Feb 17, 2011 19:53
Բարեկամներ,
Երեկ Հայաստանում էր իմ վրացի գործընկեր Նիկոլոզ Գիլաուրին: Ինձ թվում է այցը հարմար առիթ է անդրադառնալու մի շարք խնդիրների, որոնց մասին ինձ բազմիցս հարցնում են բլոգում նաև բլոգերների հետ հանդիպումների ընթացքում: Այդ հարցերը վերաբերում են վրացական բարեփոխումներին, վրացահայության խնդիրներին, այլ հարցերի:
Ընդհանուր առմամբ, ցանկանում եմ նշել հետևյալը: Մեր երկրի ու ժողովրդի կենսական շահերից է բխում ժողովրդավարական, հարուստ ու զարգացած հարևան ունենալը: Այդ առումով Վրաստանի հաջողությունները մեզ պետք է ոգևորեն և ոչ թե խանդ ու նախանձ առաջացնեն:
Նույնքան հաճախ էլ հարցնում են հայկական տարբեր բիզնեսների մասին, որոնք իբր “փախչում են” Վրաստան: Առաջացող այդ հարցի վերաբերյալ հիմնական խնդիրն այն է, որ դրա հեղինակները հաճախ տարբերություն չեն դնում դեպի Վրաստան բիզնեսի ընդլայնման ու տեղափոխման միջև: Վրաստանի վարչապետի հետ մենք պայմանավորվեցինք բարենպաստ պայմաններ ստեղծել, որ մեր շուկաները լինեն միասնական, իսկ տնտեսություններն՝ ավելի ինտեգրված:
Ինչ վերաբերում է տեղափոխված ընկերություններին, ապա եթե այդպիսիք կան, առաջարկում եմ անդրադառնալ բոլոր այն կոնկրետ դեպքերին, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությունում բիզնեսի փակմանն ու Վրաստան տեղափոխմանը: Խնդրում եմ այդ մասին գրել մեկնաբանություններում, և մենք միասին կվերլուծենք պատճառներն ու կանենք եզրակացություններ:
Մեր երկու երկրների զարգացման մոդելները տարբեր են: Մենք ընտրել ենք բարեփոխումների էվոլյուցիոն, իսկ Վրաստանը՝ հեղափոխական ճանապարհը: Այդ ճանապարհներից յուրաքանչյուրն ունի իր դրական ու բացասական կողմերը: Մեր բարեփոխումները ենթադրում են իրականացման այլ տրամաբանություն: Այն ինչ մի դեպքում կիրառելի է, մյուս դեպքում կիրառելի չէ և պարզ համեմատություններն ու համադրումները, իմ կարծիքով, տեղին չեն:
Այն ոլորտները, որտեղ Վրաստանը ունի հաջողություններ մեզ համար պետք է լինեն ուսանելի: Բայց ինձ մտահոգում է մեկ այլ բան. մարդիկ, ովքեր արդարացիորեն նշում են Վրաստանի առաջընթացը, չեն նկատում մեր երկրի հաջողությունները: Վրաստանի վարչապետի հետ հանդիպման ընթացքում ես անդրադարձա նրանց հաջողություններին հարկային ու մաքսային վարչարարության և ճանապարհային ոստիկանության բարեփոխումների ոլորտներում: Մենք չենք խորշում մեր գործընկերների փորձն ուսումնասիրելուց ու նրանց օժանդակությամբ նմանօրինակ բարեփոխումներ իրականացնելուց: Իմ վրացի գործընկերը բարձր գնահատեց ֆինանսական հատվածում մեր հաջողությունները մասնավորապես ներքին պարտքի կառավարման, բանկային համակարգի ու ապահովագրության ոլորտների մեր ձեռբերումները, և մենք համաձայնեցինք այդ հարցերի շուրջ նրանց մեր փորձն ու օժանդակությունը տրամադրել:
Եվ ամենակարևորը՝ երկու բարեկամ պետությունների ու ժողովուրդների մրցակցությունը պետք է ծառայեցնել Հայաստանի և Վրաստանի զարգացման շահերին, այլ ոչ թե հակադրել իրար: