8 պատահական փաստ իմ կյանքից

Feb 14, 2011 16:29



Գիշեր է, կատարյալ խավար` 360 աստիճանով:


Ես գնում եմ չգիտեմ ուր, որ ուղղությամբ, ու որևէ բան, խավարից բացի, չի երևում: Ես կորցրել եմ ճանապարհս անծայրածիր ամայի չոլում, բնակավայրերից անհայտ հեռավորության վրա, իսկ մինչև լուսաբաց դեռ մի ամբողջ կյանք կա: Երբեմն կանչում եմ հորս, բայց քամին խլացնում է ձայնս այնպես, որ նույնիսկ ինձ լսելի չէ: Ես անվերջության մեջ եմ, որն այնքան անհույս է, որքան որ խավարն է բացարձակ անթափանց: Դրան գումարվում է տագնապը, որ կբախվեմ մի բանի կամ ցած կընկնեմ, եթե հանկարծ մոտեցած լինեմ ինչ-որ եզրի: Աղքատ բուսականությամբ ամայի դաշտը, երբ դեռ երեկո էր, կորցնում էր իր հորիզոնները մոտակա լեռների մշուշում: Աշուն էր:
Երբ աղջամուղջը նոր էր թանձրանում, որոշեցի զբոսնելով գնալ հորս հետևից: Մենք մնում էինք լեռան լանջին թեք  բազմած մեր հողամասում, ուր խմելու ջուր չկար, ու հայրս` բեռնված պլաստմասսե ջրամաններով, ոտքով գնում էր մինչև հեռավոր աղբյուրը` կտրելով տեղ-տեղ փուշ ու տատասկով ծածկված ամայի տարածությունը:
Ինձ թվում էր, թե կգտնեմ աղբյուրի ճամփեն, բայց մութը վրա հասավ ավելի շուտ, քան ես կհասցնեի կողմնորոշվել:
Ես վախ չունեմ` առհասարակ, ինձ ճնշում է միայն  հույսի բացակայությունը` անդունդին դեմ առ դեմ: Ու դեմս հիմա խավարի անդունդն էր, ուր հետևողականությունս` բնածին, մոտ չէր թողնում անպատասխանատու ապավինություն որևէ հրաշքի: Հետագայում ինձ պետք էր լինելու անցնել խավարի մի ողջ վակուում, որպեսզի գնահատեմ հրաշքները:
Բայց դա հետո էր: Իսկ հիմա, երբ ճեղքում էի մութը`անհայտ ուղղությամբ` չմտածելով ոչինչ` խավարը կուլ էր տվել բոլոր հնարավոր մտքերս, ականջներումս քամու գվվոց, ցուրտը` ոսկորներումս,  ...մշուշի մեջ երևաց հայրս:

Մենք հողամասի գետնահարկում ենք`տանը, ուր դեղին լույսի ջերմ գգվանքն է թևածում,  ու քամի չկա: Տատիկս` բնույթով զուսպ ու շիտակ, ժպտում է բարի ու սիրող` ո՞նց էիր կորել…
 Կարոտել եմ տատիկիս...

ֆլեշմոբ, հիշողություններ

Previous post Next post
Up