Օրվա անդրադարձ. 9 փետրվարի 2018, ուրբաթ

Feb 10, 2018 02:42

Ուշ եմ քնում։ Ափսոսում եմ ժամանակը։ Արդեն այնպես է, որ եթե նստեմ, այդպես էլ չեմ զգա քնելու ցանկություն, մինչև որ ահագին հետո կհասնեմ սահմանին, ու մեկ էլ կտրուկ քունը վրա կհասնի՝ ուշաթափվելու աստիճան։ Սովորաբար գիշերվա երկուսից հետո եմ մտնում անկողին։ Միանգամից քնել չի ստացվում։ Գիրք եմ կարդում մի քիչ, և մաքսիմում երկու էջ հետո արթմնի վիճակս հանձնվում է,  ու հազիվ կարողանում եմ անջատել լուսամփոփը․․․
Արթնանում եմ ուշ։ Ես միշտ էլ գիշերային եմ եղել, բվեճ։ Առավոտյան քունն ինձ համար ամենաքաղցրն է, ամենակազդուրիչը։ Իսկ հիմա, որ այդքան ուշացնում եմ քնելը, առավոտյան արթնանալը պարզապես անհնար է լինում․ սպանված-քնած, նույնիսկ եթե փորձում են արթնացնել։ Արդյուքնում համարյա բաց եմ թողնում երեխաների դպրոց գնալը։ Ամուսինս է ճանապարհում, մինչ ես անգիտակից քնած եմ։ Կուզենայի ես ճանապարհել։ Տղաս տասներկուերորդում է, երբեմն քնիս միջից լսում եմ միայն, թե ինչպես է շրխկում դուռը, երբ նա դուրս է գալիս։ Աղջիկս սկսել է ավագ դպրոցը, նոր դպրոց է, որը բավական հեռու է․ երկու ավտոբուս է փոխում, մոտ մի ժամ է տևում տեղ հասնելը։ Առավոտյան պատրաստվում է խնամքով՝ համազգեստը, մազերը, լանչ-տուփը, պայուսակն ու իրերը։ Համազգեստն ու այդ բոլոր պարագաները կոկիկ ու գեղեցիկ են նստում, թարմություն կա այդ ամենում՝ նոր, թարմ սկիզբ։ Ափսոս միայն, որ ես քնած եմ մնում այդ ամենին լիարժեք հաղորդակից լինելու  փոխարեն։
Արթնանում եմ առավոտյան իննի մոտ կամ քիչ հետո, երբ քիչ թե շատ ի վիճակի եմ լինում ուշքի գալ։ Երբ դուրս եմ գալիս աշխատանքի արդեն տասի մոտ է լինում։ Արդյունքում ուշ էլ լքում եմ աշխատատեղը։
Առավոտյան իննից տասը սիրածս երկու ժամանակներից մեկն է օրվա։ Առաջինը երեկոյան իննի մոտն է, երբ օրը խաղաղ   նստում է թեյ խմելու՝ ավարտած լինելով գործերը։ Վաղ առավոտները, ճիշտն ասած, չեմ սիրում․ միայնակության շունչ ունեն դրանք։ Բայց այ առավոտյան իննից տասը նոր ծնված, արդեն ոտքի ելած օրվա թարմությունն է, առջևում ՝ իր մի ամբողջ կյանքը։
Օրս չգիտեմ ինչպես է անցնում։ Պարզապես անցնում է։ Պարզապես չքանում վայրկենապես։ Աշխատանքային օրերը բոլորը միատեսակ են․ կարծես ոչինչ չի կատարվում, պարզապես թերթվում է օրացույցը, և միշտ ուրբաթ է։ Շաբաթ-կիրակիներն անցնում են տարբեր։ Դրանք թվում են երկար, որովհետև բազմազանություն ունեն, թեև հանգստավետ չեն․ վազվզոց է մի գլուխ՝ նույնիսկ հանգստանալու ընդունված մոտիվներով։ Այնպես, որ ուրախանում եմ, երբ սկսվում է երկուշաբթին։

Հ․Գ․ Շուտ քնել է պետք, և ինչ-որ բան հաստատ կփոխվի։ 

need some sleep, ցուցակներ, առօրյա

Previous post Next post
Up