(no subject)

Jul 08, 2024 16:16

Անգործությունը իմ համար մեկ թշնամին է։
Մութուցուրտ հայաստանից ի վեր այն ինձ չի սպառնացել կամ սպառնում, հուսով եմ՝ երբևէ չի էլ սպառնա, կամ կգտնեմ միջոցներ մոտ չթողնելու, բայց անգամ բերնեբերան լի զբաղվածությանս մեջ ինձ ստեղծագործական լիցքեր են անհրաժեշտ։ Բայց ստեղծագործական լիցքն էլ անհատական է, և ինքդ քեզ ճանաչելու գործընթացում կարևոր է հայտնաբերել, թե ինչ տեսակ ստեղծագործականության մեջ ես այդ լիցքերը ստանում։

Ներկայիս իմ աշխատանքային կյանքում ահագին ստեղծագործականություն կա, որը սիրում եմ և հաճույքով լող եմ տալիս մակերևույթին։ Բայց ամեն մարդու համար ստեղծագործականության մի տեսակ կա, որի մեջ սուզվել ես ուզում, մինչև խորքերը, իսկ նման ստեղծագործականությունը, ցավոք, դեռ առանձնապես տեղ չունի իմ ներկայիս աշխատանքներից ոչ մեկում։ Վերջրես մտածել եմ սկսել, որ՝ պետք է, նունիսկ՝ պարտավոր եմ։

Գրելու ստեղծագործականության մասին է խոսքը։ Իսկ սա հենց այնպես օդից չի ընկնում, որ դնես ու անես։ Այն զարգացում կուզի, մասնագիտացում, ինչը ընթացք է առնում կանոնավոր, քրտնաջան աշխատանքից։ Կանոնավոր գրելու միջով ես բացելու (unfold), հղկելու հմտություններ: Ուրիշ ճանապարհ չկա։

Որոշել եմ ընթացք տալ, քարը շարժել տեղից։ Հուսամ, որ մի բան կստացվի։
Բայց գրելու նյութ դեռ ոչինչ չունեմ հասունացած, և համարձակություն (համբերությու՞ն) էլ չունեմ՝ թույլ տալու, որ հասունանա։ Մնում է գրել օրերիս մասին, ինչը մի առաջնային օգտակարություն էլ ունի՝ փրկել դրանք մոռացությունից։ Հատկապես հիշողությանս կորուստների դեպքում։

Մի անձնական օրագիր ունեմ, միայն ինձ հասանելի, google doc-ում, ուր օրերս գրանցում եմ երբեմն։ Սովորաբար ոչ հաճախ, լինում է՝ մի քանի ամիսը մեկ, լինում է՝ ամիսը մի քանի անգամ։ Ստիպում եմ ինձ գրել, բայց հիմնականում օրվա վերջում հոգնածությունը, իսկ օրվա կեսերին էլ՝ ազատ ժամանակի քչությունը կամ հավեսի բացակայությունը խանգարում են։ Եվ հետո, գրելու պահին հետաքրքիր չէ գրելը․ ձանձրալի է հաշվետվություն գրել օրվա մասին։
Գրելուս մոտիվացիաս բարձրացնելու համար, վերջերս որոշեցի հնարել օրս գրանցելու մի այսպիսի ձևաչափ․ երկու հակիրճ բաժիններ՝ օրվա լավագույն պահը, և հակառակը։ Հետաքրքրական էր, որ "հակառակը" բնորոշելիս, կախված թե ինչ պիտի գրեի, դասակարգումը տարբեր էր ստացվում՝ օրվա զղջումը, օրվա հիասթափությունը, օրվա տհաճությունը, և այլն։ Իսկ լավագույնը միշտ մի բնորոշում էր ունենում՝ "լավագույն"։ Հիշեցի Տոլստոյին․ Все счастливые семьи похожи друг на друга, каждая несчастливая семья несчастлива по-своему. Կարելի է վերաձևակերպել․ երջանկությունը մի տեսակ է, ապերջանկությունները՝ տարբեր։

Որպես սկիզբ, սկսեմ ժամանակ առ ժամանակ տեղադրել որոշ օրեր անձնական օրագրիցս։ Մարդկանց անունները երբեմն պետք կլինի փոխել կամ թողնել միայն սկզբնաառերը։ Կաշխատեմ անկեղծ լինել։

blog

Previous post
Up