ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿՈՒՄԸ ԵՎ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ ԴՈՆԲԱՍՈՒՄ

May 01, 2011 22:42


Դոնբասում 1915 թ. Եղեռնի զոհերի հիշատակումների շարքն սկսվեց ապրիլի 22-ին՝ Կոնստանտինովկա քաղաքից: Քաղաքի հայ համայնքի կազմակերպած հիշատակման երեկոյին մասնակցում էին Դոնեցկի երաժշտական ուսումնարանի տարբեր ազգերի ներկայացուցիչ սաներ, միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր, դուդուկահար Լևոն Աբրահամյանը և այլոք:

Տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Հուսիկ քհն. Նուրիջանյանի օրհնության խոսքով և Տերունական աղոթքով սկսվեց երեկույթը, որի ընթացքում հնչեցին ուսումնարանի սաների և դուդուկահարի կատարումները՝ Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի, Արամ Խաչատրյանի և եվրոպական այլ կոմպոզիտորների ստեղծագործություններից:

Ցուցադրվեցին նաև կադրեր՝ Մեծ Եղեռնի վերաբերյալ, իսկ վերջում այլազգի հյուրերին նվիրվեց «Արտույտների ագարակը» ֆիլմը:

Գլխավոր և մեծ արարողությունը տեղի ունեցավ Դոնեցկում՝ ապրիլի 23-ին:

Երեկոյան, երբ ուղղափառ հավատացյալներն արդեն հավաքվում էին քաղաքի կենտրոնական եկեղեցում, տարածաշրջանի տարբեր քաղաքներից եկած հայերը եռագույն դրոշներով ու Ցեղասպանությունը դատապարտող պաստառներով հավաքվեցին եկեղեցու դիմաց և սկսվեց քայլարշավը դեպի Լենինի անունը կրող հրապարակ, որտեղից էլ՝ կենտրոնական փողոցով դեպի մեքենաները, և ավտոշքերթով դեպի Սուրբ Խաչ եկեղեցի:

Եկեղեցու բակում՝ Եղեռնի զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարի դիմաց Տ. Հուսիկը կատարեց Հոգեհանգստյան արարողություն, որից հետո հնչեցին խոսքեր, բանաստեղծություններ, ինչպես նաև օրվան համահունչ դուդուկ՝ Լևոն Աբրահամյանի կատարմամբ: Եկեղեցու բակում կազմակերպված էր նաև Եղեռնի վերաբերյալ նկարների ցուցահանդես և կադրերի ցուցադրում:

Հարության Ճրագալույցի Սուրբ Պատարագից հետո Խորանից իջեցված Տիրոջ լույսը խորհրդանշող կրակով եկեղեցու բակում տեղի ունեցավ մոմավառություն, որը խաչի տեսք ուներ և ներքևում 1915:

Արարողության ավարտին ներկա գտնվողներն իրենց հետ տուն տարան Տիրոջ Սուրբ Հարության Ճրագալույցի լույսը:

Օրվա միջոցառումները լուսաբանելու համար հրավիրվել էր նաև մարզային լրատվամիջոցներից «Донбасс» հեռուստաալիքի լրագրողները, ում պատրաստած տեսանյութն էլ եթեր դուրս եկավ հենց նույն երեկոյան լուրերով:

Արդեն հաջորդ օրը՝ ապրիլի 24-ի առավոտյան, Սուրբ Խաչ եկեղեցու բակը նորից լիքն էր հավատացյալ հայերով: Տոնվում էր մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը՝ Զատիկը: Ներկա էին Դոնեցկի մարզային հայ համայնքի ներկայացուցիչներ, հավատացյալ հայեր Դոնեցկի և Լուգանսկի մարզերի տարբեր քաղաքներից ու գյուղերից, ինչպես նաև Դոնեցկի «Շախտյոր» ֆուտբոլի թիմի լավագույն ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանը:

Տեր Հուսիկ քհն-ի ձեռամբ մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ, որի ընթացքում ընթերցվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Սուրբ Հարության Պատգամը համայն հայությանը:

Պատարագից հետո Եղեռնի զոհերի հուշարձանի մոտ տեղի ունեցավ Հոգեհանգստյան պաշտոն, որից հետո Տեր Հայրը կատարեց հավատացյալ հայորդիների բերած բարիքների օրհնության արարողություն:

Ժողովրդին մատուցվեց նաև մատաղ և ներկած ձվեր՝ տարվա եկեղեցու կնքահայր Նիկոլայ Էդուարդի Տիտանյանի հովանավորությամբ:

Նույն օրը երեկոյան, արդեն Դոնեցկի մարզի մեկ ուրիշ քաղաքում՝ Մարիուպոլում, քաղաքի հայ համայնքի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ևս մեկ ոգեկոչման արարողություն՝ նվիրված Մեծ Եղեռնի զոհերին:

Համայնքի ղեկավար Հենրիկ Հարությունի Յայլոյանի հովանավորությամբ կառուցված Սուրբ Ամենափրկիչ մատուռի բակում կանգնեցված հուշարձանի մոտ Տեր Հուսիկ քհն. Նուրիջանյանը կատարեց Հոգեհանգստյան արարողություն, հնչեցին խոսքեր, պատմական ակնարկներ և ցուցադրվեց փաստագրական ֆիլմ Եղեռնի վերաբերյալ:
Հայ համայնքների ջանքերով Եղեռնի զոհերին նվիրված միջոցառումներ իրականացվեցին նաև Դոնբասի շատ քաղաքներում, ինչպես օրինակ Շախտյորսկում, (որտեղ նույնպես կանգնեցված է խաչքար-հուշարձան), Արտյոմովսկում, Լուգանսկում, Ալչևսկում և այլն:
Previous post Next post
Up