Անկուռք կռապաշտների մայրամուտը

Oct 29, 2011 02:24




Երկրի ամենաբարձրաստիճան աշխատանքային միգրանտը լքեց քաղաքը...
... լքեց ու գնաց Երկրի ամենաերիտասարդ թոշակառուի հետքերով...
... միացավ աշխատանքային միգրանտների ավելի քան միլիոնանոց բանակին ու թող ոտքը քարին չդիպչի ուրիշի քաղաքում, ուրիշի հողում, ուրիշի երկնքի տակ...

... իսկ Երկրում դեռևս մնացող հազարավորներ կուռք են փնտրում...

... իր ուժերին չհավատացող ժողովուրդը կուռքերի կարիք ունի, միշտ ու ամենուրեք...
... Երկրի ժողովուրդն իր ուժերին չի հավատում...
... հավատում էր, հավատում էր սարի չափ...
... բայց տարեց-տարի հավատը մաշվեց ու մնաց մի բուռ քարի չափ...
... հիմա Երկրի ժողովուրդը կուռքեր է փնտրում, որ իր քարի չափ հավատը հենի սարի չափ թվացող կուռքերին, որ հավատա վաղվա օրվան ու ապրի...
... կուռքեր փնտրելու անսովոր Երկրի ժողովուրդը որտեղ ասես չի փնտրում ու գտնում իր կուռքերին...
... փնտրում է անցած օրերի մարած գործիչների սև վերարկուների գրպաններում...
... փնտրում է Երկրի պատիվը պահող շախմատիստի ու դարպասապահի մեջ...
... փնտրում է Երկրի համար ցավող, բայց Երկրի ցավով չապրող շանսոնյեի ու եկեղեցականի մեջ...
... փնտրում է անգամ Երկիրը լքող գեղեցկադեմ քաղաքապետի պատերի տակ...

image Click to view



... փնտրում է ուր պատահի...
... գտնում է ում պատահի...
... ու ծնվում են կուռքերն իրար հետևից...

... ծնվում են վաղվա օրվա հանդեպ Երկրի ժողովրդի վախից...
... ու նոր կուռքին գտած ժողովուրդը մի պահ լցվում է հավատով...

image Click to view



... ու նոր կուռքը մնում է պատվանդանին, մինչև այն պահը, երբ Երկրի ժողովուրդը հիասթափության ցավից գալարվելով հասկանում է, որ «սարը» սար չէր ու իրեն մնացել է իր ուժերի հանդեպ քարի չափ իր հավատը, որն հերթական հիասթափությունից ավելի է փոքրացել...

... էսպես փոքրանում է հավատի քարն ու փոքրանում...
... ու փոքրանալու է էնքան, մինչև օրերից մի օր հերթական կուռքի հետևից ընկած «հեղափոխական» կամ «ռեակցիոներ» կռապաշտը աչքերը վեր կբարձրացնի ու իր վերջին կուռքի աչքերում կկարդա իր տեսակի դատավճիռը...

image You can watch this video on www.livejournal.com



... ու փոքրանալու է էնքան, քանի դեռ Երկրի ժողովուրդը չի հասկացել իր հանդեպ հավատի ժայռը ստեղծելու պարզ խորհուրդը...

... փոքրանալու է, քանի Երկրի երիտասարդը վայր չի նետել բոլոր կուռքերին իրենց փտած պատվանդաններից ու չի ազատվել կուռքեր ունենալու հին սերնդի հիվանդ մարմաջից...

... կռապաշտ հասարակություններն ապագա չունեն...
... ապագան սեփական ուժերին, հարազատին ու հարևանին, ընկերոջն ու հայրենակցին, սեփական երկրի քաղաքացուն վստահող ու թիկունք կանգնող ժողովուրդներինն է...
... ապագան յուրաքանչյուրի համար հոգացող ու բոլորին հարգող, մյուսի ցավով այրվող, «ուրիշի երեխա» չճանաչող, դռան առաջ «մետրը-մետրի մետլախ» չանող ժողովուրդներին է...
... ապագան մրցության մեջ մրցակցին իր հետևից տանող ժողովուրդներին է...

... ու մենք հաստատ կանք էդ ապագայում...
... որովհետև թեև բազում են դեռ հեռացող կուռքերի համար թախծող հավատապակասները, արդեն ոտքի են կանգնում նրանք, ովքեր իրենց ուժերի հանդեպ հավատի քարը դնում են մյուսինի կողքին...

... էդ քարը տեսա խոհանոցում կախված թղթի վրա՝ Չիչխանի վրա փոքր ՀԷԿ-ի շինարարությունը արգելելու պահանջով, վրան մեկ ստորագրություն՝ իմ ամենաերիտասարդ գործընկերոջ ստորագրությունը ...
... տուն էի գնում, տեսա էդ թուղթն ու հետ դարձա, որ ավետեմ...

... որ գալիս են նրանք, ովքեր պահանջում են նախ իրենցից, պահանջում են հայրենակցից (բա հո չես ասի՝ քաղաքացիակցից) ու հետո նոր միայն՝ կառավարությունից...
... որ գալիս են նրանք, ում համար գրվել են Երկրի Սահմանադրության առաջին երկու հոդվածները...
... որ գալիս են նրանք, ովքեր գետնին գալարվելու փոխարեն փորձում են շարժել կողքինին...
... որ գալիս են նրանք, ովքեր իրենց հավատի քարը մեկնում են քո քարին ու կրկնապատկում հավատդ...
... որ գալիս են նրանք, ում հավատը էքսկավատորներ է շարժում ու վաղը սարեր է շարժելու...

...նրանց կուռքեր պետք չեն, նրանց հերիք է կողքին կանգած հայրենակցի հավատի ջերմությունը ...

...Թռչկանը վկա...

կուռքեր, միգրացիա, Երկիր, կռապաշտներ, ձեր ցավը տանեմ, հավատ, հիասթափություն, ապագա, սերունդ

Previous post Next post
Up