Օրվա անդրադարձ․ 24 սեպտեմբերի, 2017 կիրակի

Sep 26, 2017 00:34

Բարեկամս "Սայաթ Նովա" համույթի (այն, որ կոչվում է Հայաստանի Հանրապետության Հանրային Ռադիոյի, և ղեկավարն է Թովմաս Պողոսյանը), երեք տոմս ուներ, և այնպես ստացվեց, որ մոռացել էր, որ կիրակի ժամը երեքին ուրիշ տեղ պիտի լիներ, և նվիրեց տոմսերն ինձ։ Վերցրեցի ես էլ ինձնից մի սերունդ բարձր երկու կանանց, ովքեր այստեղ իմ իմացած մարդկանցից ամենից հաճույքովը կվայելեին աշուղական ու գուսանական երգարվեստը և ուղևwրվեցինք համերգասրահ։

Մինչ համերգի սկսվելը մի կես ժամ կար և ես, դահլիճում նստած, ժամանակ եմ սպանում՝ կարդալով հեռախոսումս ինչ պատահի, ծանծաղորեն ունկընդիր իմ ընկերակից կանանց աշխույժ զրույցին։ Իսկ թե ինչից կարող են այդպիսի խանդավառությամբ ու ոգևորությամբ, միմյանց հերթ չտալով զրուցել երկու՝ վաթսունն անց, վայելուչ հագնված ու հարդարված, կենսունակության ու էներգիայի նախանձելի պաշարներով, բարեկիրթ կանայք, դե իհարկե՝ իրենց առողջական խնդիրներից։

Ոչ փոքր համերգասրահի 95% լցվածությամբ դահլիճը բուռն ողջունեց "Հայաստանի վաստակավոր արտիստ, պրոֆեսոր, այլևս՝ բանասիրական գիտությունների դոկտոր" Թովմաս Պողոսյանին, որն, ըստ արժանվույն ընդունելով ծափողջույները, հանդիսավոր ու դանդաղաքայլ տեղավորվեց բեմի ուղիղ կենտրոնում դրված կարմիր-թավշյա, շքեղ գահ-աթոռին՝ մի փոքր բարձունքի վրա, տակը՝ հայկական գորգ, իսկ աջ և ձախ կողմերում՝ չորսական հասարակ, չոր աթոռներ համույթի մնացած երգիչ-երգչուհիների համար։ Քիչ ներքև, բեմի եզրով աջ ու ձախ կողմերում, չորսական աթոռներ էլ նվագողների համար էին՝ երկու քամանչա, մեկ քամանի, մեկ դափ, մեկ թառ, մեկ սազ /որից հայկական համույթներից միայն "Սայաթ Նովա"-ն ունի/, մեկ սանթուր և մեկ բաս-քանոն /սրանից էլ երկու հատ է աշխարհում, հեղինակն է Արա Գևորգյանը, սեփականությունն էլ ընդգրկված է Յունեսկոյի ցուցակում, երկրորդ նմուշը թանգարանում է/։

Իրականում համերգն ինձ շատ դուր եկավ, հատկապես գործիքավորումը․ զիլ էր ու ներդաշնակ, արհեստավարժ կատարմամբ։ Թովմաս Պողոսյանն էլ լավ երգիչ է, կիրթ է երգում ու տրամադրող, գիտի ինչի մասին է երգում ու ինչու, և իր էդ իմացածն անթերի հաղորդում է հանդիսատեսին։ Մնացած երգիչներն էլ վատ չէին, գոռում էին թեև մի քիչ, բայց դե ոչինչ, դրանից ավելի էր արժեվորվում Թովմասի գերազանցությունը, որի կատարմանը սպասում ես հավեսով, իսկ նա նույնիսկ չզլացավ երկու անգամ փոխել իր արքայական ոսկեկար պատմուճանն է'լ ավելի շքեղով։

Լավ համույթ էր, տեղը-տեղին, փորձառու, և վարողն էլ, որը երգիչներից մեկն էր, հրաշալի հռետոր էր՝ գրագետ, ազդեցիկ և հատու խոսքով, խոսքի մեջ էլ շունչ ու հոգի կար։ Վաղուց մեր քաղաքի բեմից հայ երգարվեստի նման որակ չէր հնչել։ Երկար էլ տևեց համերգը, համարյա երեքուկես ժամ։

․․․․․․․․․․․․․․․․
Ուշ երեկոյան գնացի Dunkirk-ը դիտելու։ Չեմ հիշում, թե երբևէ այդ աստիճանի անհետաքրքիր ֆիլմ դիտած լինեմ։ Եթե ասեին՝ երկու բառով բնութագրի ֆիլմը, կպատասխանեի՝ պարզապես անհետաքրքիր։ Ֆիլմում, մեծ հաշվով, ոչինչ չէր կատարվում։ Այսինքն՝ մեծ հաշվով կատարվելիքը կատարվում էր, բայց չկային այն "փոքր հաշիվները", որոնք ֆիլմը կդարձնեին հետաքրքիր՝ հետևելու։ Նոլանն ասում է, որ հատուկ ոչ մի մարդկային կերպար չի զարգացրել, չի ստեղծել սրտացավության, խղճի պահեր, դիալոգներ էլ համարյա չկան։ Ունեցել է միայն մեկ նպատակ՝ հանդիսատեսին հետևել տալ գործողությանը - կկպնի՞ ընկնող ռումբը  զինվորներին, թե՞ ոչ, կէվակուացվե՞ն նրանք վտանգի գոտուց ի վերջո, թե՞ ոչ։ Բայց դե, եթե չես ստեղծում սրտացավություն, չկա մարդկային ֆակտորը, հետևաբար և մարդկային արժեքն անշոշափելի է, և հետևելն էլ դառնում է ինքնանպատակ։
Այդպես էլ ֆիլմի ողջ ընթացքում հորանջում էի երկնքով սուրացող ռազմական օդանավերի, ջրի վրա ճոճվող կամ սուզվող նավերի և կամ ցամաքում` ծովապատնեշի մոտ սպասող զինվորների հերթափոխվող պատկերների ու ռմբակոծությունների ներքո։
Առաջին անգամն էր, որ սրտանց ափսոսացի ֆիլմի դիտման վրա ժամանակի վատնումը։ Առանց այդ էլ հազարից մեկ եմ մի բան դիտում․․․

առօրյա, մարդիկ, գործեր, ֆիլմեր

Previous post Next post
Up