Բնության հուշարձան "Մռավ լեռնագագաթ"

Nov 29, 2013 21:25

Լեգենդներով պարուրված Մռավ լեռը հանդիսանում է Մռավի լեռնաշղթայի ամենաբարձր գագաթներից մեկը։ Հարկն է նշել, որ հենց ինքն է տվել ողջ լեռնաշղթայի անունը։ Ուրեմն ավելորդ չի լինի մի քանի տող գրել Մռավի լեռնաշղթայի մասին։
Մռավի լեռնաշղթան համարվում է Փոքր Կովկասի ամենաբարձր և ամենաերկար շղթաներից։ Շղթայի երկարությունը` 85 կիլոմետր է։ Շղթան սկսվում է Մեծ Հինալ հանգուցային գագաթով (3367 մ), որում խաչի ձևով հանդիպում են իրար հետ չորս լեռնաշղթաներ` Մռավի, Սևանի, Կաֆլանկալայի, և Արևելյան Սևանի։ Շղթայի վրա կա մոտ քսան գագաթ, որոնց բարձրությունը անցնում է 3000 մետրից։ Ամենաուշագրավ լեռնագագաթներն են` Մեծ Հինալը (3367 մ), Սպիտակասարը (Ագդագ, 3200 մ), Քյոռողլուդագը (3462 մ), Օմարը (3395 մ), շղթայի ամենաբարձր կետը` Գոմշասարը (3724 մ) և շղթայի վերջին երեքհազարանոցը` Մռավը (3340 մ) ։
Ներքևում Մռավի բացառիկ լուսանկարն է` արված Գոմշասարի գագաթից, 13 կիլոմետր հեռավորությունից։


Ըստ Մակար Բարխուդարյանցի (1895), լեռան վրա կան սրբավայր և քարանձավ։ Ահա թե ինչ է գրում հեղինակը (դասական ուղղագրությունը պահպանված է).
"Արցախեան նահանգի ամենաբարձր լեռներից մին է Մռաւ սարն, որ ընկած է Ծար, Ըռստակ, Ջրաբերդ, Կիւլստան և Գարդման գաւառների մէջ։ Արդէն գիտենք որ սարիս հարաւային կողմն ընկած են Ծար և Ըռստակ գաւառն, արևելեան կողմն` Ջրաբերդ, իսկ հիւսիսային կողմն ընկած են Կիւլստան և Գարդման գաւառներն։ Մռաւիս այս ամենաբարձր գագաթն, որ սահմանագլուխ է Ջրաբերդ և Կիւլստան գաւառների, բազմած է սարիս վերայ իբրև քարաժայռ և ցից բլուր։ Երկու դժուարատար, երկիւղալի և վտանգաւոր կածան կայ քարաբլրիս կատարն բարձրանալու համար, մին արևելքից` որ է Կիւլստանի մուտքն և միւսն արևմտեան կողմից` որ է Ջրաբերդի մուտքն։ Քարաբլրիս գագաթի մակերևոյթն մի մեծ կալաչափ հարթակ է, որի եզերքներովն շարուած են ահագին վէմ քարեր (Զարմանում է մարդ թէ ինչպէ՜ս բարձրացրած են այս լեռնանման մեծ մեծ քարերը այստեղ) ինչպէս պարիսպ, որպէս զի մարդ չընկնի գագթիցն, նոյնպէս և տեղ տեղ մուտքերի երկու կողմերում։ Ահա գագաթիս վերայ կայ մի սպիտակ, փոքր խաչքար, որի տակ աւանդաբար ասում են, թէ կայ նահատակի գերեզման, որ է ուխտատեղի։ Արևելեան մուտքի մօտ կայ մի թոնրաչափ սառցատուն, որի միջից անպակաս է ամրան եղանակներում ջուր և սառն։ Սրբավայր գագաթիս բարձ. է 11219 ոտք։"
Ցավոք սրտի ժամանակս չհերիքեց, որ բարձրանաի Մռավի գագաթին, և իմ աչքերով տեսնեի սրբավայրն ու սառցատուն-քարանձավը, այնպես, որ պետք է բավարավենք հարուրամյա վաղեմության փաստով :)
Ստորև լեռան մի հատ էլ նկար, բայց արդենառանց մոտեցման։ Հեռվում Մռավն է...




Արցախ, բնության հուշարձաններ, Հայաստանի լեռները, Հայաստանի բնություն

Previous post Next post
Up