Այս գիրքը մենք տանն ունենք, Երևանում։ Երեխա ժամանակ կարդացել էի առաջինը էջը, և քանի որ Ազնավուրի մասին մեծ հաշվով միայն անունը գիտեի, կենսագրականը չէր կարող հետաքրքրել․ գիրքը դրել էի մի կողմ։
Վերջերս հասկանալի առիթով հիշեցի այդ գիրքը, ուզեցի կարդալ՝ բնականաբար, տվյալ պահին անհույս՝ իհարկե, բայց մեկ էլ հանկարծ հոսքիս անծանոթ բլոգերներից մեկը՝ Արմինե Հակոբյան, դնում է գրքի տպագրական պատճենի
հղումը, որի համար շնորհակալ եմ։
Կարդացի հապճեպ․ հետաքրքիր էր շատ, ժամանակս էլ չէր ներում, ուզում էի շուտ ավարտել։
Կոնկրետ այս գիրքը թարգմանությամբ գնահատելը չգիտեմ որքանով է ճիշտ (նաև՝ թարգմանության որակի վրա վստահ չեմ), բայց Ազնավուրին արձակագիր դժվարանում եմ համարել՝ ճիշտն ասած, ու պետք էլ չէ․ սա ինքնակենսագրական է՝ գրված բավական անկեղծ, որոշակիորեն բաց՝ կոռեկտությունը պահպանելով, և նրբորեն զգացվում է իր երգերին հարիր որոշակի պոետիկ թրթիռները տեղ-տեղ։
Ասել, որ "Ազնավուրը Ազնավուրի մասին" գիրքը տալիս է հեղինակի մինչ 70-ականների սկիզբն ընկած կյանքի պատմությունը խորությամբ ու համակողմանիորեն (որքան հասկանում եմ՝ այդ ժամանակ է գրվել գիրքը), ցավոք՝ այդպես չէ։ Այստեղ ավելի շուտ ինչ-որ ընդհանուր պատկերից պոկոտված , ընտրովի պատառիկներ են՝ մի ուշագրավ հանգամանքով․ դրանք կարծես ամենախորն են դրոշմվել հեղինակի հիշողության մեջ և իր կյանքի հանդեպ սեփական հայացքում, քանի որ մինչև վերջերս էլ իր հարցազրույցներում հենց այդ պատառիկներին է նորից ու նորից անդրադառնում արտիստը՝ տարբեր հարցերի պատասխանելիս։ Թեև այսպիսի մի տարբերակ էլ կարող է լինել․ երբ ինչ-որ մի ժամանակ ինչ-որ մի ձևով ես ներկայացնում կյանքդ, դրանից հետո շարունակում /կամ սկսում/ ես այդպես էլ տեսնել այն, իսկ ինքդ քեզ կրկնելու դեպքում է՛լ ավելի են արմատանում այդ պատկերացումներդ որպես [միակ] ճշմարտություն։
Այդ ամենով հանդերձ, գիրքը կարդացվեց մեծ հետաքրքրությամբ։
Հետաքրքիր էր ծանոթանալ՝ թե ինչպես է Ազնավուրը տեսել իր սեփական կյանքը, ուրիշներին՝ առանձին վերցրած, և ուրիշներին իր սեփական կյանքում։
Գիրքն ընդհանուր առմամբ /կամ մեծ մասամբ/ դեպի համընդհանուր ճանաչում ու փառքն ընկած հեղինակի ճանապարհի մասին է ավելի շատ, քան նրա վերաբերմունքի մասին առ կյանք առհասարակ, և նույնիսկ եթե այդ վերաբերմունքն էլ կար տեղ-տեղ, ապա նորից այդ ճանապարհի սահմաններում։
Ինձ թվում է՝ այս գիրքը պետք է կարդալ Ազնավուրի երգերը ֆոնում լսելով։ Ինձ թվում է՝ այդպես այն չի թվա չոր ու դիսկրետ, կերպարները կսկսեն շնչել, ու ոչ-ազնավուրյան արձակից դուրս կպրծնի ազնավուրյան պոեզիան, որն էլ հենց մեծ արվեստագետի գրչի առարկան է։