Դատում են Սևանի համար պայքարողներին

Aug 30, 2010 08:30

Ես համոզված եմ, որ Անկախ Հայաստանի ամենամեծ ու կարևոր գործերից մեկը, որն իրականացվել է, դա Սևանի մակերեսի բարձրացումն է: Ճիշտ է, մի քիչ զարմացած եմ, թե ոնց այդքան ապազգային քաղաքականության կողքին նման լավ գործ արեցին (կարծում եմ պատճառներից մեկը շինարարության ժամանակ փող մսխելու հանգամանքն է), բայց արդյունքը շատ լավն էր ու մեր պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող:
Բայց դրա հետ մեկտեղ Արգիճի գետը շեղում են դեպի Եղեգնաձոր, ինչի հետևանքով տարեկան 12 սմ Սևանի մակերեսը կիջնի ու բացի այդ անօրինական ՀԵԿ-եր են կառուցում գետի վրա, ինչի հետևանքով մոտ հինգ տեսակի կարմիր գրքային ձկներ կվերանան, քանի որ նրանք ձվադրվում էին այդ գետի վրա:
Նաև դատում են Սևանի համար պայքարողներին:
Սա արդեն տրամաբանական է ու հասկանալի անկախության շրջանի պետական ապազգային քաղաքականության համատեքստում:

Արգիճի գետի վրա փոքր ՀԷԿ-ի անօրինական կառուցման  եւ գետի հիմնական վտակը` Գայլաձորը, Վայոց Ձորի մարզ ուղղելու  դեմ  բողոքող Գեղարքունիքի մարզի բնակիչների նկատմամբ իրավապահ մարմինների գործողություններն առաջացրել է հասարակական բողոք:

45 կազմակերպություն միավորող Էկոլոգիական հասարակական դաշինքի հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Մենք` Էկոլոգիական հասարակական դաշինքի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներս, հայտնում ենք մեր մտահոգությունը Արգիճի գետի անօրինական ջրօգտագործման ու շինարարության առումով ՀՀ իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված գործողությունների կապակցությամբ:

Ս.թ. հուլիսի 19-ին Գեղարքունիքի մարզի մի խումբ բնակիչներ կազմակերպել էին բողոքի ակցիա` փակելով Երևան-Մարտունի մայրուղին և այդպիսով հրավիրելով ՀՀ իշխանությունների ու լրատվամիջոցների ուշադրությունը իրենց իրավունքների ոտնահարման փաստի վրա: Բողոքն ուղղված էր Արգիճի գետի հիմնական վտակի` Գայլաձորի հունը փոքր ՀէԿ կառուցելու նպատակով դեպի Վայոց Ձոր ուղղելու դեմ, որի արդյունքում մոտ 30 հազար բնակչություն ունեցող 5 համայնք` Վերին Գետաշենը, Ներքին Գետաշենը, Մադինան, Գեղհովիտը և Վաղաշենը կարող են զրկվել ջրի միակ աղբյուրից:

Տվյալ խնդրի կապակցությամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի և ՀՀ նախագահին առընթեր Սևանի հիմնախնդիրների հանձնաժողովի կողմից պարզվեց, որ ՀԷԿ-ի շինարարությունն իրականացվել էր «Զանգեզուր Էքսիմպ» ընկերության կողմից և ապօրինի էր: Առայժմ առկա չէ տեղեկատվություն անօրինականությունը վերացնելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ տարվող գործողությունների մասին: Փոխարենը հայտնի է դարձել, որ իրավապահ մարմինները սկսել են հարցաքննությունների շարք` պարզելու գյուղացիների կողմից ձեռնարկված ակցիայի կազմակերպիչների անունները:
Կարծում ենք, որ Գեղարքունիքի գյուղացիներն իրականացրել են իրենց սահմանադրական`արտահայտվելու և խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու ազատությունները` բարձրաձայնելու խնդիրը և պաշտպանելու իրենց կյանքի իրավունքը:

Դատապարտում ենք ՀՀ իրավապահ մարմինների գործողությունները, որոնք ապօրինի գործունեության մեղավորներին պատասխանատվության ենթարկելու փոխարեն ճնշում են գործադրում և քրեական հետապնդում նախաձեռնում իրենց ոտնահարված իրավունքները պաշտպանող քաղաքացիների նկատմամբ:

Պահանջում ենք ՀՀ իրավապահ մարմիններից` վերացնել անօրինական կառույցները, պատժել պատասխանատուներին և ապահովել գյուղացիների սահմանադրական իրավունքները»:

Դաշինքի հայտարարությանը միացել են 14 տարածքային Օրհուս կենտրոններ, Հայաստանի տարբեր մարզերի հասարակական կազմակերպություններ, երիտասարդական կանաչ շարժման հասարակական ակտիվիստներ, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններ, առանձին մարդիկ: Նախօրեին «Ժառանգություն» քաղաքական կուսակցությունը հանդես էր եկել Գեղարքունիքի բնակիչների նկատմամբ իրավապահ մարմինների գործողությունների դատապարտմամբ և պահանջել էր ՀՀ գլխավոր դատախազությունից պատժել այդ գործողություններն իրականացրած քննիչներին:

Հայտարարության տակ ստորագրել են`
«ԷկոԼուր» տեղեկատվական կազմակերպությունը, «Շողեր» միություն» ՀԿ-ն, «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ն, «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» ՀԿ-ն, «Էկոտուրիզմի ասոցիացիա» ՀԿ-ն, «Հայկական բուսաբանական ընկերություն» ՀԿ-ն, «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ն, «Սբ. Սանդուխտ տիկնանց միություն» ՀԿ-ն, «Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ն, «Տապան» էկո-ակումբ» ՀԿ-ն, «Էկո-Գլոբ» ՀԿ-ն, «Բիոսոֆիա» ՀԿ-ն, «Բուրգ» երիտասարդական բնապահպանական ՀԿ-ն, «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ն,  Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնը, Դիլնետ-սերվիս կրթական ՀԿ-ն, Լորե ակումբ, Թռչունների պաշտպանության միությունը, Գավառի Օրհուս կենտրոնը, Երեւանի Օրհուս կենտրոնը, Կապանի Օրհուս կենտրոնը, Գորիսի Օրհուս կենտրոնը, Դիլիջանի Օրհուս կենտրոնը, Իջեւանի Օրհուս կենտրոնը, Ստեփանավանի Օրհուս կենտրոնը, Ալավերդու Օրհուս կենտրոնը, Վանաձորի Օրհուս կենտրոնը, Եղվարդի Օրհուս կենտրոնը, Եղեգնաձորի Օրհուս կենտրոնը, Գյումրու Օրհուս կենտրոնը, Հրազդանի Օրհուսի կենտրոնը, Ապարանի Օրհուս կենտրոնը, Մարիամ Սուխուդյանը:

Աղբյուրը

Հայաստան. Գժանոց, Արգիճի, Սևան, Բնություն

Previous post Next post
Up