Dec 10, 2024 00:25
7 օգոստոսի 2022, կիրակի
Երեկ հոգնեցուցիչ օր էր: Առավոտից քննության էի։ Լեզվի առաջին պետական քննությունս էր, որ վերցնում էի․ չորս աշակերտ քննեցի, և երևի այդքան էլ կրկնագնահատեցի՝ լսելով ձայնագրությունները։ Հետո քայլելով գնացի Սենթրալ․ օրը տաք էր ու հաճելի, բայց Սիդնեյի կենտրոնը (համոզվում եմ ամեն անգամ) որևէ ուշագրավ կամ ձգող հատկություն չունի ինձ համար։ Չեմ սիրում, նախ, ճարտարապետությունը, որն ասես արվել է առանց ճաշակի մասնակցության (չխառնել վատ ճաշակի հետ)։ Մի քանի գնացք, հետո ավտոբուս փոխելով, երեկոյան կողմ հասա Լեյն Քով, փողոցում գնալ-գալով, երկար հեռախոսեցի լեզուների քոլեջի ռուս գործընկերուհուս՝ Մարինայի հետ, ապա մտա Լոնգվիլի սկզբում գտնվող թայլանդական ռեստորանը, որի մենեջերը միշտ նույն սրտաբաց, հսկա թայլանդացին է՝ չմարող էնտուզիազմով, հետո եկան ընկերներս, ճաշեցինք, ԱԿ-ն պատմում էր Հայաստանից, Ավստրիայից։ Մեղմացել էր, որ հաճելի էր։ Հոգնած էի, քնեցի խորը և երկար, առավոտյան, երբ վեր կացա, արդեն կեսօրն անց էր։ Տունը կարգի բերել, նախաճաշ, Մերիին տարանք անգլերենի պետական քննության մասնավոր պարապմունքի առաջին դասին։ Լորենի տունը Սիդնեյի հին, հեղինակավոր թաղամասերից մեկում էր։ Տունն էլ հին էր, նրանցից, որ ոգի ունեն։ Բակում՝ փարթամ արմավենիներ։ Մի տասնհինգ րոպե շուտ էինք եկել, զբոսնեցինք արևից ջերմացող արվարձանում։ Լորենը դիմավորեց մեզ դրսում և ներս հրավիրեց․ նիհար, ավելի ճիշտ՝ բարեկազմ, մի տեսակ անփույթ, թեև գեղեցիկ կին էր, յոթանասունն անց, հավանաբար։ Նոսր, մուգ սև ներկած մազերը, որ հավաքել էր, մի վառ կարմիր փունջ ուներ, համագույն իր ճոճվող ականջօղերին։ Խորաթափանց, մտածող, իմաստալից դեմք ուներ Լորենը, կանոնավոր, անվիճելի գեղեցիկ դիմագծերով՝ չնայած տարիքին։ Սենյակը թափռտած էր՝ ստեղծագործ բնույթներին հատուկ․ ամենուր գրքեր, ամսագրեր, գրքեր․․․ Հետաքրքրասեր հարցեր տվեց Մերիին, որոնց պատասխաններից որոշները գրանցում էր իր մոտ․ ո՞ր ժամին ես սիրում աշխատել, երաժշտական գործիք նվագու՞մ ես, բոյֆրենդ ունես։ Մերին, որն առհասարակ չի ստում, ասաց, որ ունի։ Ես ու ամուսինս թեթև ցնցվեցինք՝ տեղեկանալով այդ մասին առաջին անգամ (Բ-ի մասին գիտեինք որպես ուղղակի ընկեր, մեկը իր ընկերական խմբից)։ Լորենն ասաց, որ բոյֆրենդը խնդիր է միայն նրանով, որ եթե աղջկաս սիրտը կոտրվի, ազդելու է պարապելու որակի վրա։ Լորենն ինձ դուր եկավ։ Իմանալով, որ Հունաստան ենք ճամփորդելու մի քանի շաբաթից, ասաց, որ ինքն էլ է ծրագրում, բայց մյուս տարվա համար, թեև եղել է բազմիցս, բայց այն ժամանակ Ակրոպոլիսի նոր թանգարանը դեռ չէր բացվել, ինչը տեսնելն իր երազանքն է։ Հետո աղջկաս հետ Օթելլո քննարկեց մի-փոքր, որը դպրոցում իրենց ընթացիկ դասն է հիմա։ Աղոթե՞լ ես գիշերը, Դեզդեմոնա, - բացատրում էր Լորենը, - Օթելլոն հոգ է տանում Դեզդեմոնայի հոգու համար։ Եվ Օթելլոն վերջում չի զղջում։ Ինչևէ, Օթելլոն ինձ համար հակա-ողբերգական հերոս է, փույթով, ասես արգելված բան է ասում, վրա բերեց Լորենը՝ եզրափակելով։ Լորենը ուղիղ է և հստակ։ Ինձ դուր եկավ Լորենը։ Ես էլ կուզեի իր մոտ սովորել։ Մերին նույնպես հավանել էր։
m,
առօրյա,
mydays