(no subject)

Apr 07, 2012 23:51

Ոսկի ձեռքեր ուներ ու խիղճ ուներ...

Կյանքիս, մանկությանս ամենավառ հիշողություններից շատերում անպայման կան պապիկներս...Մի պապիկս ինձ Սևուկ ուլիկ էր ասում, իսկ մյուսը` Մաուգլի: Նրանցից ոչ մեկի հետ միասին չենք ապրել, բայց անսահման շատ էի սիրում երկուսին էլ...Մի պապիկիս հետ հազվադեպ էինք հանդիպում, քանի որ Երևանում չէր ապրում, իսկ մյուսին շատ շուտ-շուտ էինք տեսնում: Պապիկիս մասին, որն ինձ Սևուկ ուլիկ էր ասում հասցրել էի գրառումներիցս մեկում հիշատակել, իսկ մյուս պապիկիս մասին այսօր մի քիչ կգրեմ:
Պապիկս կոշկակար էր, Վրացական փողոցի վրա մի փոքրիկ կրպակ ուներ, որտեղ աշխատեց քսան տարուց ավել...Փոքր ժամանակ, երբ նրան կարոտում էի, մամային համոզում էի, որ գոնե շաբաթվա մեջ մի քանի անգամ գնանք կրպակ պապիկին այցելելու: Իհարկե, պապիկին տեսնելը միակ շահագրգռող մասը չէր: Ամեն գնալուց պապիկը պարտադիր կոնֆետի կամ պաղպաղակի գումար էր տալիս, հենց իր կրպակի կողքին այն ժամանակ աշխարհի ամենահամով թվացող “ճզմովի պաղպաղակ” էին վաճառում:)
Մեկ էլ մի բան կար, ինչի համար շատ էի սիրում գնալ պապիկի մոտ, դա իմ փոքրիկ կոշկակարական հմտությունները փորձելն էր...Մի տախտակ կար, վերցնում էի ու սկսում վրան մուրճով մեխերը շարել: Մամաս ամեն գնալուց զգուշացնում էր, էլ չանես, փչացնում ես մեխերը: Ես էլ խոսք էի տալիս, որ էլ չեմ անի, բայց պապիկս տխուր հայացքս տեսնում էր, միանգամից ասում` մի հատ նայի ստեղ ինչ-որ մեխ եմ առել, մոտս չի ստացվում դրանք տախտակի մեջ մեխել, տես քո մոտ կստացվի? Ես էլ խփում էի ու ասում` նայիիի, իմ մոտ ստացվեց:)
Բայց մեր այցելությունները գրեթե չէին լինում երկուշաբթի օրերին: Բոլոր շրջակայքում ապրողներն ու հաճախորդներն էլ գիտեին, որ այդ օրը “Երկուշաբթի ակումբի” անդամների հավաքույթի օրն է: Պապիկս երիտասարդ տարիներից ավանդույթ ուներ` բոլոր ընկերներին հավաքում էր իր կրպակում ու սկսվում էին իսկական թեժ քննարկումներն ու կռիվները և երբեմն էլ, իհարկե, ուտել-խմելը: Մի անգամ նույնիսկ թերթում հոդված գրեցին պապիկիս այդ բարի ավանդույթի մասին...


Բայց դա միակ հոդվածը չէր պապիկի մասին...Մի անգամ թերթերից մեկում հոդված հայտնվեց իր նկարով: Լրագրողը պատմում էր այն, ինչ լսել էր հարևաններից կամ ինչի ականատես էր եղել: Պապիկի բարությունը սահմաններ չուներ, հաճախորդների մի մասին մշտապես անվճար էր սպասարկում, հենց դրա մասին մի քանի դեպք էլ կար նկարագրված հոդվածում: Այն էլ անվանել էր "Ոսկի ձեռքեր ունի ու խիղճ ունի"...Հոդվածում գրում էր` Ուրիշները մի երկու մեխ են խփում, մի բան կպցնում ու թե` 200 կամ 250 դրամ տուր: Ինքը ոչ մի բան էլ չի ուզում, ասում է` "Не надо, будь здоров".

Մեկ էլ պապիկիս առանձնահատկություններից մեկն այն էր, որ կոշկակար լինելով, թողնում էր առնվազն նախարարի տպավորություն: Ամեն օր աշխատանքի պարտադիր պետք է կոստյում հագներ, փողկապ, առավոտյան սափրվեր ու օդեկոլոնը ցաներ...
Երբ հիվանդացավ ու էլ ի վիճակի չէր աշխատել, շատ էր կարոտում գործը, մեկ-մեկ գնում էր ու կրպակի կողքի նստարանին նստում...
Արդեն վաղուց իմ համար այդ փողոցն ու տարածքը հարազատ չէին: Որբաթ օրը նկարահանման էի գնում, Կոմիտասից թեքվեցինք դեպի Վրացական: Աչքերս ինքնաբերաբար միանգամից նայեցին կրպակի ուղղությամբ:
Կրպակների հանելու փաստը շատ էր մտահոգել ինձ, երբ տեսա վիդեոն, թե ինչպես են Փափազյան փողոցից հանում դրանք ու ոնց են մարդկանց անխնա հրմշտում: Բայց երբեք չէի մտածի, որ ինձ համար այդ թեման մեկ տարի անց կդառնա էսքան ծանր ու անձնական:
Կրպակը չկար...դատարկվել էր փողոցի այդ հատվածը....Չեմ կարող նկարագրել, թե ներսումս ինչ կատարվեց, երբ հասկացա, որ այդ փոքրիկ հողակտորն ու երկաթի մնացորդները պապիկիս կրպակն է...Կարծես, մանկությանս մի մասը մնացել էր այդտեղ..Այն իմ սիրելի կրպակը...Գուցե այդ քարերի տակ այն տախտակն էր իմ մեխած մեխերով, որոնք այդպես մեխվել են հիշողությանս մեջ...


Previous post Next post
Up