Ուսուցչուհին․ Մաս 1

Jan 25, 2018 22:00

Ընդհանրապես, ես նախատեսում եմ մի օր գնալ անցյալ և այնտեղից պատմել, թե ինչն ինչպես էր։

Այդ ժամանակաշրջանի մասին մի գնահատական ունեմ հիմա․ ժամանակն այն ժամանակ չէր փախչում։ Պահը ստատիկ վիճակում էր, շաբաթները գլորվում էին դանդաղ, դպրոցական օրագրի անորակ տպագրության մազմզոտ էջերի սեգմենտներով, որտեղ ինձ համար ամենահաճելի ջերմային գույնն ուներ ուրբաթը, չգիտեմ ինչու։

Առաջ ընկնելով, մինչև այդ "մի օր"-ը կգա, ուզում եմ պատմել ռուսաց լեզվի ուսուցչուհուս՝ Սվետլանա Իսաբեկովնայի մասին, քանի որ տարվա ամփոփմանս 2-րդ մասում Սվետլանա Իսաբեկովնայի մասին հիշատակում եղավ, իսկ ես այսպես թե այնպես որոշել էի երբևէ պատմել նրա մասին։

Սովետական շրջանի հայկական դպրոցների միջին դասարաններում, ընդհուպ մինչև դպրոցն ավարտելը, ռուսաց լեզու առարկայի համար դասարանը կիսվում էր։ Այդպես էր նաև օտար լեզու առարկայի համար։ Երևի համարվում էր, որ դրանց ուսանումը, որպես ոչ մայրենի լեզուներ, համեմատաբար բարդ է և ավելի շատ կենտրոնացում է պահանջում, ինչն աշակերտների փոքր խմբի հետ ավելի արդյունավետ է լինում իրագործել։
Չգիտես ինչու, դասարանի մի կեսին, որպես կանոն, բաժին էր ընկնում "լավ" ուսուցչուհի, մյուսին՝ "վատ"։ Լավն էր համարվում այն ուսուցչուհին, որը խիստ չէր, առարկային ու դասավանդմանը նայում էր մատների արանքով, դասաժամն անց էր կացնում հիմնականում զրույցներով և աշակերտներից համարյա ոչինչ չէր պահանջում՝ ամենքին դնելով բարձր գնահատականներ․ մի խոսքով սովորելն այդպիսի դասարանում խաղուպար էր։ "Վատ" ուսուցչուհու մոտ ստիպված էիր լինում վախենալ, աշխատել, տքնել, լինել պատասխանատու, որովհետև նա խիստ էր ու պահանջկոտ, գնահատականների հարցում՝ ժլատ, դրանք վաստակել էր պետք քրտինքով, ինչպես նաև քրտինք մտնել էր պետք տանը՝ բարդ ու ծավալուն տնայիններն անելիս, և ստուգողականներին՝ շարադրություններն անգիր գրելիս, անգամ մեկ հատիկ սխալ անելու ոչ-իավունքով․ ներում-զիջում չկար։
Եթե ֆրանսերենի դեպքում բախտս "բերել էր" և ես ընկել էի "լավ" ուսուցչուհու՝ ընկեր Թադևոսյանի մոտ, որը միջին տարիքը նոր թևակոխող բարեկիրթ մի տիկին էր՝ ազնվազարմ ֆրանսուհու արտաքինով, և ավելի շատ սիրում էր պատմել Ֆրանսիայից, քան սովորեցնել ֆրանսերեն, ապա ռուսերենի հարցում ես հայտնվեցի ոչ ավել, ոչ պակաս՝ Սվետլանա Իսաբեկովնայի մոտ։

Սվետլանա Իսաբեկովնան դպրոցի վետերաններից էր։ Կարճ կտրած, խարտյաշ գանգուրներով, բաց երկնագույն, ապակու պես վճիտ աչքերով, ճերմակամորթ-վարդագույն շողարձակող, հարթ դեմքով, մարմնի որոշ մասերում որոշակիորեն կլորիկ, կարճահասակ կին էր՝ իր վաղ հիսունում, ճիշտ-կարմիր գույնի շրթներկով և նույնպիսի կոշիկներով։ Դրան գումարվում էր նաև մեծ, փայլուն ճարմանդով նույնագույն պայուսակը, որը նա պահ էր տալիս իր պատկառելի, տակից-վրայից գերծանրաբեռնված, բաց դեղնավուն, փայտյա գրասեղանի դարակներում։ Այդ գրասեղանը, որը մոտ երեք տասնամյակի ընթացքում սնվել ու տռզել էր իր տիրուհու բազմապիսի թղթերով ու տետրերով, որոնց մաշված եզրերը տեղ-տեղ դուրս էին ճորթվում դարակների արանքներից, մի գեղեցիկ օր ենթարկվեց մի փոքրիկ արկածի, բայց այդ մասին՝ քիչ ավելի հետո։

Սվետլանա Իսաբեկովնան ռուսախոս էր։ Ավելի ճիշտ՝ ռուսերենը միակ լեզուն էր, որ նա կարողանում էր խոսել։ Սվետը (ինչպես մենք էինք անվանում նրան մեր մեջ) հայերեն հասկանում էր միայն որոշ չափով, բայց խոսել ոչ թե հրաժարվում էր սկզբունքորեն, այլ պարզապես չէր կարողանում։ Համենայնդեպս, ինձ դասավանդելու 7-8 տարիների ընթացքում մենք նրանից հայերեն ոչ մի խոսք չլսեցինք, բացի մեկ-երկու անգամից, հիշում եմ, երբ փորձել էր կրկնել աշակերտի օգտագործած ինչ-որ հայերեն բառը՝ դուրս բերելով բավական ապաշնորհ արտասանություն՝ թունդ ռուսերեն ակցենտը վրան։

Ազգանունը Սվետլանա Իսաբեկովնայի Տումասովա էր, ինչից ենթադրում եմ, որ հայրը հայ էր՝ Իսաբեկ Թումասյան, երևի բաքվեցի /կարծեմ խոսում էին Սվետի Բաքվի արմատների մասին/, իսկ մայրն ըստ երևույթին ռուս էր՝ դատելով դստեր արտաքինից։ Կենսագրական այս ենթադրություններն իմ պատմության հետ առանձնապես առնչություն չունեն, քանի որ ես պատմելու եմ Սվետլանա Իսաբեկովնա-ուսուցչի մասին։

Սվետլանա Իսաբեկովնան երկարամյա ստաժով ուսուցչուհի էր։ Երբ նա մեզ դասավանդում էր, արդեն դասավանդել էր մեր դասարանից մի աղջկա մորը, գուցեև ավելի վաղ էլ, չգիտեմ։
Ինձ թվում է, նա մեր դպրոցի ամենահավեսով ուսուցչուհին էր, և այդ հավեսն աչքի էր զարնում արդեն իսկ նրա դասասենյակը մտնելիս․ Սվետլանա Իսաբեկովնայի դասարանը դպրոցում ամենսիրուն, ամենամաքուր, ամենալուսավոր և նույնիսկ ամենահարուստ դասարանն էր։ Ի տարբերություն մյուս դասարանների, որոնք հիմնականում ստադարտ գորշ էին, սառը, անխնամ ու անտեր, Սվետի կաբինետը նման էր տան հարմարավետ սենյակի՝ իր տիրուհու մանրակրկիտ հոգածությամբ շահվող-պահվող․ տաք-պայծառ գույների փայտե կահույք, պատուհանագոգին՝ մշտապես ջրվող ծաղիկներ, բարձր պահարաններ՝ խնամքով դասավորված գրքերով ու ձայնապնակներով լեցուն, պատերին՝ ռուս դասականների դիմանկարներ՝ իրենց հանրահայտ ասույթներով։ Եվ ինչպես ամեն ինչն էր Սվետի կաբինետում, այնպես էլ անգամ ասույթները անտեր-անտիրական չէին կախված, այլ որևէ ձևով ունենում էին կենդանի կիրառություն․ օրինակ, հիշում եմ, մեր դասարանի ամենաանկարգ ու ամենաթույլ սովորողը՝ Խաչատրյան Արամը, որ մեր խումբ էր տեղափոխվել այն մյուս՝ "լավ" դասատուի՝ Գայանե Խաչիկովնայի խմբից և, բնականաբար, խիստ կաղում էր ռուսերենից, ինչը սակայն նրան չէր խանգարում անվերջ շատախոսել ու անընդհատ պատժվել դրա համար՝ վերջին նստարանին նստեցվելով, չնայած որ շատախոսում էր իր կոտրտված ռուսերենով, և երբ լռեցվում էր դրա համար՝ Սվետի ինքնատիպ մեթոդով /մեթոդին դեռ կանդրադառնամ/, դարձյալ չէր տիրապետում ինքն իրեն՝ սեփական ձայնը գոնե մի րոպե կտրելու, ու կիսաձայն արդարանում էր՝ պատից կարդալով Տուրգենևի խոսքերը․ բերեգիծե նաշ յազիկ, նաշ մագուչի ռուսսկի յազիկ, էտը կլադ, էտը դոստոյանիե․․․ Մի քանի ամիս հետո Արամը, հերթական նկատողությունից հետո, արդեն ոչ թե կարդում էր այդ խոսքերը, այլ ասում բերանացի, առանց պատին նայելու։

Սվետլանա Իսաբեկովնայի դասերն անցնում էին ակտիվ ու կենդանի։ Դասի մեջ նա դնում էր հոգի, պաթոս ու սեր՝ ռուս գրականության ու լեզվի հանդեպ, և կրքոտ հետամուտ լինում, որ այսինչ կամ այնինչ քերականական կանոնը լավ ըմբռնենք։ Տնայինների հանդեպ պահանջկոտ էր, գնահատելիս՝ խիստ։ Ամենավախենալուն թելադրություններն էին, քանի որ թելադրում էր Սվետը անծանոթ տեքստեր՝ կարդալով մի շնչով, առանց թեթևակի անգամ շեշտադրելու գրելաձևը՝ օ է, թե ա, ի է, թե է, և մեկ սխալի դեպքում գնահատականդ միանգամից իջնում էր 4, երեք սխալը մաքսիմալ թույլատրելին էր 4-ը պահպանելու համար, իսկ այ չորս սխալի դեպքում՝ հայտնվում էր կլորիկ, տհաճ 3-ը։ Ճիշտն ասած, սուրուլիկ 4-ն էլ էր ինձ համար ողբերգություն, քանի որ վտանգում էր կլոր-գերազանցիկությունս, և հետո պետք էր լինում մի քանի 5 վաստակել այն չեզոքացնելու համար։ Թելադրություններից զատ կար մեկ այլ փորձություն ևս, որով անցնում էինք տարին բարեբախտաբար մի քանի անգամ միայն․ ստուգողական աշխատանքն էր, որի համար պետք է տանն անգիր պատրաստեինք ինչ-որ ռուս դասականի մի թեմայով շարադրություն և հիշելով գրեինք դասարանում։ Հիմա նոր հասկանում եմ, թե որքան են օգնել այդ ատելի անգիր-շարադրությունները գրական լեզվի և ուղղագրության որոշակի տիրապետմանը։

Չնայած վերջիններիս, պատրաստել ռուսերենիս տնայինները ես սիրում էի՝ լիներ դա գրավոր, թե բանավոր, բայց ամենից շատ սիրում էի Սվետի ֆիրմային, այդ ժամանակների համար արտասովոր տեսակի մի տնային աշխատանքը, որը ինչ-որ տեղ մարտահրավեր էր սովետական կրթական մեթոդներին ու պահանջներին․ կոչվում էր այն "սոչինենիե վ ռաբոչեմ ծետրաձե"։ Այդպիսի մի առանձին տետր ունեինք, կոչվում էր ռաբոչյայա ծետրաձ՝ իմ ամենսիրելի տետրը, կանաչ գույնի, որը նաև կանաչ լույս էր՝ արխային անելու ուղղագրական և կետադրական սխալներ ինչքան ուզես, դրանից գնահատականդ չէր իջնելու։ Այս տետրում Սվետը հանձնարարում էր գրել շարադրություններ ինչ-որ հետաքրքիր, ինտրիգային սկզբով կամ վերջով։ Նա մի առանձին հաստափոր տետր ուներ՝ այդպիսի ինտրիգային թեմաների գաղափարների, որ հանում էր իր տռուզ գրասեղանի բազմակի ծալքերից և այնտեղից ընտրում որևէ թեմա հերթական տնայինի համար։ Ընդ որում, թեմաների իր այդ հաստլիկ տետրը նա համալրում էր մեր իսկ կողմից առաջարկվող գաղափարներով, այսինքն պահանջում էր, որ գաղափարները նույնպես մենք տայինք։ Տնայիններս պատրաստելիս, ես ռաբոչի ծետրաձի աշխատանքը թողնում էի ամենավերջում՝ ըմբոխշնելու․ պտտելով գրչիս կոթը բերանումս, հայացքս՝ առաստաղին, ախորժելի միտք էի անում, թե ինչպես սկսեմ պատմությունս տրված, օրինակ, հետևյալ վերջով․ "․․․ Եվ հաջորդ օրը, երբ նրանք այցելեցին գերեզմանատուն, գերեզմանաքարը շրջված էր և հանգուցյալն անհետացել էր"։

Սվետը, սակայն, միայն հանգուցյալներով չէր հանգստանում, և մեզ վարել էր տալիս մեկ ուրիշ՝ 96 թերթանի տետր, բայց այստեղ գրել ոչինչ չէր հանձնարարում, միայն փակցնել։ Մենք ամեն օր պետք է կարդայինք ռուսերեն լրագրեր, այնտեղից կտրեինք որևէ հետաքրքիր նյութ, փակցնեինք տետրում, իսկ դասարանում՝ պատմեինք։

Դասավանդման մեթոդների նման ճարտար կիրառմանը զուգահեռ, Սվետը, սակայն, մշակել էր մանկավարժական տեսակետից բավական վիճելի մի պատժաձև, որը կոչվում էր Սև ցուցակ (չոռնի սպիսըկ)։ Եթե աշակերտը շատախոսում էր կամ դրսևորում քիչ թե շատ անընդունելի վարք, կամ պարզապես նյարդայնացնում ուսուցչուհուն, աշակերտի անունն անմիջապես հայտնվում էր Սև ցուցակում։ Ինչ էր դա նշանակում։ Դա նշանակում էր, որ ցուցակի մեջ ամեն մի "գրվելու" համար աշակերտը պետք է մուծվեր քսան կոպեկ՝ դասարանի դրամատուփին, որը Սվետը պահում էր ապահով տեղում։ Եթե մինչև շաբաթվա վերջ չմուծվեր, պարտքը կրկնապատկվում էր կարծեմ, իսկ մեկ ռուբլու հասնելու դեպքում դառնում էր "2" թվանշան մատյանում։
Մեր Սև ցուցակի այս "սև" գործն իրականացնում էր մեր դասարանի թմբլիկ Նարինեն, որը պարտաճանաչ էր, նստում էր առաջին նստարանին, Սվետի ուղիղ դիմացը՝ վերջինիս գրասեղանին կպած, և Սվետն աչալուրջ հետևում էր, որ ցուցակը պահպանվեր ճշտորեն։ Երբ Սվետը շատ էր բարկացած լինում, պատիժը կարող էր լինել կրկնակի կամ եռակի, օրինակ՝ կատաղած հրահանգեր՝ զապիշի եվո տրի՛ ռազա, պառազի՛տ նեսչաստնի։ Իսկ եթե հանկարծ հանդգնեիր արտագրել ստուգողականի ժամանակ ու բռնվել, ապա "գրվում էիր" հինգ անգամ։ Խաչատրյան Արամն, օրինակ, նախընտրում էի նախապես վճարել մեկ սովետական ռուբլի և հանգիստ արտագրել ստուգողականը։
Տղաներից համարձակները երբեմն փորձում էին բանակցել մեր գանձապահուհու՝ Նարինեի հետ, խնդրելով ջնջել իրենց անվան կողքը երկար շարքով ձգվող մինուսներից գոնե մի քանիսը՝ լրիվ չսնանկանալու համար, ինչը Նարինեին դնում էր ծանր կացության մեջ՝ խղճահարությունն ու չմերժելն ընդդեմ զեղծարարության։ Բայց, ի վերջո, անհանգիստ նայելով շուրջը և թմբլիկ այտերը մինչև ականջները կարմրատակած, արագ շտրիխներով մի քանի մինուս շտկում էր պլյուսի ու շտապ փակում տետրը։ Մի անգամ տետրը կորել էր։ Այդպես էլ չգտնվեց։ Այդպես մի անգամ Սվետը ստիպված հայտարարեց հարկադրված ամնիստիա, և Նարինեն սկսեց նոր տետր։

Մի օր ես էլ ընկա Սև ցուցակ։ Շատախոսության համար, բնականաբար։ Սովորաբար ինձ չէր պատժում՝ որպես լավ սովորողի, բայց այս անգամ համբերությունից դուրս եկավ։ Երբ տանը հայտնեցի, որ քսան կոպեկ պիտի մուծվեմ, հայրս զարմացավ, իսկ հետո, լսելով Սև ցուցակի պատմությունը, զայրացավ ու պատվիրեց հաջորդ օրը գնալ դասի առանց որևէ քսան կոպեկի ու համարձակ ասել ուսուցչուհուս երեսին, որ իր Սև ցուցակը հակամանկավարժական է և նա իրավունք չունի։ Ես, ճիշտն ասած, շատ քաշվում էի նման կոնֆրոնտացիայից, այն էլ Սվետլանա Իսաբեկովնայի հետ, բայց հորս պատվերն էլ չէի կարող չկատարել, մանավանդ որ քսան կոպեկն էլ կարգադրեց սկզբունքորեն ոչ մի դեպքում չտալ, և այդպես, ահագին հուզված, գնացի դասի, հավաքեցի ողջ քաջությունս, ու ասացի․ Սվետլանա Իսաբեկովնա, յա նե բուդու պլատիծ, վի նե իմեյեծե պռավը, էտը անտիկանստիտուցիոննը։ Թե որտեղից էդ հակասահմանադրականը եկավ լեզվիս, ես էլ չգիտեմ, երևի ուրիշ բան էի ուզում ասել, բայց այդ բառը ստացվեց, ու այդտեղ, Սվետը, որ աչքերը լայն բաց արած լսում էր, այդ բառի վրա մի փրփրել-փրփրեց, որ թող ու փախի։ Ու Նարինեին կարգադրեց, որ ինձ հանի Սև ցուցակից, ու որ իմ հետագա զանցանքների համար ես կպատժվեմ ուղիղ մատյանի մեջ։ Մի քանի օր անց իսկապես էլ մատյանում, անվանս դիմաց "2" հայտնվեց, որովհետև համարձակվել էի շրջվել ու մի երկու բերան խոսել դասընկերոջս հետ։ Այս անգամ արդեն ես վստահ կռիվ տվեցի, որ նա իրավունք չունի, որովհետև թվանշանը մատյանում դրվում է տվյալ օրվա դասի համար, իսկ երկուսը կնշանակի, որ ես այդօրվա դասը երկուսի եմ պատասխանել։ Սվետն, իհարկե, չզիջեց, բայց հետո, քառորդ փակելիս, տեսա, որ լիքը հիգեր էր լցրել կողքը, որ միջինը հինգ փակեր։

Դուք, իհարկե, կհարցնենք, թե ուր էին գնում մեր մուծած փողերը։ Սվետն ասում էր, որ դրանցով նա գնում է գրքեր ու ձայնապնակներ մեր դասասենյակի համար։ Ով գիտե։ Ամեն դեպքում, եթե լիներ Սվետը մասնավոր սեփականության հասարակարգում, ապա ես չէի կասկածի, որ նա արժանի էր վճարվելու ավելի, քան մյուս ուսուցիչները, քանի որ նա, ի տարբերություն շատերի, իսկապես սովորեցնում էր։

Շարունակելի

մարդիկ, հիշողություններ

Previous post Next post
Up