Օրվա անդրադարձ․ 4 նոյեմբերի 2017, շաբաթ

Nov 05, 2017 01:24

Օրն ավարտվեց։ Գլուխս պտտվում է։ Փորձում եմ մարդկանց օգտակար լինել, բայց վերջում հասկանում, որ այդտեղ ևս պետք է ճանաչել սահմաններ։ Ինչպես ամեն ինչում։ Օգտակարության էքսեսիվ ձգտմամբ՝ հեռանում ես ինքդ քեզնից, քո պատերի ներսից, քո կաշվի միջից, խխունջի մսի պես դուրս ցցվում՝ զգայուն, անպաշտպան, անհրապուրիչ և անթույլատրելի մի տեսակ։ Ժամանակն է հավաքելու ինքս ինձ կրկին, դեպի ներս, խեցուս ապահով աշխարհ։

Իսկ մինչ այդ․․․

Առավոտյան տեղաց հորդառատ անձրև։ Ջերմաստիճանը, անցած օրերի համեմատ, իջավ տասը-տասնհինգ աստիճանով։ Պատշգամբիս հնամյա բույսը, կավե մեծ ծաղկամանի մեջ ոսկրացած ծերունու պես ծռված, ծաղկել էր կատաղած՝ վառ դեղին, խոշոր ծաղիկներով։ Անձրևը կաթում էր զանգակաձև թերթերունքներից, ու մտածում էի՝ տեսնես առատ ջու՞րն է ստիպել նրան ծաղկել այդպես փարթամորեն, թե՞ տարվա եղանակը, կամ, գուցե, երկուսը միասին․ առատ անձրևները բնորոշ են տարվա այս եղանակին։
Մեծ հաշվով անեղանակ այս երկրում, մոռացել էի, որ գարուն է։

Կեսօրի մոտ կարգի էի բերում տունը, կողքի սենյակից աղջկաս աշխույժ շաղակրատանքն էր։ Հագնվիր, ասում եմ, ուշանում ենք դպրոցից (այսօր հայկական դպրոցի օր է)։ Հագնվում է՝ առանց ընդհատելու զրույցը։ Սաշան էր։ Զանգել էր, ներողություն էր խնդրում, ասում էր՝ ես քո փոխարեն լինեի, շատ բարկացած կլինեի իմ վրա /I would've been really mad at me/: Բացատրում է, թե մայրն այդ օրը տեղ պիտի գնար, և իրեն թողել էին տանը մենակ։ Դրա համար չկարողացավ գալ։ Հետո ձանձրացել էր ու որոշել դուրս գալ թրիք-օր-թրիթի թաղի ընկերների հետ։ Իսկ ինչու՞ չէր տեղեկացրել քեզ՝ իմանալով, որ սպասում ես, - հարցնում եմ աղջկաս, և ինչու՞ էր անտեսում հաղորդագրություններդ։ Ասաց՝ իբր չէր ուզում "վատ" լուր հաղորդել։ Իսկ դու՞ ինչ ասացիր։ Իսկ ես ասացի՝ Սաշա, դու միշտ այդպես ես անում, բայց չէ՞ որ սուտն ավելի վատ է։ Չհարցաքննեցի այլևս։ Մնացածն իրենք կպարզաբանեն, եթե պարզաբանելու բան է մնացել։ Աղջիկս ուրախ էր ու հանգիստ․ ընկեր չէր կորցրել, պարզապես Սաշան էր։

Այսօր քննություն ունեի հայկական դպրոցում։ Աշակերտներս՝ բոլորը, ներկա էին։ Նույնիսկ հուզվում էին։ Նույնիսկ՝ հանդիսավոր։ Երեք քննություն ունեինք՝ գրականություն, թելադրություն, ուղղագրություն։
Գրականությունից հետևյալն էր․ կարդում եմ մի կարճ պատմվածք, պիտի պատմեն։ Պատմվածքը Սողոմոն իմաստունի և երկու կանանց առակն է՝ իրենց Մայրենիի դասագրքից։ Արամը, որ նախորդ շաբաթվա հայոց պատմության, ընթերցանության և շարադրության քննություններից բոլորը քսան էր ստացել, այնքան էլ լավ չի պատմում, կմկմում է, չի գտնում անհրաժեշտ բառերը։ Չեմ ուզում խախտել օբյեկտիվությունը, գնահատում եմ տասնինը։ Երկարացնում է վիզը, փորձում տեսնել, թե ինչ դրեցի։ Զարմանում եմ, որ գնահատականին կարևորություն է տալիս։ Միշտ իրեն ցույց է տվել անտարբեր ու հեգնական գնահատականների հանդեպ։ Հիշում եմ nrbakert_tashuk-ի հետ զրույցս, ու նեղվում մի տեսակ, որ գնահատականը գերկարևորվում է, բայց դեռ հուսով եմ, որ սխալվել էի, և Արամի համար պիտի որ էական չլինի։ Բայց չէ, դասի վերջում Արամը խնդրեց հայտնել քննության գնահատականները։ Տասնինը գցեց տրամադրությունը։ Ինչու՞, օրիորդ, հարցնում է, ի՞նչը լավ չէր։ Զգում եմ, որ այդ հիմար գնահատականը ազդելու է տղայի թերևս ողջ շաբաթվա տրամադրության վրա, ու գուցե կոտրի մոտիվացիան։ Բայց արժեզրկել գնահատականը՝ պարզապես նվիրելով, չէի ուզում։ Մի ձև էր պետք մտածել, որ վաստակի։ Ասում եմ՝ տես, քանի որ դասարանում աղմուկ էր, դու չկարողացար կենտրոնանալ ու միտքդ լավ արտահայտել։ Այ հիմա, եթե դասարանում քար-լռություն տիրի, ես բոլորին, ովքեր ուզում են բարձրացնել իրենց գնահատականը, մեկ հնարավորություն կտամ՝ նորից պատմելու առակը։ Արամը ոտքի կանգնեց, չնայած իր փոքրամարմին կեցվածքին՝ օդը պատռելով ուժգին գոռաց բոլորի վրա ու ստիպեց դասարանին լռե՛լ։ Հետո կանգնեց գրատախտակի մոտ, փակեց աչքերը, ձեռքերով պինդ կողպեց ականջները և այդպես մի քանի վայրկյան ընկղմվեց ինքն իր մեջ․ խոսքեր էր, երևի, հավաքում, ձևակերպում մտովի։ Հետո բացեց աչքերը, խորը շունչ քաշեց ու սկսեց պատմել։ Հուզվում էր, երբեմն կուլ տալիս բառերը, իսկ ես իրենից է՛լ ավելի էի հուզվում և այնպես ցանկանում, որ չսխալվի։ Երբ ավարտեց, հուզմունքը դեռ չէր տարրալուծվել օդում։ Հըմ, ասացի, սա արդեն ուրիշ բան է, տեսնու՞մ ես՝ երբ լռություն է, և քեզ լսում են, ստացվում է կենտրոնանալ և խոսել ավելի արդյունավետ։ Տասնինը փոխվեց քսանի։ Արամից հետո երկու հոգի էլ փորձեցին իրենց բախտը, լարված, ճիգ գործադրելով՝ չսխալվել, և ջանքերը գնահատվեցին համապատասխանաբար։

Երբ զանգը հնչեց, Արամը մոտեցավ ինձ․ շնորհակալություն, օրիորդ, այսօրվա դասը շատ լավն էր։ Ժպտացի մի տեսակ՝ ներսից ու դրսից։ Մեկ էլ հանկարծ, Արամից անկախ, մոտեցավ Տիրանը, որն ամբողջ չորսժամյա դասի ընթացքում լուռ էր ու աչքի չէր ընկել ոչ մի բանով, և ասաց՝ օրիորդ, շնորհակալություն՝ ուղիղ ու մի տեսակ իմաստալից նայելով աչքերիս մեջ այնպես, որ անհարմար զգացի։ Հետո կտրուկ շրջվեց-հեռացավ։ Մինչև հիմա ինչ-որ անհարմարության հուզմունք եմ ապրում՝ հիշելով։

Երեկոյան կողմ հեռախոսս ծնգաց․ Սաշայի մայրն էր․ Ողջույն, Ուրիշ, մեր աղջիկները սլիպ-օվըր են պլանավորում այսօրվա համար։ Կարելի՞ է վերցնենք աղջկադ հայկական դպրոցից հետո, և մնա մեզ մոտ գիշերելու։

Աղջիկս գնաց Սաշայի տուն, ընթրիք պատրաստեցի, նստեցի տղայիս հետ հայերեն պարապելու։ Մեկժամյա մեր ավանդական պարապմունքը դեռ չէինք ավարտել, դուռը ծեծեցին։ Վաղուց այդպիսի բան չէր եղել, եթե՝ երբևէ - առանց նախօրոք զանգի, տեղեկացման։ Բացեցի դուռը, ընկերուհիս էր։ Զարմացա և սրտանց ուրախացա, որ եկել էր առանց զգուշացնելու։ Ընդհատեցի պարապմունքը, տղաս անմիջապես ծլկեց։ Նստեց ընկերուհիս խոհանոցում, ժպտաց կեսբերան ու մեկ էլ՝ փլվեց արցունքների մեջ․․․

Ինչու՞ մարդիկ չեն խնայում իրար։ Իսկ ես հոգնել եմ։ Եթե իմանայի՝ ինչպես կարող եմ իսկապես օգտակար լինել, ու կրկին քաշվեի իմ խեցու աշխարհ։

m, առօրյա, մարդիկ, դպրոց, mood, տխուր

Previous post Next post
Up