Տարեդարձ

Feb 07, 2020 00:37

Շաբաթ օրը ընկերուհիներս տարեդարձս էին կազմակերպել, ծովափին։
Անակնկալ պիտի լիներ ինձ համար։
Բիլգոլա կոչվող գողտրիկ մի ծովածոցի ափին, ավազների մեջ ստվարաթղթե տուփեր էին շարել երկարությամբ՝ ուղիղ գծով, որ ծածկել էին նուրբ-ավազագույն սփռոցով, շուրջը՝ բարձեր տաք-ավազագույն, վրան՝ մուգ փայտե սպասք, խեցեգույն մոմեր (մարտկոցով վառվող), և սոճու մի քանի չորացած ճյուղեր լրացնում էին "սեղանի" անպաճույճ ձևավորումը։
Այդ ամենն ամփոփել էին ավազի մեջ խրած չորս փայտե ձողերի միջև, որոնք շուրջպար էին բռնել՝ քամուց շխկշխկացող քաթանե ծոպերի ու կախազարդերի պարաններից բռնված, մեկումեջ՝ փշաձուկ-լամպիկներ՝ օրորվող մայրամուտի լույսերով։
Մեր փոքրիկ օազիսն, անշուշտ, գրավում էր ափի բարեբախտաբար ոչ այնքան բազմամարդ այցելուների ուշադրությունը․ երբ անցնում էին կողքով, կանգ էին առնում՝ բարի ժպիտով։ Մտքովս անցավ, որ այսօր մի քանի մարդ մի քանի վայրկյան դրական մի բան ապրեց ակամա։
Չնայած քառասուն աստիճան շոգին, Բիլգոլայի ջրերը սառցե-սառն են։ Սկզբում մտանք ափամերձ բացօթյա լողավազանը՝ ծովային ջրով լցված, որը տաք էր և անհաճո դեղնադարչնագույն, և հետո նոր միայն նետվեցինք սառն ու մաքուր օվկիանոսը՝ խողովակաձև ծառս լինող և կատաղի շրմփացող ալիքներին ընդառաջ։
Օրվա վերջում, երբ մութն արդեն թանձրացել էր ոսկուն տվող ավազի և սևին տվող ջրերի վրա, ուր սպիտակին էին տալիս ալիքների փրփուրները տեղ-տեղ, մեր տաղավարը միակ լուսավորված կետն էր ամայի ծովափին, և մենք, նստոտած մոմերի շուրջ, լսում էինք մեր ընկերուհուն, որի երգը ծորում էր նուրբ և կլանվում ծովափնյա քամու բվվոցում։

Գիշեր էր, լուսին, երբ սկսեցինք հավաքվել՝ ճանապարհ ընկնելու։ Ոտքերով ակոսելով ախորժելի տաք, սորուն ավազը՝ ես քայլեցի դեպի ջուրը․ ուզում էի զգալ, թե ինչպես է շնչում քնած օվկիանոսը։ Պարզվեց՝ երկու հոգի էլ կային ջրի մոտ, որ դանդաղաքայլ առաջանում էին դեպի խորքը՝ լուսնի լույսով լուսավորված։ Նրանք մորեմերկ էին, տղամարդ և կին։ Ավազների վրա նկատեցի նրանց հագուստը։ Ետ դարձա, որ չխախտեմ անձնականությունը, իսկ երբ քարշ էինք տալիս ծանր պայուսակներն ու տուփերը, զույգը, հագնված, նույնպես լքում էր ափը։ Տղամարդն առաջարկեց իր օգնությունը։ Չառաջարկեց, պարզապես ձեռքը գցեց պայուսակի բռնակին ու տարավ։ Իսկ հետո երկուսով նստեցին մեքենան ու հեռացան։ Ու ես մտածեցի՝ խենթությու՞ն է արդյոք հատուկ քշել-հասնելը օվկիանոս, որ գիշերը լուսնի լույսի տակ մի տասը րոպե մորեմերկ լողաս սիրածդ մարդու հետ, դանակի պես կտրող սառնությամբ ջրերում։ Չկարողացա տեղավորել խենթության մեջ։ Ըստ իս, նորմալ է, բնական ու առողջ, պարզապես՝ ռոմանտիկ։

առօրյա, առողջ, մարդիկ, happiness

Previous post Next post
Up