Jan 11, 2013 17:05
/շարունակություն./
5. Տարվա ֆիլմը
Diary of a Wimpy Kid: Dog Days (2012).
Լավ ֆիլմեր այս տարի նայել եմ երևի մի դյուժին, բայց այս մեկը, ոչ թե որ ամենալավն էր, այլ նայել եմ երևի ամենից հաճույքովը, կինոթատրոնում, այն տարբերակներից, երբ լիաթոք ծիծաղում ես ու ըմբոխշնում մի մեծ տուփ փոփքորնով։ Ծիծաղել եմ լիքը։
6. Տարվա ամենահետաքրքիր բացահայտումը.
Քենի Ուիզը Լաս Վեգասից համարվում է Մայքլ Ջեքսոնի «World Number 1 Impersonator»-ը։ Իր History Show կոչվող համերգով նա շրջագայում է աշխարհով և լցնում դահլիճներ։ Այս տարի եկել էր Սիդնեյ, և ես խաբվեցի ռեվյուներին... Չէ, նմանը նման էր, այդ առումով ռեվյուները շատ չէին խաբում, և նման էր արտառոց կերպով լավ. վերցրել էր ոչ միայն արտաքինը, բոյը, մարմնի ձևը, շարժումները, այլև ձայնը, այդ մարդը ապրում էր որպես Ջեքսոն. իսկական պերսոնաֆիկացիա։ Բան չունեմ ասելու՝ մարդը պարեց և երգեց ինչպես Ջեքսոնը և որպե'ս Ջեքսոն; աշխատեց հնարավորինս կրկնել նրա շոուների նույնիսկ տեսքը /անհամեմատ փոքր բեմի վրա թեև և աղքատիկ/, բայցևայնպես...
Առաջին անգամ ինձ համար հայտնաբերեցի մարդու բիո-դաշտ կամ բիո-կորիզ երևույթը, կամ մարդու էություն կոչվածը. Մայքլ Ջեքսոնի երկրաչափական կրկնօրինակը լուսատարիներով հեռու էր առաջին մարդուց։ Ով էր Քենի Ուիզը - ես չգիտեմ. մեկը, որ աշխատում էր նման լինել ՄՋ-ին։ Ու ես հասկացա, որ եթե ՄՋ-ն դուրս գար բեմ նույնիսկ ոչ իր արտաքինով, միանգամից կզգայիր նրան։ Նույնիսկ եթե դուրս գար առանց որևէ արտաքինի։ Այսինքն, կա այդ էություն կոչվածը, որը նյութական չէ։
7. Տարվա հիացմունքը.
Մարի անունով մի աղջնակ էր, երևի 13-14 տարեկան։ Աղջկաս բալետի դպրոցից։ Տարեվերջի համերգին նա առանձին համարներ ուներ, քանի որ մի քանի լավագույններից մեկն էր։ Այդ դեռատի աղջիկը հոգու թրթիռի մինչև վերջին արձագանքը զգում էր պարը, ապրում էր պարը, ծամածռում էր դեմքը, դառնում զզվելի, դառնում լեդի, դառնում չարաճճի, դառնում պարոն՝ գլխարկով, դառնում փիսիկ, դառնում Արտիստ։ Ես այդպիսի հաստատվածություն, ինքնագտնվածություն դեռ չէի տեսել երբևէ, որն էլ ավելի ապշեցուցիչ էր այդ տարիքի դեպքում։ Հայացքս չէի կտրում նրանից, նույնիսկ երբ խմբի մեջ էր։ Լիներ միայն իր համերգը, կգնայի։ Այդպիսի կատարելություն գործում, բայց միայն մի միայն... Նրան օդի պես անհրաժեշտ էր հանդիսատեսի գնահատանքը, փառքի ծարավը, որը, չնայած, հենց արտիստի ճակատագիրն է։
8. Տարվա գիրքը.
Երևի Նաբոկովի Լոլիտան, որը չսիրեցի։ Ինչ-որ բան սխալ էր։ Ինչ-որ բան լավ չէր։ Մնացածը, ճիշտն ասած, - գրելու վարպետություն, անկեղծություն և այլն - չեն փոխհատուցում։
9. Տարվա ափսոսանքը.
Ես սովորաբար չեմ ափսոսում, բայց այս տարի ափսոսացել եմ, ընդ որում ընթացիկ ու շարունակաբար. աշխատանքի վայրում անցկացրած օրվա մեծ մասի համար, որը, փոխարենը, չեմ հատկացրել երեխաներիս... :(
10. 2013-ի ցանկությունս.
Աշխատանքային փոփոխություն, առաջընթաց՝ ստեղծագործական հետաքրքրականությամբ և կարևորության զգացողությամբ։
տարի,
ֆլեշմոբ,
հիշողություններ