Հայտարարություն

Dec 11, 2009 18:25

«Մենք` Հայաստանի Հանրապետության կուսակցական կազմակերպությունները ներկայացնող երիտասարդներս, դատապարտում ենք Ադրբեջանի ղեկավարության կողմից վերջերս հաճախակիացած ռազմատենչ հայտարարությունները՝ պատերազմ նախաձեռնելու վերաբերյալ: Գտնում ենք, որ խաղաղությունը մարդկային պատմության կարեւորագույն արժեքներից է համաշխարհային հանրության, առավել եւս մեր տարածաշրջանի համար: Ադրբեջանի նախագահի եւ պաշտպանության նախարարի` պատմությունից դասեր չքաղած եւ պատերազմը վերսկսելուն ուղղված հոխորտանքները պարսավելի են անգամ այն դեպքում, եթե դրանք ունեն բացառապես քարոզչական նպատակներ: Իսկ եթե այսպիսով հող է նախապատրաստվում ռազմական գործողությունները վերսկսելու համար, ապա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ու նախեւառաջ երիտասարդությունը պատվով կընդունեն այս մարտահրավերը եւ հերթական անգամ զենքը ձեռքին կպաշտպանեն արցախցու՝ իր հայրենիքում ԱԶԱՏ ապրելու իրավունքը, ինչպես նաեւ արժանի հակահարված տալով ագրեսորին` կպատժեն նրան իր պատեհապաշտ գործողությունների համար` պարտադրելով նրան խաղաղություն, չբացառելով ԼՂՀ Սահմանադրությամբ ամրագրված տարածքների շուրջ անվտանգության գոտու ստեղծումը:
Մենք վստահ ենք, որ պետականությանը սպառնացող վտանգը կմիավորի Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բոլոր քաղաքացիներին` անկախ նրանց սոցիալական դիրքից եւ քաղաքական հայացքներից: Որպես արտաքին սպառնալիքին հանդիման նման միասնության օրինակ, մենք` քաղաքական տարբեր ուղղվածություն ունեցող երիտասարդ քաղաքացիներս, մեր պատրաստակամությունն ենք հայտնում հայրենիքին սպառնացող վտանգի առարկայացման դեպքում մի կողմ թողնել բոլոր քաղաքական տարաձայնությունները եւ միասնաբար մարտնչել մինչեւ հաղթանակ: Հանո՜ւն ազատության: Հանո՜ւն խաղաղության. Հանո՜ւն Հայաստանի Հանրապետության:

ԱԺՄ երիտասարդական թեւ
»Ժառանգություն" կուսակցության «Հայք» ուսանողական-երիտասարդական միություն
«Հանրապետություն» կուսակցության երտասարդական թեւ
ՀՅԴ Հայաստանի երտասարդական միություն
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն
ՀՌԱԿ «Արմենակ Երկանյան» երիտասարդական ակումբ

ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միություն

news.am

Հայ-ադրբեջանական հակամարտություն, Արցախ, Հայաստան

Previous post Next post
Up