Դեռևս հին աշխարհից մարդկային իմաստությանը հայտնի է, թե ինչ մեծ նշանակություն ունի երաժշտությունը հասարակութունների կայացման, կազմակերպման վրա, նրանց ընդհանուր բարոյական մակարդակի ձևավորման վրա: Հույն պատմաբան Լուկիանոսը դեռ մ.թ. 2-րդ դարում գրում էր. «Հռոմը գնում է դէպի կործանում, որովհետև նրա երաժիշտներն այլեւս չեն դաստիարակում եւ միայն զվարճացնում են»:
Մենք` հայերս, ունենք մի քանի հեքիաթ, որտեղ նշվում է երաժշտության ազդեցության կործանարարությունը, ինչպես նաև այն ներկայացվում է, որպես կործանումից` փրկության բանալի:
Այո՛, հնուց ի վեր ու այսօր բոլորն էլ գիտեն, որ երաժշտությամբ կարելի է պետություններ կառուցել եւ քանդել, երաժշտությամբ կարելի է ամբողջ ազգեր կործանել:
Իսկ որքանո՞վ ենք մենք` հայերս, որ կրողն ենք բազմահազարյա մի ամբողջ մշակույթի, հաշվի նստում, ուշադրություն դարձնում այս կարևոր խնդրին:
Եզրակացություն կարելի է կատարել, վերլուծելով` մեր ռադիոներում, հեռուստատեսությունում առկա երաժշտական հաղորդումներում հնչեցվող երգերի, երաժշտության որակը:
Իսկ եզրակացության արդյունքի մասին տագնապում են գրեթե բոլորը ու… արդեն մի քանի տարի:
Հայերիս համար, որ մեր բազմահազարամյա կյանքի ընթացքում բազմաթիվ ժողովուրդների սրտեր ենք գերել մեր ինքնատիպ մշակույթով, ու այսօր ի պատիվ մեր ժողովուրդի անանձնական նվիրումին իր հայրենիքին, ունենք ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆ, խիստ ամոթալի է խոսել այսպիսի խնդրի մասին, այն, որ մեր իսկ երկրում գրեթե բացակայում է մեր, մե՛ր ազգային երաժշության հեռարձակումը: Ավելին, երևույթը խիստ վիրավորանք է յուրաքանչյուր հայի ազգային արժանապատվությանը:
Արդ, այս նամակով Ձեր ուշադրությանն ենք հրավիրում խնդրո առարկան եւ ներկայացնում մի քանի խնդրանք.
Պահանջել, որ ՀՀ եւ ԼՂՀ տարածքում հեռարձակվող ռադիո-հեռուստատեսությունում հնարավորինս կրճատվի ադրբեջանաթուրքական եւ այլ` ցածրորակ, միայն զվարճացնող, ոչ հայկական երաժշտության հեռարձակումը:
Պահանջել, որ յուրաքանչյուր ռադիոյում օրական նվազագույնը երկու ժամ հնչի ազգային երաժշտութիւն(ո՛չ աղավաղված տարբերակներ):
Մենք այսուհետ հետամուտ ենք լինելու խնդրի լուծմանը, որովհետև հստակ գիտակցում ենք, որ ներկա վիճակը խիստ վտանգում է մեր ազգային ինքնությունը:
Նամակն անանուն է, քանզի այն գրված չէ ինչ-որ անհատի անունից, այլ գրված է յուրաքանչյուր հայեցի հայի անունից, եւ արտահայտում է բերված խնդրին առընչվող հայության վրդովմունքն ու նվազագույն պահանջը:
յ.գ.
Նամակն ուղղարկվել է մշակույթի նախարարության, ինչպես նաև մի շարք հեռուստաընկերությունների, ռադիոների, լրատվական գործակալությունների ինտերնետային հասցեներին:
Պահանջին միացեք նաև դուք:
Աղբյուրը