Ծնունդդ շնորհավոր քավոր ջան

Nov 12, 2010 12:11

  Անցած կիրակի Միքաելյան Սասունի 53-րդ տարելիցն էր, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ իրան:
Մեծ ճառեր չեմ կարողանում ասեմ, դնում եմ Հայկական ժամանակից գողացած հոդվածը, որտեղ քաղաքական ենթատեքստը շատ է, բայց ոչինչ:)
Ծնունդդ շնորհավոր (2010-11-11)


Սիրելի քաջորդի, յուրաքանչյուր տարի Քո ծննդյան օրը յուրօրինակ արարողությամբ նշվել է Քո ծննդավայրում` Վանատուրում: Բազմաթիվ հրազդանցիներ, առանց հատուկ հրավերների, այդ օրը, մեծից փոքր, շտապել են շնորհավորել Քեզ, իրենց սրտի ցանկությունը հղել եւ սրտաբուխ ուրախացել: Ցավոք, արդեն երրորդ տարին է, որ ծնունդդ նշվում է Քո ֆիզիկական բացակայությամբ` շնորհիվ այս ապաշնորհ եւ անարդար «իշխանությունների»: Սակայն հավատացած եղիր, եղբա՛յր, որ այդ օրը Քեզ ճանաչողներից շատերի օջախներում բաժակ է բարձրանալու ծննդյանդ օրվա առիթով, եւ ամենաջերմ բարեմաղթանքներն են հնչելու: Ամենից առաջ` ազատություն Քեզ, սիրելի՛ եղբայր:
Մտովի հիշում ենք այն օրը, երբ մեծ շուքով նշվում էր ծննդյանդ 50 տարին, որին մասնակցում էին այսօրվա այս «իշխանության» առաջին դեմքերը, որոնք շռայլորեն մեծարում էին Քեզ, գովերգում Քո կատարած սխրանքները, իսկ իրենց կողմից բերված ամենամեծ նվերը զենքն էր, որը հետագայում, որպես մեղադրանք, օգտագործեցին Քո դեմ: Իսկ երբ ինքդ բաժակ վերցրիր` շնորհակալություն ասելու, ամենամեծ նվերը համարեցիր քո ժողովրդի գոյությունը ու ազատագրված հայրենի հողը:
Սասուն ջան, ախր որտեղի՞ց պիտի հասկանան այս «իշխանությունները», որ ժողովուրդը սիրում է Քեզ, քանզի իրենք չեն սիրում ժողովրդին: Սրանց համար կյանքի իմաստը միայն իրենց աթոռներն են, որոնցից այնպես ամուր են կառչել` մոռանալով ազնվության, խղճի ու մարդկային չափանիշների մասին: Համոզված ենք, այն պահից, երբ սրանք կկորցնեն իրենց աթոռները, նրանց ոչ միայն ծնունդների, այլեւ գոյության մասին կմոռանան նույնիսկ իրենց մերձավորները:
Ուրեմն, սիրելի Սասուն, Քո զնդանված ծննդյան տոնը մեր ժողովրդի համար հազարապատիկ անգամ ավելին արժե, քան սրանց ազատության մեջ գտնվող ու երերացող` ժողովրդի կողմից արհամարհվող աթոռներն ու կեղծ տիտղոսները: Իսկ ծննդյանդ 50-ամյակին Քեզ ձոնված երգի տողերը այսօր եւ ընդմիշտ արդիական են Քեզ համար, որպես իսկական հայորդու, որպես ազգասեր ու հայրենասեր մարդու, որպես արժանի զինվորի:
… 50 գարուն, 50 ամառ, 50 աշուն էլ անցնի
Պիտի երգենք, պիտի ասենք` օրհնվի ծնունդդ բարի:
Հենց այս երգի տողերի ներքո էլ հրազդանցիները սրտանց շնորհավորում են Քեզ, սիրելի Սասուն, ծննդյանդ 53-րդ տարելիցի կապակցությամբ, ցանկանում առողջություն, համբերություն եւ անհապաղ ու մոտալուտ վերադարձ:
Սիրով եւ հարգանքներով` հրազդանցիներ:

Սասուն Միքաելյան, անձնական

Previous post Next post
Up