Պամպերսակրաց արշավանքներ

Feb 21, 2013 19:23



...տիկնայք և պարոնայք... մեծացեք վերջապես ու դուրս եկեք պամպերսներից... դրա համար միայն երկու բան պիտի հասկանալ...

1. հնարավոր չէ հինգ տարի ոչինչ չանելով, հասարակության վստահությունն ակնկալել... հնարավոր չէ, մեկանգմայա ակցիաներով՝ լինի հացադուլ, թե ինքնահրկիզում, համակրանք ձեռք բերել մերօրյա երիտասարդ բայց օր-օրի բարդացող հասարակության մեջ...
...հնարավոր չէ խաչի բարձրանալով փրկիչ ճանաչվել... առանց տարիների տքնաջան քարոզի, առանց նոր խոսքի ու սիրո, առանց անապատներում չարի փորձություններին դիմակայելու, առանց պիղատոսի դիմաց մնալու այն ինչ կաս, առանց պոռնիկի ոտքերը լվալու ու հարկահավաքի մեղքերը ներելու Փրկիչ չես դառնա, թեկուզ՝ ջուրը գինի դարձրու, հինգ հազար մարդ կերակրիր մի օրում ու հարություն տուր Ղազարոսին կամ հենց թեկուզ՝ երկինք համբարձվիր...
...հնարավոր չէ ձիու վրա երկինք սավառնելով մարգարեանալ... առանց տարիների արյան ու քրտինքի նվաճումների, առանց թույլին ու օտարին սատարելու, առանց հետապնդվելու, առանց ամուր բազկի ու հարգանքի, առանց անապատներում քոչվորների ապարը կոտրելու ու փշրանքները համախմբելու, առանց հրապարակային քարոզի, առանց քարոզածիդ պես ապրելու, սոված փորիդ քար սեղմելու Մարգարե չես դառնա, թեկուզ լուսինը երկու կես արա, մատերիցդ ջուր քամիր...
...հնարավոր չէ ստամոքսը մի քանի օր դատարկ պահելով ազգի հոգևոր առաջնորդ դառնալ... առանց ողջ կյանքում երկրի դարդով ապրելու, առանց բռնությունն ամեն ինչում մերժելու, առանց սեփական ազգիդ արատների դեմ ելնելու, առանց հաստատուն սկզբունքների ու դրանց հանդեպ անմնացորդ հավատարմության, առանց բարոյականության՝ ամեն ինչում, առանց թումանյանական գանդիզմի Մոհաթմա չես դառնա, թեկուզ մեջդ մեկ չէ՝ երեք գնդակ ընդունիր...
2. հնարավոր չէ հինգ տարի ոչինչ չանելով, ամեն ինչում, բոլոր մանրուքներում ակտիվ ու պահանջատեր չլինելով, լավ երկիր ակնկալել... հնարավոր չէ հինգ տարին մեկ փողոց թափվելով, հինգ տարին մեկ ադրենալինի հոսքերը վայելելով, հինգ տարին մեկ կոկորդ պատռելով ու հավաքված մաղձդ թափելով, հինգ տարին մեկ «սթրայքբոլլ» խաղալով, հինգ տարին մեկ ամբոխի մեջտեղում ինքդ քեզ ինչ-որ մի մեծ ու զորեղ բանի մաս զգալով, հինգ տարին մեկ ինքնամաքրմամբ ու... հինգ տարի շարունակ հիասթափված ու ցինիկ լինելով, հինգ տարի շարունակ դիտորդ մնալով, հինգ տարի շարունակ կողքիններիդ դարդից հեռու մնալով, պորտովդ հիանալով ու բացառապես քո ու ընտանիքիդ դժվարություններով ու վայելքներով ապրելով, հինգ տարի շարունակ «փիս տերերին» ծառայելով վաստակելով, հինգ տարի շարունակ թնկթնկալով, հինգ տարի շարունակ քեզ չնչին ու աննշան զգալով ու բոլորին պարտական՝ որ քաջաբար մնում ես էս «քաքի մեջ», հինգ տարի շարունակ համարելով, որ մեկ է քո տեղը դրսում է ու երբ ուզես՝ կհեռանաս, հինգ տարի շարունակ մաղձոտելով ու կեղտոտվելով... հնարավոր չէ արժանանալ այնպիսի երկրում ապրելու բախտին, որը կհամարես քոնը... ու լավը...
...հնարավոր չէ արդար երկիր ունենալ, երբ ինքդ պատրաստ ես որբի հացը լափելու ու այրու արցունքը շինելու...
...հնարավոր չէ խաղաղ երկիր ունենալ, երբ կռիվը գլխումդ է...
...հնարավոր չէ ապահով երկիր ունենալ, երբ աշխատել չես սիրում...
...հնարավոր չէ առողջ երկիր ունենալ, երբ հիվանդ չլինելու համար դիմում ես բժշկի...
...հնարավոր չէ կրթված երկիր ունենալ, երբ ուսանում ես կես տասնամյակ ևս ուրիշի վզին նստելու համար, երբ ուսումն ավարտում ես որպես կայացած անհաջողակ, թամբալ ու մանկամիտ...
...հնարավոր չէ բարի ու լավ թագավոր ունենալ վատ թագավորությունում...
...հնարավոր չէ ոչինչ փոխել, եթե փոփոխություններն ուրիշից ես սպասում...
...հնարավոր չէ ատելության շուրթերով սեր քարոզել...
...չի գալու էդ ուրիշը, չի փոխելու, լավը չի լինելու, երկու վատի կռվից էլ լավ չի լինելու...
...լավ լինելու համար պիտի ամեն առավոտ արթնանաս մի հարցի պատասխան ունենալով, մի քայլում հաստատակամ, հեռու-մոտիկ-հեռացած մի հարազատին, ընկերոջը ժպիտով հիշելով, մեկի հետ կռիվդ քո մեջ հաշտեցրած, մեկի բեռը կրելու պատրաստ, մի անծանոթի բարի խոսքեր ասելու ծարավով, մեկին զիջելու ցանկությամբ, մեկի հանդեպ պատասխանատվությամբ, մեկին գրկած...
...լավ լինելու համար պիտի ամեն երեկո քնես մեկին օգնած, մի անծանոթի բարի խոսք ասած, մեկի հոգսը քաշած, մի հոգսի մասին մտածելով, սրտիդ խփոցը լսելով, մեկին գրկած ու մեկի կարոտից թաց աչքերով... հա, մեկ էլ՝ արևին բարևելու մեծ ցանկությամբ...
...լավ լինելու համար պիտի ունենաս լավի լինելու մասին պատկերացում ու դրան հասնելու սեփական բանաձևը...
...լավ լինելու համար, պիտի հասկանաս, թե ոնց անես, որ բոլորի համար լավ լինի... էսօր, վաղը... հարյուր տարի հետո...
...լավ լինելու համար պիտի զգաս բոլորի համար լավ լինելու համար քո մեեեեեծ պատասխանատվությունը...
...լավ լինելու համար պիտի ապրես...

թամբալներ, թագավորներ, բառադիություն, սոված մանուկներ, ողբ, ստրուկներ, պամպերսակիր ժողովուրդ

Previous post Next post
Up