնի գիտաշխատող Դէն Նիքըլսընը (Dan H. Nicolson) տպագրում է մի հիմնավոր հոդված, որտեղ մանրակրկիտ վերլուծում է բույսի անվան հետ կապված անվանացանկային արկածները և առաջարկում է ցեղի անվան նոր տարբերակ` Դիֆելիպեա (Di- երկու, քանի որ Ֆելիպո -Phelypaea ընտանիքի երկու ներկայացուցիչների պատվին էր դրվել անունը Տուրնըֆորի կողմից)։ Շատ օրիգինալ ելք էր ստացվել այս դժվար իրավիճակից։ Հոդվածը կա ներքևում գրականության ցանկում։ Խորհուրդ կտամ կարդալ նույնիսկ եթե բուսաբան չեք։ Միայն հոդվածի անունը ինչ արժի` Diphelypaea (Orobanchaceae), nom. nov. and Other Cauterizations on a Nomenclatural Hydra, այսինքն Դիֆելիպեա, նոր անուն, և անվանացանկային հիդրայի այլ այրումները։ :)
Ի դեպ հայերեն լեզվում էլ անունների փոքրիկ խառնաշփոթ կա։ Հայերենով բույսն ունի հետևյալ անունները. Սարի լալա, Յոթ եղբոր արյուն, Աղբերաց արյուն, Աղբյուրների արյուն, և ոնց-որ թե պաշտոնական Եղբայրարյուր անունը։ Հայաստանի ֆլորա ակադեմիական հրատարակչությունում տպագրված է Եղբայրարյան անունը, բայց պարզ չի դա տառասխալ է, թե այդպիսի ուղղագրություն են առաջարկել Ճրագախոտազգիների բաժնի հեղինակներ Ծատուրյանն ու Գրիգորյանը։ Յոթ եղբոր արյուն և Աղբերաց արյուն անունները կապված են յոթ եղբայրների մասին լեգենդի հետ։ Լեգենդը պատմում է թե յոթ ախպերներ են եղել, որոնք մահացել են մարտի դաշտում, և իրանց արյունից էլ ծնվել են այս ծաղիկները։ Աղբյուրների արյուն անունը կապված է այն փաստի հետ, որ Դիֆելիպեային հաճախ կարող ենք տեսնել աղբյուրների, առուների կողքը` քարքարոտ հատվածներում։ Մեր գյուղ Ծաղկաձորում այն անվանում են Սարի լալա, բայց նույն անունով էլ անվանում են համարյա բոլոր կարմիր գույնով ծաղիկներին գյուղի շուրջը, դրա համար այս անունը լուրջ չեմ դիտում։ :Ճ
Մինչև անցնեմ բուն բույսի նկարագրությանը ներկայացնեմ ևս մի քանի հատ պատմական նկարներ։
Ներքևում Դիֆելիպեայի նկարն է, որը առաջին անգամ հանդիպում է մեսրոպատառ գրականության մեջ։ Վերցված է Ղևոնդ Ալիշանի Այրարատ. Բնաշխարհ Հայաստանեայց, Վենետիկ-Սբ. Ղազար, 1890 թվականի գրքից։ Երևի նկատեցիք, որ նկարը հանդիսանում է Դեֆոնտենի գրքի նկարի արտատպումը։
Diphelypaea tournefortii (as Anoplantus tournefortii). In Alishan G. (1890), Ayrarat.
Այստեղ ներքևում նկար է, որն ուղիղ հարյուր տարի առաջ է տպագրվել։ Վերցված է անգլիական հայտնի բուսաբանական մատյանից` Curtis's Botanical Magazine, 1915, ser., XI no. 126, tab. 8615։ Էս անգլիացիք լավ են էլի գիրք տպում, հո զոռով չի։
Diphelypaea coccinea (as Phelipaea foliata). In Prain D. (ed.) (1915), Curtis's Botanical Magazine, ser., XI no. 126, tab. 8615.
Իսկ այստեղ ներկայացնում եմ Դիֆելիպեայի առաջին լուսանկարը։ Նկարը արված է 1915 նույն անգլիացիների կողմից, և տպագրված է Քյուի Թագավորական բուսաբանական այգու մատյանում։
Diphelypaea coccinea (as Phelipaea foliata). In Stapf O. (1915) The Genus Phelipaea. Bulletin of Miscellaneous Information (Royal Botanic Gardens, Kew) Vol. 1915, No. 6
Անցնենք բույսի նկարագրությանը։
Տուրնեֆորի եղբայրարյունը հանդիսանում է բազմամյա խոտային անտերև մակաբույծ` սնամեջ ցողունով։ Ցողունը ունի մուգ-կարմիր գույն և հիմքում պատված է թեփուկներով։ Բույսի բարձրությունը տատանվում է 10-ից մինչև 30 սմ։
Diphelypaea tourneforti, Tsaghkadzor, 2014.06.04
Ծաղիկները միայնակ են, մեծ, երկշուրթ, թավշյա կարմիր գույնի։ Բաժակաթերթեր չունեն։ Ծաղկաբաժակը երկշուրթ է։ Պսակի ներքևի շուրթը ունի երկու հատ սև ծալքեր։ Առէջները դեղնավուն են։ Վարսանդը մուգ կարմիր է, վահանաձև։
Diphelypaea tourneforti, Tsaghkadzor, 2008.05.31
Ինչպես կարելի է նկատել սև ծալքերը նմանություն են տալիս իշամեղուներին և որոշ բզեզներին, որոնք հանդիսանում են այս ծաղկի փոշոտիչները։ Գիտականորեն այս երևույթը անվանում են Փոշոտիչների գրավչության սեռական սինդրոմ, կամ կեղծ զուգավորում (
Pseudocopulation)։
Դիֆելիպեայի պտուղները տուփիկներ են, բացվող երկու մասով։ Սերմերը շատ մանր են։
Diphelypaea tourneforti, Tsaghkadzor, 2013.08.03
Բույսը մակաբույծ է Tanacetum և Achillea ցեղերի մի քանի ներկայացուցիչների վրա։
Հայաստանում հանդիպում է գրեթե ամենուր 1600-ից մինչև 2600 մ բարձրության վրա։ Աճում են քարքարոտ ձորալանջերում, գետերի կիրճերում, անտառների բացատներում։
Քանի որ բույսը անչափ գեղեցիկ է, հասկանալի է որ շատերը կցանկանան աճեցնել այն։ Բույսի առաջին աճեցման գիտական փորձը տեղի է ունեցել հեռավոր Գերմանիայում 1876 թվականին։ Դրեզդենի բուսաբանական այգու գիտաշխատող Պոչարսկին ուղիղ Կովկասից հայտնի բուսաբան
Կոխից ստանում է բույսը իր սնող տիրոջ հետ միասին։ Նույն տարում դիֆելիպեան ծաղկում է, և հետո երեք տարի լուր չի հանում։ Երեք տարի հետո, 1879 նա նորից ծաղկում է։ Աճեցման երկրորդ դրական փորձը գիտական գրականության մեջ նկարագրված 1914 թվականին։ Այս անգամ Անգլիայի Թագավորական բուսաբանական այգին Քյույում ստանում է Թիֆլիսի բուսաբանական այգուց Դիֆելիպեայի և սնող բույսի` Տերեփուկի սերմերը 1911 թվականին։ Նույն տարի սերմերը ցանում են այգու Ալպիական բաժնում։ Տերեփուկը բարեհաջող ծլում է, աճում է, և երեք տարի հետո, 1914 թվականին ի հայտ են գալիս Դիֆելիպեայի կոկոնները։ Այսպիսով հեռավոր Անգլիայում ծաղկում է մեր Դիֆելիպեյան։ Պատկերացնում եմ բուսաբանական այգու աշխատողների ուրախությունը։
Ես էլ իհարկե ունեմ Եղբայրարյան աճեցման դրական փորձ։
Ես 2008 թվականին Ծաղկաձորի շրջակայքից իմ այգի բերեցի Մեղվամուշկի (Tanacetum sp.) բույսը արդեն թոռոմած Դիֆելիպեաներով։ Երկու տարի հետո չարժանանալով ծաղկմանը, ես բույսի մոտ ցանեցի Դիֆելիպեայի սերմերը։ Եվս երկու տարի Դիֆելիպեայից լուր չկար։ 2013 թվականին, ես սնող բույսը լավ խուզեցի, քանի որ շատ էր մեծացել։ Խուզելուց երկու շաբաթ անց նկատեցի Եղբայրարյան երեք կոկոնները։ Երկու կոկոնները չորացան, հավանաբար սնող բույսի խուզելուց, բայց մեկը վերջ ի վերջո ծաղկեց։ Ահա իմ երկար սպասված ուրախությունը։
Diphelypaea tourneforti, Tsaghkadzor, in culture, 2013.06.08
Մյուս տարի, 2014 թվականին բույսը արդեն տվեց երեք լիարժեք ծաղիկներ։
Diphelypaea tourneforti, Tsaghkadzor, in culture, 2014.06.04
Իմ դիտարկումները 2015 թվականին դադարեցվեցին, քանի որ գնացի ուրիշ երկիր ապրելու, բայց ինձ թվում է, որ Դիֆելիպեան իմ այգում դեռ աճում է և երկար կաճի։ :))
Վերջում մի քիչ օգտակար հղումներ.
Շատ լավ կայք նվիրված
Դիֆելիպեային իսպանական բուսաբանների կողմից։.
Եվս մեկ լավ կայք
Դիֆելիպեայի մասին Holger Uhlich-ի կողմից։
Դիֆելիպեա ցեղի էջը Պլանտարիումում։Այստեղ ներքևում կցում եմ գրականության ցանկը, որը ես հավաքել եմ տարիների ընթացքում։ Դիֆելիպեայով հետաքրքրվողներին անշուշտ պետք կգա։ Հոդվածները pdf ֆորմատով են, դասակարգված են ժամանակագրական կարգով։
- Phelypaea gen. nov. - Tournefort J. P. (1703) Corollarium institutionum rei herbariae
- Orobanche coccinea - Marschall von Bieberstein F. A. (1798) Tableau des Provinces situees sur la Cote occidentale de la Mer Caspienne entre les Fleuves Terek et Kour
- Phelipaea tournefortii sp. nov. - Desfontaines M. (1807) Suite des plantes du Corollaire de Tournefort. - Annales du Museum D'Histoire Naturelle, t. 10, 298-300
- Orobanche coccinea - Marschall von Bieberstein F. A. (1808) Flora taurico-caucasica, t. 2, p. 84
- Stapf O. (1915) The Genus Phelipaea. Bulletin of Miscellaneous Information (Royal Botanic Gardens, Kew) Vol. 1915, No. 6 (1915), pp. 285-295
- Orobanche coccinea - Marschall von Bieberstein F. A. (1819) Flora taurico-caucasica, t. 3, p. 418
- Anoplon coccineum - Koch C. (1849). Beltrage zu einer Flora des Orientes. - Linnaea, XXII, 6, p. 670.
- Anoplanthus coccineus - Boissier E. (1879). Flora Orientalis, v. 4, p. 494
- Աղբերաց արիւն - Ալիշան Ղ. (1899) Հայբուսակ
- Phelipaea foliata - Prain D. (ed.). (1915) Curtis's Botanical Magazine, ser., XI no. 126, tab. 8615
- Phelypea - Beck-Mannagetta G. (1930) Orobanchaceae. - Engler A. (ed.), Das Pflanzenreich. Regni vegetabilis conspectus. IV, 41-44
- Phelipea - Karyagin (ed.) (1957). Flora of Azerbajan, v. 7
- Phelypaea - Flora of USSR (1958), v. 23
- Phelypaea - Zolotnitckaya S. Ya. Medicinal Resources of Armenian flora, v.1, 1958, v.2, 1965
- Աղբրաց արյուն. Գաբիկյան Կ. (1968) Հայ բուսաշխարհ
- Phelypea - Takhtajian A. L., Fyodorov An. A. (1972) Flora of Yerevan
- Цатурян Т. Г. (1974) Объем и систематика рода Phelipaea Desf. В жур. Биологический Журнал Армении, XXVII, 12
- Nicolson D. H. (1975) Diphelypaea (Orobanchaceae), nom. nov. and Other Cauterizations on a Nomenclatural Hydra. - Taxon, Vol. 24, No. 56, 651-657
- Diphelypaea - Tsaturyan T. G., Grigoryan S. B. (1987). Flora Armenii (Flora of Armenia), v. 8