Sep 12, 2017 23:42
Հայրս ասում է․ նարդին ո՛չ բախտի խաղ է, ո'չ խելքի, այն մարդ-բնույթների միջև պայքարն է, որտեղ խնդիրը զառ բերելն է, իսկ զառ է բերում մարդուս բնույթը, էդ պահին դրսևորվող, որն իր ողջ ներքին էներգիան ուղղորդում է էդ զառը բերելուն, դրա հանդեպ հավատին, այ դրանով է նարդին տարբեր մյուս խաղերից, ուր ֆիզիկական ուժերի պայքար է, կամ ուղեղների, կամ էլ հաջողակության։
Հետաքրքիր թվաց սա ինձ, որոշեցի գրել, որ չմոռանամ։
Ինձ չէր ասում, այլ մի տարեց ֆրանսիացի սփյուռքահայի, որը նեղվում էր Հայաստանում հյուրընկալվելիս, թե անելիք չունի։ Իսկ դու իջիր բակ, լավ, կանաչ բակ ունեք, զրուցիր հարևանների հետ։ Չեմ հասկանում իրենց խոսք ու զրույցը, նեղվում է սփյուռքահայը։ Իսկ դու նարդի խաղա հետները, նարդի խաղալ գիտե՞ս։ Չէ, չգիտեմ, չեմ սիրում նարդի։ Եթե չգիտես, ի՞նչ գիտես սիրում ես, թե չէ, նարդին ուրիշ տեսակ խաղ ա, ոչ բախտի խաղ ա, ոչ խելքի․․․ Ու լսում եմ ես շարունակությունը, որ գրեցի վերևում, քանի որ հայրս մոռացել էր անջատել վայբըրը, իսկ ես, աշխարհի մյուս ծայրում, ականջակալներս դրած, գործ եմ անում ու թաքուն վայելում հորս զրույցը սփյուռքահայի հետ, ասես չեմ էլ գնացել հայրենի տնիցս, ասես նստած եմ նույն հյուրասենյակում, ինչպես մի ամիս առաջ, իսկ դրսում ամառ է։
թանկ,
happiness