Jul 02, 2021 01:31
Այսօր ճանապարհին ռադիոն տեղեկացնում էր եղանակի մասին՝ այսինչ տեղում ամպամած է սպասվում, այնինչ տեղում կվայելեք արև, երրորդում՝ կշարունակի անձրևել․․․ Մտածել սկսեցի․ արդեն ժամը տասն է, ես նոր գնում եմ աշխատանքի, որովհետև ուշ եմ արթնացել, որովհետև հոգնած էի, քնել էի խորը, ու քանի որ ուշ եմ գնում աշխատանքի, ուշ էլ ավարտելու եմ՝ համապատասխանաբար տեղաշարժելով ժամերս, բայց նույնիսկ եթե ուշ չարթնանայի, ու ժամանակին լինեի ճանապարհին, ու նորից լսեի օրվա եղանակի տեսությունը, մի՞թե օրը նույն զգացողությամբ կարճ չէր թվալու, ու եղանակի տեսությունն էլ՝ ավելորդ անիմաստություն այդ կարճության մեջ, քանզի աչքդ թարթես` օրն ավարտվեց, որի ոչ սկիզբն ես զգում, ոչ ընթացքը, ոչ էլ ավարտը - ամենը մի անբռնելի ակնթարթ, այդ ակնթարթի մեջ էլ ի՞նչ տեսլականով են հաղորդում եղանակը, որ ի՞նչ անես, ի՞նչ միջակայքում փռես այդ եղանակի տեսությունը օրվադ տևողության վրա, ինչ պլաններ (հա-հա) նախաձեռնես ու գծես դրա շուրջ։ Ու շարունակեցի մտածել․ բայց կյանքը հենց այսպիսի ակնթարթ-օրերի բազմություն չէ՞․ օրը լուսացավ, հաղորդվեց ինչ եղանակ է սպասվում, օրն անէացավ մի ակնթարթում՝ դուրս թողնելով եղանակի տեսության իմաստը, իմաստը, իմաստը, չեմ հասցնում ես հենց իմաստի հետևից, ու սկսեց ինձ թվալ, որ անմարմին, եթերային օրվանս պետք է նյութ ու մարմին տալ հենց իմաստներ ներարկելով, կենսական, եռացող արյունով իմաստներ, յուրաքանչյուր օրս, ամեն մի հատիկ օրս լցնել մի դարակազմիկ իմաստով ու ապրել երկար ու անվերջ, քանզի օրերս այդպես կերկարեն, զգացողություններս կհագենան, և եղանակի տեսությունները կդառնան մի երկար օր նախագծելու կարևոր նախապայման՝ իրենց գործուն դերով։ Ու շարունակեցի մտածել․ այդպիսի եռուն, ավյունաշատ օրվա համար առօրյայի բազմազանություն է պետք երևի, այ եթե գործս այնպիսին լիներ, որ օրվա կտրվածքով մի տեղից վազեի մյուսը, հետո՝ երրորդը, հետո՝ չորրորդը, ընթացքում՝ ինչ-որ իրադարձություններ, հանդիպումներ, այցեր, նայելիքներ, սովորելիքներ, անելիքներ․․․ Եվ այդպես, օրդ՝ այնպես բազմազան, որ մայրամուտին լուսաբացի մասին հիշողությունդ կթվա հեռու-եսիմերբ, այ այդքա՛ն երկար օր, ու ապրվելիք կյանքդ էլ՝ համապատասխանաբար։ Հետո, շարունակելով մտածել, մտքիս մեջ չափչփեցի այն, ինչ ունեմ՝ իմ համեստ օրվա ընթացակարգը, ու մտածեցի՝ թերևս այդ կտրվածքին էլ կարելի է ներարկել ինչ-որ իմաստներ՝ ստեղծագործաբար, և այսուհետ արժեվորել օրվա ամեն մի պահը՝ բառացիորեն, ապրելով այն լիարժեք, ներարկված իմաստների արթուն գիտակցմամբ։
Այսօրն անցավ համարյա ինչպես միշտ, դե լավ, բայց ես շարունակում եմ մտածել։
առօրյա,
կարևոր,
խորհուրդներ