Mar 10, 2017 11:12
Ընկերուհուս հետ լեզվի ուսուցչի դասընթաց ենք վերցրել, Սիդնեյի համալսարանի: Երեկ երեկոյան առաջին դասն էր։ Դասախոսը բաժանում էր տարբեր առաջադրանքներ թերթիկների վրա՝ լրացնելու։ Մի պահ հայացք գցեցի աջ կողմումս նստած ընկերուհուս թերթիկին և առաջին անգամ տեսա նրա ձեռագիրը։ Տարօրինակ էր մի տեսակ․ հազար տարվա ընկերուհիս է, իսկ ձեռագիրն առաջին անգամ էի տեսնում։ Այնպիսի զգացողություն էր, որ իմ իմացությունն ընկերուհուս մասին թերի էր, ընդ որում՝ էական բացթողմամբ։ Մինչդեռ փոխարենը գիտեմ նրա օգտագործած տրանսլիտի "ձեռագիրն" ու սիրած սմայլիկները, և այն, որ ջան-ը գրում է jun: Փոխարենը․․․
Կոստանյանի աջ կողմում նստած էր մի կին՝ անորոշ տարիքի։ Պարզվեց՝ տիբեթերենի ուսուցչուհի է։ Մի տարի է, ինչ Սիդնեյում է ապրում։ Դասախոսությունը լսում էր շվարած դեմքով, որն աճում էր դասին համընթաց։ Երբ ծանոթանում էինք, Հայաստան անունը, չնայած ընկերուհուս ջանքերին, այդպես էլ չկարողացավ մտապահել, մինչդեռ ձախ կողմումս նստած սանսկրիտի ուսուցչուհին, որը ևս առաջին անգամ էր լսում Հայաստան կոչվող երկրի մասին, 5-6 փորձից ի վերջո վարժվեց արտասանելու Արմենիա, նույնիսկ չմոռացավ "ֆըրսթ քրիսչըն քանթրի" տպավորիչ նորությունը։
Երբ երեքժամյա դասն ավարտվելու վրա էր, դասախոսը խնդրեց գնահատել այն հետևյալ միավորներից մեկով. (4) It was very difficult, I couldn’t follow up what all was about; (3) ....; (2) It was fine. I understood everything; (1) It was easy. I knew most of the things։ Նա բաժանեց դեղին կպչաթղթիկներ և խնդրեց յուրաքանչյուրին գրել թվերից մեկն ու փակցնել սեփական սեղանին՝ լսարանից դուրս գալուց առաջ։ Դուրս գալուցս առաջ մի հայացք, համենայն դեպս, նետեցի տիբեթուհու սեղանին․ գրել էր 4։ Իսկ մինչ այդ ընկերուհուս հետ արդեն կատակել էի, թե սա, օրենքով, 4 պիտի դնի։ Ու, չնայած դրան, զարմացա, որովհետև չգիտեի, որ տիբեթյան օրենքները համապատասխանում են չգրված օրենքներին։
հանդիպումներ,
առօրյա,
լեզու,
observations,
մարդիկ,
funny:)