(no subject)

Dec 17, 2011 02:53

Հիմա ավելի որոշակի, քան առաջ, երբ նստած եմ, հատկապես այս ուշ ժամին, ու միայն ինձ հայտնի պատճառով այս գրառումը (կամ կարող էր  լինել մեկ ուրիշը) գրելու չհանձնվող մտադրությամբ, փորձում եմ անտեսել խղճի խայթը` ինչ-որ անհարմար, անպատշաճ ու թաքուն բան անելու իբրև, և պատասխանատու եմ` լավ չգիտեմ ում, բայց կան մի քանիսը, ու դրանցից մեկը երևի ժամանակն է,  մյուսները թաքնվել, չեն երևում:

Էկրանիս վրա facebook լոգոն միայն արդեն ներվայնացնում է. ինձ թվում է` ինձ խաբում են: Հանեցի:

Իսկ գրում եմ սա հենց այնպես, մի բան` անկարևոր իրականում, այսինքն` սկսել էի, պիտի ավարտեմ:

Վերջերս  մի հոդված էի կարդում Sydney Child-ում, որը հեղինակը Berth Pain էր անվանել, իսկ հեղինակը մի կին էր, երկու 4-5 տարեկան երեխաների մայր, պատմում էր, թե ինչքան ծանր է տարել լուրը, երբ ամուսինը հայտնել է, որ արձակուրդներին ընտանիքով ճամփորդելու են հյուսիսային կիսագունդ` Շոտլանդիա / ամուսնու հայրենիք, որտեղ վերջինս իր հարազատներին էր ուզում ներկայացնել իր ընտանիքը, ինչպես նաև ցույց տալ իր մանկության տեղերը երեխաներին /:

Առաջին խոշոր ճամփորդությունն ընտանիքով, առնվազն քսան ժամ ինքնաթիռում, երկու երեխա - կինը պանիկայի մի ամբողջ` ինչպես ինքն է անվանում “մինչ ծծնդաբերական” փուլ է ապրում` պատրաստվելով թռիչքին ուղիղ ինն ամիս. ինտերնետ-Ֆորումներ, կարծիք, խորհուրդ, այլ մարդկանց փորձառություն` մի կողմից, երեխաներին զբաղվելու խաղեր, գրքերի, մատիտներ, սնունդ, հազարումի մանրուք ընտրել-գնել-կապել` մյուս կողմից, և այդ բոլորը օրը քսանչորս ժամ մտատանջություն, գցել-բռնել, հանել-դնել, ստրես:

Թեև երկարատև թռիչքների դեպքում ինքնաթիռներն ամեն ուղևորին առանձին էկրան են հատկացնում` մի քանի տանսյակ ամենատարբեր ժանրի կինո-մուլտ-դոկումենտալ ծրագրերով, կոմպ. խաղերով, երաժշտություն և այլն, կինն այնուամենայնիվ մտավախում է` բա որ դրանք հանկարծ երեխաների սրտովն այնքան էլ չլինեն, ու այդտեղ էլ առանձին ֆինանս է ներդնում` գնելու անհատական փլեյերներ` երեխաների սիրած դիվիդիներով: Դա դեռ հեչ: Թեև ինքնաթիռում բարձ ու ծածկոցներ հատկացնում են անշուշտ, կինը զինվում է նաև սեփական բարձերով, իչպես ինքն է գրում` տան հոտը վրան, որ երեխաները շատ խորթություն չզգան: Եվ երբ ամեն ինչ վերջապես պատրաստ էր ու կրկնակի,  եռակի  ստուգված, շտկված, թռիչքին էլ ընդամենն օրեր մնացած, կինը /ոչ առանց հպարտության/ նշում է` թե ահա ամեն ինչ հետևում է, ծանր գործը հաղթահարված, and she made it! Այնուհետև պատմում է, որ օդանավակայանում, տեսնելով այլ ընտանիքներ` փոքր երեխաներով, թեթևացած շունչ է քաշում, որ  իրենք մենակ չեն` հաղթահարելու այդ փորձությունը:

Հոդվածն համարյա այդպես էլ ավարտվում է` մի նախադասությամբ միայն անդրադառնալով, որ արձակուրդներն անցան great, իսկ վերադարձից հետո 3 օր ու գիշեր ամբողջ ընտանիքով անցել են ակլիմատիզացիայի և ժամային տարբերության կարգավորման վայրուվերային փուլ /փորձության վերջին փուլը/, մինչև որ ամեն ինչ ընկավ հունի մեջ:

Հոդվածն իհարկե ինքնագոհունակության տենդենցով էր` մեծ գործ կատարած լինելու ու կիսվելու պահանջ, ու երևի թե արտահայտում է շատերի հայացքը. այստեղ մարդիկ գիտեմ, որ նման երկարաժամ ճամփորդության դեպքում անգամ գտնում են մեկին ընկերակից` համապատասխանեցնելով տոմսերն այնպես, որ միասին լինեն:

Բայց կարդում էի այսպես ու մտածում` այս լի ու հսկա աշխարհում մարդիկ կարծում են, թե կկործանվեն, եթե իրենց սովոր պատերի հարմարությունները չունենան պայուսակներում խցկված, շալակած, այսուայն կողմ թափվող... Ասես այդ բեռի ծանրությունը սեփական պատերի բետոնի կամ  քարի նյութեղենությամբ պիտի կքեն սեփական ուսերին ամենուր, որ զգան իրենց ապահով, պաշտպանված, me casa:

Եվ նույն ոգով մարդիկ անթիվ-անհամար նյութով են լցնում շարունակաբար նաև իրենց տներն ու գառաժները, մանսարդաներն ու նկուղները` ծանրաբեռնելով սեփական կյանքն ամեն տեսակի ավելորդությամբ, որոնք սակայն այն բալաստն են, խարիսխը, որ տալիս է սեփական գոյության ամուր զգացողություն, երևի:

Իսկ ինձ համար, այս  աշխարհամասի մեկուսացվածությունն աշխարհից, հաճելի առիթ է միայն ճաշակելու երկարատև ուղևորությունների հետաքրքրականությունն ու նորը գրկելու, փորձիդ ու ճանաչողականության դավթարում ամրագրելու երբևէ չհոգնեցնող գործընթացը, և ես միշտ աշխատել եմ, որ ուսերս լինեն թեթև, ու միակ պատկանելիքը` միտքս ու զգացողությունների լայն բացված գեղձերս (երեխաներս, անշուշտ, իմ մասն են, ոչ պատկանելիքը :) ):

Ժամանակի հետ “բագաժ” պատրաստելու կուլտուրաս ավելի հղկվեց, ու եթե 2007-ին Ճապոնիայում ստիպված եղա օդանավակայանի պահուստավորման խցիկներում պահ տալ ձեռքիս մի քանի պայուսակները, ապա այս տարի դեպի Փարիզ ու Հոնգկոնգ ընդամենը մի սև պայուսակով էի`հարմար, միջին տարողունակությամբ, որում տեղավորել էի ամենաանհրաժեշտը` 3 անձնագիր, տոմսերը, դիմահարդարման փոքրիկ պայուսակ, գրիչ, բլոկնոտ, հեռախոս, դրամ, ու... կարծես վերջ: Եվ դա երկու փոքր երեխաների հետ` մենակ: Հա, մոռացա. ամեն մեկիս համար թեթև երկարաթև վերնազգեստներ էլ, հնարավորինս բարակ.  ուղղակի ինքնաթիռում, անկախ տարվա եղանակից, երբեմն սառսռեցնող ցուրտ է լինում: Եվ դրանք հանգիստ տեղավորվեցին սև պայուսակումս, ու վերջ: Եվ ոչինչ ավելիի կարիք չեղավ էլ:

Այդ կուլտուրային իհարկե միանգամից չեմ հասել: Աստիճանաբար, ամեն նոր ուղևորության ժամանակ ուղեպայուսակներիս պարունակությունը կրճատվում էր` ընդհուպ մինչև ուղեպայուսակների թվի կրճատում: Սկզբում երեխաներս իրենք ամեն մեկն ունեին իրենց ուսապարկը, որը բերնեբերան լցնում էին իրենց ուզածով, տղաս` հիմնականում գրքեր, աղջիկս` նկարելու պարագաներ, խաղեր: Բայց փորձը ցույց տվեց, որ դրանք այդպես էլ համարյա չէին օգտագործվում, քանի որ առանց ձանձրանալու էլեկտրոնային խաղեր էին խաղում կամ մուլտեր դիտում` ամեն մեկն իր ուզածը, իր դիմացի մոնիտորով, չհաշված նկարչական  ու այլ խաղային զբաղվելու պարագաները, որ պայուսակով նվիրում են ինքնաթիռում, որոնք վերջում արդեն թողնում էի ինքնաթիռում` ավելորդ բեռ չավելացնելու համար իմ համեստ կերպարանքին :)

Իսկ պահի անհրաժեշտությունները, դուրս գալով միջանկյալ երկրներ, կարող ես գնել ուզածդ խանութում. ինչ տարբերություն` քո երկրում ես գնել, թե ուրիշ: Տարբերությունն իհարկե երկրե-երկիր քարշ տալու անիմաստությունից զերծ մնալն է:

Նման թեթևությամբ` անգամ երկու փոքրիկ երեխաների հետ կարող ես դուրս գալ արկածներ որոնելու, ու այդ առումով հիշարժան էր նշածս 2007-ին Ճապոնիան, ուր Մոսկվայից ժամանեցի վեց տարեկան տղայիս ու երկու տարեկան աղջկաս հետ` մենակ, ու մինչև Սիդնեյ թռիչքը մի յոթ ժամ ունեի, որոշեցի դուրս գալ քաղաք:  Պահ տվեցի ձեռքիս մի երկու պայուսակը օդանավակայանում, մանրեցի մի հիսուն դոլար, ու դուրս եկա օդանավակայանից, ուղիղ դեպի գնացքի կայարան:

Բանից պարզվում է ճապոնացիներն անգլերեն այնքան էլ չեն հասկանում, ու կայարանում էլ տոմսի գնման ավտոմատի վրա միայն ճապոներեն են գրված անունները: Մի քանի անհաջող փորձերից հետո` բացատրել մարդկանց, թե ինչ է ուզածս, մի երիտասարդ աղջիկ վստահեցրեց` փողերդ տուր, ես կանեմ: Նրա բռի մեջ դատարկեցի ունեցածս իենները, որոնցից նա ինչ-որ քանակություն ընտրեց ու գցեց ավտոմատի մեջ: Ժպտացի. ինչքան հեշտ էր: Հետո գնացքն անձայն ու սահուն սուրաց մի գեղեցիկ, մուգ կանաչ անտառի միջով, ու ես մտածում էի` ինչ եմ անում, ուր եմ գնում, ոնց եմ հետ գալու… :)

Հասանք այն կայարանը, որը կենտրոնն էր: Իսկ այնտեղ ինֆորմացիոն բյուրո կար` մի փոքրիկ պատուհանիկի տեսքով: Քաղաքը կոչվում էր Նարիտա, և գլխավոր տեսարժան վայրը տեղի տաճարն էր: Տաճար կարելի էր գնալ ավտոբուսով, բայց ձեռքիս քարտեզից հասկացա, որ քայլել նույնպես կարելի է: Երեխաներիս հետ ճաշեցինք դիմացի Մաքդոնալդսում, ու ճանապարհ ընկանք: Նեղլիկ փողոցներ ու խանութներ, իսկական գեյշա (!)` անցնող` ժպտաց ու խոնարհվեց:

Ճանապարհին տղաս զուգարան ուզեց:  Ահա և նա` անցնում էինք կողքով: Ու այդտեղ ես իսկապես զարմացա. սենսորային լվացարաններ (առանց փականի, ձեռքդ մոտեցնում ես, ջուրը գալիս է) ու (!) զուգարաններն` առանց զուգարանակոնքի: Ընդամենը փոս` գետնին, ինչպես սովետական բանակներում  երևի :)

Տաճարն արտասովոր գեղեցիկ էր: Մեծ ու ազդեցիկ: Բակում ջրհորի պես մի բան կար` վրան փայտե շերեփներ., որոնցով ջուր ես լցնում ձեռքերիդ` լվանալու` մինչև տաճար մտնելը:

Տաճարը մի քանի մատուռների համալիր էր, ու դրանցից մեկի մոտ գրված էր կարծեմ այսպես ` եթե այդ շինության շուրջը մի լրիվ պտույտ կատարես` նվիրական ցանկությունդ կկատարվի: Չէ, ես դրա շուրջը չանցա: Նման բաները, եթե անում ես, ուրեմն հավատում ես, իսկ եթե հավատում ես, իմացիր նախ ինչին ես հավատում:

Տաճարի լայն, հրապարակ հիշեցնող բակում մանր, սպիտակ խճաքարեր էին ամբողջ, աղջիկս վազում էր դրանց վրա ու ուրախանում, և  երկու փոքրիկ, տարեց ճապոնուհիներ հրճվում էին քաղցր`  նրա ուրախանալու վրա` արտաբերելով ինչ-որ բառեր:

Իսկ ես հովհար գնեցի տաճարի բակից :) մուգ կապույտ ամբողջը և փորագրած գեղեցիկ զարդանախշերով` վրան էլ ոսկետառ ինչ-որ գրություններ ճապոներեն:

Վերադարձանք գնացքի կայարան, ու ես փորձում եմ պարզել, երբ է հաջորդ գնացքը:  Ու սկսում եմ անհագստանալ, քանի որ թռիչքիս քիչ է մնացել: Հուսահատ փորձում եմ գտնել գոնե մի եվրոպական դեմք` անգլերենից անտեղյակ անցող-դարձող տեղացիների մեջ: Վերջապես տեսնում եմ մի երիտասարդ, բարձրահասակ տղամարդ` բավական համակրելի, ատլետիկ արտաքինով: Do you speak English? Yes. Վերջապես: Խնդրում եմ ինձ օգնի պարզելու` երբ է դեպի օդանավակայան գնացքը ժամանում: տեղեկացնում է սիրալիր: Ինչ լավ է, հենց  ժամանակին էի, մի քանի րոպեից, իսկ հաջորդը մեկ, թե ժամուկես հետո էր: Շունչ եմ քաշում թեթևացած, երեխաներին ասում` չհեռանան մոտիցս: Ու այդ պահին, երիտասարդը, որն արդեն հեռանում էր, հետ է շրջվում, մոտենում ու` “Հայ եք?” /հենց այդպես էլ ասում է, հայերեն :)/: Բա: Հայ եմ, բայց սոված չեմ :)) Ու մենք զրուցում ենք, ու պարզվում է` օդաչու էր կարծեմ, թե ավիացիայի այլ աշխատող, որ մի երկու տարի է ինչ ապրում է  այդ փոքրիկ քաղաքում, ուր հայեր, ինչքան հասկանում եմ, չեն պատահում :)  Ներկայացնում է նաև կողքի ընկերուհուն` պարսկուհի:

Օդանավակայանում տղաս, ի մեծագույն հրճվանք իրեն, գտնում է իր երազած խաղալիքը, որից միայն Ճապոնիայում կար. հատուկ տեսակի պոկեմոն, ու ես բարեհաջող բեռնաթափում եմ մոտս մնացած վերջին իենները :)

տեղեր, observations, travel, հիշողություններ

Previous post Next post
Up