Aug 12, 2020 18:27
Հանգուցյալի դիակին սպասումը լի էր տարօրինակ լռությամբ....լռությունը ցավեցնում էր...իր խտությամբ, իր երկաթային ծանրությամբ...անհասկանլի ճանապարհով թռած ճնճղուկը ներս սուրաց սենյակ, բախվեց դռանը ու ընկավ...վայրկենապես...ընկավ արագ ու վերջնական, ինչպես և եղբայրը...Բախյունի ձայնը արձագանքեց սահմանի վրա սկսված հերթական կռվից պաշտպանվելու համար խոհանոցում դրված մահճակալ-թախտի ու հեռախոսի միջև ընկած ոտնաձայների մեջ...ոտնաձայներն ու գունատ շրթունքնե՞րն էին, որ սպանեցին ճնճղուկին...գուցե առաջին հարկից դեպի 2րդ հարկ գազի խողովակի միջով արձագանքող ձայնն էր, որ խախտում էր դիվային լռությունը...
Լռություն կա,որ չպիտի,իրավունք չունի խախտվելու...իսկ թե խախտեցիր, ինչ-որ մի տեղ մի ճնճղուկ կբախվի ծանր դռանն ու վայր կընկնի....Զանգեր կան,որոնց մասին չպիտի իմանալ...իսկ թե իմացար, ինչ-որ մի բան արյունիցդ կպակասի...Գնացող կա, որ չպիտի հարցնես, թե ուր...իսկ թե հարցրեցիր, ինչ-որ մասնիկդ սպանված կլինի...
Եղբոր մահվան լուրը իմացան հեռախոսազանգով...ամուսինը շտապեց դուրս...իսկ եթե չվազեր հետևից...չհարցներ...միգուցե չիմանար, չլսեր, միգուցե ապրեր...
Հույս կա, որ երբեք չի մեռնում...
Պատուհանի ապակուն թակող ճնճղուկը համառ էր...ներս մտնել էր ուզում...Իսկ մեզ փոքրուց սովորեցրել են,որ անծանոթներին ներս չեն հրավիրում...անծանոթներին...բայց ճնճղուկը եղբոր մահից հետո էր եկել...բայց ճնճղուկը անծանոթ չէր...գուցե քրոջն էր ուզում հրաժեշտ տալ...
Տանիքում խողովակ էր խցանվել...բացեց...քանդեց...ճնճղուկի բույնը...քանդված բույնը քրոջը տապալեց աթոռին...իրեն ներել չէր կարողանում...
Միայն շաբաթներ անց պարանից կախվող լվացքի թարմ հոտին խառնվեցին իրար հետ խաղացող 2 ճնճղուկի սիրալիր ձայները...թարմության հոտն ու սիրո ձայները...հոտն ու ձայները խտացան...դարձան անուշաբույր սուրճ արդեն վերանորոգված խոհանոցում...խոհանոց, որտեղ արդեն չկար մահճակալ-թախտ...որտեղից արդեն 2րդ հարկ չէիր կարող ձայն տալ գազի խողովակների միջով...
Սուրճի բույրը տարածվեց խոհանոցով մեկ...Քույրը, առանձնացնելով սուրճի բույրից լվացքի թարմ հոտն ու սիրո ձայները, ակամայից նայեց պատուհանին՝ հուսալով, որ մի օր ճնճղուկը նորից կթակի այն...