Oct 12, 2021 00:32
Լռության թերապիան նրա մեջ չէ, երբ սսկվում ես դատարկության մեջ, այլ զրույցներդ ինքդ քո մեջ են, որոնք չբարձրաձայնելով՝ չես վտանգում ոչինչ։
Ընդհանրապես, խոսքը բավական արյունոտ գործիք է, որ կտրում է աջ ու ձախ, ընթացքում էլ ձեռքերդ ես արյունոտում։
Ընդհանրապես, սպասելը նույնպես լռության թերապիայի մաս է։
Այս քանի օրը մի սերիալ էի նայում (առաջին սերիալս էր, կարելի է ասել), կոչվում է Stranger Things, այնտեղ upside down աշխարհի գաղափարն էր, որն իբրև կա մեր իրական, ընթացիկ աշխարհին զուգահեռ, նույն արտաքին սեթապով, բայց հայելային շրջված, և կյանքն այնտեղ ուրիշ ոգիների է պատկանում, և մթնոլորտն էլ տարբեր է՝ ավելի մռայլ, դժնդակ ու հրեշներով ղեկավարվող։ Հրեշների գաղափարը եթե հանենք ու փոխենք մթնոլորտի դժնդակությունը, ապա լռության թերապիայի դեպքում գուցե մենք տեղափոխվում ու ավելի երկար մեր սեփական upside down աշխարհում ենք ապրում, քան ընթացիկ՝ մարդկանց աշխարհում, որն աղմկոտ է ու զբաղ, ինչպես որ կզգայիր տարբերությունը օվկիանոսի խորքերից դեպի վեր՝ գլուխդ ջրի մակերևույթ բարձրացնելիս։
Ֆիլմն, ի դեպ, դիտեցի մեծ հետաքրքրությամբ։ Հազվադեպ եմ ես այդպես կլանվում ֆիլմի մեջ, եթե՝ երբևէ։ Մտածում էի՝ իսկ ինչքան է՛լ ավելի հետաքրքրությամբ կդիտեի թինեյջերական տարիքում (կարծեմ, դեռահաս լսարանի համար էր այդ ֆիլմը գլխավորապես), մինչդեռ թինեյջերական պահերն արդեն ձանձրալի են ընկալվում, իսկ հետաքրքիր է ընկալվում դեպքերի զարգացումը, որը ֆիլմը վարպետորեն էր իրագործել, գումարած՝ դինամիկան, որոնք ստիպում էին մինչև գիշերվա երեքը նայել էպիզոդը էպիզոդի հետևից՝ "էս մեկն էլ ու վերջ" ինքնախաբեությամբ։
Ինչ քովիդ-դրականի պատճառով բանտարկված ենք տանը, մի ուրիշ սերիալ էլ եմ սկսել նայել, բայց այս մեկը՝ մենակ չէ ու գիշերային լռության մեջ չէ։ Տղայիս հորդորանքով + նրա ու ամուսնուս ընկերակցությամբ նայում ենք The Sopranos ավելի քան քսան տարի վաղեմության սերիալը Նյու Ջըրզիում իտալական մաֆիայի մասին։ Տղաս սիրում է այդպիսի ֆիլմեր (ինտելեկտուալ մաֆիա), ամուսինս՝ նույնպես։ Ես ընկերակցում եմ։ Մեծ մասամբ նրա համար, որ ինձ դուր է գալիս ընկերակցելը նրանց հետաքրքրությանը, բայց այնպես էլ չի, որ ոչինչ չի հետաքրքրում․ գտնում եմ ինձ համար ուշագրավ մասեր, օրինակ՝ մաֆիայի ղեկավարի թուլությունը հոգեբան տեսնելու, և զրույցները հոգեբանի հետ, նաև՝ իտալացի մաֆիոզների ընտանեկան հարաբերությունները։
Իսկ այնպես, օրս անցնում է զբաղ, որովհետև բոլոր գործերն այսօր էկրանի մեջ են կամ էկրանի միջով, իսկ դա մեծացնում է ծավալն ու հոսքը։
Կարծում էի՝ կձանձրանամ երկու շաբաթ տանը, իրականում չեմ զգում, թե ինչպես են անցնում ժամերը, և օրը հազիվ բացված՝ վրա է հասնում գիշերը։
Բայց անգամ գիշերը չկա կորուստ կամ վատնում՝ ձանձրույթի տեսքով, քանի որ երազներս էլ մի ուրիշ upside down տարածության մեջ են, ուր ապրում եմ ոչ պակաս (իսկ գուցեև ավելի) լիարժեք։
առօրյա,
ֆիլմեր,
խորհուրդներ