8 պատահական փաստ իմ կյանքից

Feb 27, 2011 01:19

Պատահական փաստ 6

Ուրախությունն արագ վազք բռնեց երակներով, ու չգիտեմ ինչպես կամ ինչու մտաբերեցի թե ինչպես մի անգամ մանկապարտեզում մի քանի հոգով, կախված մաշված պատուհանագոգից, զրուցում էինք` արմունկներով հենված պատուհանագոգին, մաշված կոշիկներով ոտքներս հատակից փոքր ինչ պոկած, ու ես նայում էի ներքև, շատ մոտիկ գտնվող գետնին, ուր շագանակակարմրավուն տերևներ էին թափված` լայն ու մեծ, գեղեցիկ կտրվածքով, թիթեռի թևերի պես... Աշուն էր:

...
Մոտենում է մարտի 8-ը, Լիդիա Նիկոլաևնան ասում է. “Будем рисовать подарок для мамы”.  Յուրաքանչյուրին հասնում է մեկ թուղթ: Սեղաններին դրված են ջրաներկեր:
Ես նկարում եմ մայրիկիս: Վրձինը սև ներկով շրջագծում է գլուխը, փորձում եմ մնացած փոքր տարածքում կաթեցնել աչքեր: Ջրաներկը ջրիկ է, վրձինը` հաստ, ստացվում է լղոզված սև զանգված: Ձեռքերս դողում են: Սիրտս էլ: Շրջում եմ թուղթը: Նորից շրջանագիծ, ու պետք է սպասեմ, որ չորանա` մինչ աչքերը նկարելը: Սպասում եմ: Ջուրը ցնդում է մի քիչ, մնում է ներկը: Նկարում եմ աչքերը: Ոչինչ, երկու խոշոր բիծ մի կերպ տարբերվում են սև շրջանակի տիրույթում: Բայց ես չեմ կարող վրձնի ամեն հարվածից հետո սպասել չորանալուն: Գիտեմ, որ պիտի համբերել, ու փորձում եմ… Բայց: Մի քանի րոպեից միակ թղթիս հետևի կողմը ևս վեր է ածվում մուգ զանգվածի, որտեղ գույնները, խառնելով սևին, դարձել են միասնական գորշ: Լիդիա Նիկոլաևնան ասում է`  ով ինչքան նկարեց, բավական է, և սկսում է  հավաքել աշխատանքները: Ընկերուհիս` Ռուզաննան, զգուշորեն ավելացնելով վերջին շտրիխերն իր նկարի վրա, բողոքում է քթի տակ` մյուս անգամ ես արդեն գիտեմ, ուրիշ ձև եմ նկարելու… Ինքն էլ, ինչպես մյուսները, ուներ նույն խնդիրը. մի թերթ թուղթ, սովետական անորակ ջրաներկ ու կոպիտ վրձիններ: Բայց ես նախանձով եմ նայում նրա թղթին, որտեղ գույնները փոքրիշատե պահպանված են այնպես, որ առանձնանում են մայրիկը, ձեռքը բռնած աղջիկը, և անգամ մայրիկի կարմիր պայուսակը: Ոի ես էլ եմ նույնը քրթմնջում. “Ես մյուս անգամ…”

Մանկապարտեզի սրահում մարտի ութի առթիվ ցուցահանդես է: Մեր  նկարները կախված են պատերին, և ամեն նկարի հետևում Լիդիա Նիկոլաևնան գրիչով գրել է երեխայի անուն-ազգանունը: Հայրս զննում է նկարները, գտնում իմը և ցույց տալիս. “Էս քոնն ա?”  Ոչ` շարժում եմ գլուխս: Ես սովորաբար չեմ ստում, բայց այս անգամ չեմ էլ երկմտում: “Հաստատ քոնը չի?”: Հաստատ: Հայրս նկարը ձեռքին վերադառնում է դաստիարակչուհու մոտ, ու ինչ-որ խոսում են այնտեղ: Հետո նորից մոտենում է ինձ: Ես ճնշված եմ ու ամոթահար: Ուզում եմ նկարը չքանա: Մի տաբատ ունեի` կարմիր, գործած: Մամաս էր գործել: Հետևում փոքրիկ, նեղլիկ գրպան ուներ: Նկարը չորս տակ ծալում եմ  ու դնում գրպանս:

Տանը պահանջում են նվերս: Թուղթը չկա: Հայրս համոզված է, որ ես այն հատուկ գցել եմ ճանապարհին: Ես ժխտում եմ: Ինձ չեն հավատում:
Ես չէի գցել:

***
Եթե գարնան կողմ դու առաջիններից ես, որ սկսում ես գիտրի հագնել, դրանից էն կողմ հեղինակություն, վարկ չկա:
Մենք երեք ընկերուհի էինք. Ռուզաննան, ես ու Լիլիթը: Շոգերն արդեն ահագին ընկած էին լինում, իսկ Լիլիթը դեռ կալգոտկայով էր: Ու ամեն օր ես ու Ռուզաննան հարցնում էինք. " Էլի չես հագել?": Ու ամեն օր Լիլիթն ասում էր. "Մամաս ասեց` էգուց": Ու ամեն օր ես ու Ռուզաննան որոշում էինք ու հանդիսավոր տեղյակ պահում Լիլիթին. "Եթե  վաղն էլ չհագնես, քեզ հետ չենք խոսա":

***
Մի տղա կար` Գրիշա անունով: Նա լիդեր էր: Նա հեղինակություն էր: Նա նստում էր գետնին, մեկնվում էր ավելի ճիշտ` մեջքը պատին դեմ տված, ու մնացածը նստոտում էին շուրջն ու հետևում բերանին: Թեև նա հազվադեպ էր խոսում: Սովորաբար անտարբեր նայում էր: Այդպիսի դեմք ուներ: Երբ մի խաղ էինք կազմակերպում, ու մեկը մի բան էնպես չէր անում, բավական էր ասի "Գրիշան թողել ա", անմիջապես տիրում էր համատարած համաձայնություն ու խաղաղություն:

***
Մի տղա մի անգամ գունավոր ծամոն էր բերել: Հրաշք էր. փափուկ, վառ գույների գնդակներ: Մենք այդպիսի գույներ չէինք տեսել: "Ամերիկայից ա"` ասեց: Մենք խլրտում էինք շուրջն ու աղաչում` "Մի ծլանթ էլի, մի ծլանթ...": (Ծլանթ բառը Ռուզաննայի բառադարանից էր, ու ես հաջողությամբ յուրացրեցի հենց այդ պահին): Տղան ծամոնըձեռքին` բարձրացրել էր վերև, որ ոչ ոք հանկարծ մի ծլանթ չթռցնի, ու անսահման երևակայելով ժպտում էր` "կպաչես, կտամ": Ու աղջիկները սաստիկ ամաչելով, բայց և ոգևորված` քչփչում էին այդ խոսքերը նրանց համար, ովքեր չլսեցին կամ լավ չլսեցին կամ լսեցին, բայց կրկնելը ինտրիգ էր...
Ծամոնից մի ամբողջ գնդակ ստացավ միայն Գրիշան:

***
15 տարի անց:
Ես 20 տարեկան եմ: Ֆրանսիական դեսպանատունը մի պրոյեկտի շրջանակներում պոլիտեխի քչից-շատից ֆրանսերեն իմացողներին տեղավորել է Ծաղկաձորի հանգստյան տներից մեկում, մի քանի շաբաթով հանգստանալու: Առաջին երեկոն է. ոչ մեկ ոչ մեկի չի ճանաչում. տարբեր ֆակեր, տարբեր խմբեր, տարբեր տարիներ:  Մենք նստած ենք ֆոեյում, ու մի տղա` փոքրամարմին, մանրիկ դիմագծերով,  երգում ու նվագում է Վիսոցկի:  Երգելիս նրա ձայնը դառնում է  Վիսոցկի, դեմքը դառնում է Վիսոցկի, վզի փքված երակները դառնում են Վիսոցկի:
Բոլորն անշարժ հառված են նրան: Հանկարծ ուղեղիս մեջ կայծակնային հերթափոխով  փայլատակում են կադրեր. 4-5 տարեկան մի տղա` մի ուրիշ տղայի ակնոցները հագցրել է իր դնչին ու բերանը բացում-փակում է այնպես, որ կզակն այծիկի մռութի պես տարուբերվում է: Ակնոցների տերը ծիծաղում է ու խնդրում. "Վարդգես, մի հատ էլ էլի կազյոլ արա...":

"Քո անունը Վարդգես ա?" "Ահա...": "Դու մերգելյանի մանկապարտեզն ես գնացել?": "Ինչ իմացար?": Ապշած է: "Ես էլ եմ գնացել :)": "Անունդ ինչ ա?": "Աննա": "Հաա~...? Աննա...? Ես քեզ հիշեցի...":
Սկսում ենք հիշել մանկապարտեզը: Մեր հիշողություններից միայն երկուսն էին ընդհանուր. Լիդիա Նիկոլաևնան ու Գրիշան:

Իսկ որ ինձ չէր հիշում, բնական էր:
Հո սաղ իմ պես հիշողություն չունեն :P :)))

ֆլեշմոբ, հիշողություններ

Previous post Next post
Up