Մեզ գյուղացի պետք չէ

Aug 03, 2010 10:23

Շատ է գրվում երևանյան պրոբլեմների, ՀՀ ղեկավարության քայլերի մասին և քչից շատից գիտենք գլխավոր պրոբլեմները, բացթողումներն ու սխալները: Իսկ գյուղիխնդիրների  մասին գրեթե ոչինչ չի գրվում ու ամեն գյուղ գնալուց հասկանում եմ, որ տարվում է գյուղացու բնաջնջման քաղաքականություն: Բերեմ մի քանի օրինակ ինձ հանդիպած վերջին դեպքերից: 
Արագածոտնի մարզի Արտենի գյուղում իմ ազգականներից մեկի մեկ հեկտարանոց ծիրանի այգին չորացավ, որովհետև երաշտի պատճառով չկարողացան ոռոգման ջրի գումարները տալ և նորից ջրել չթույլատրեցին: Այգու ամեն մի ծառը մեկ տոննայից ավել ծիրան էր տալիս: (Ի դեպ այն ջուրը, որը չեն տալիս գյուղացուն, լցվում է Արաքսն ու գնում է քրդերի այգիները ոռոգելու):
Ոռոգման ջրի գները վերջին մի երկու տարում մոտ տասն անգամ թանգացել է ու ջրելը գրեթե անիմաստ է դարձել, որովհետև բերքը շաատ լավ պետք է լինի, որ գյուղացին օգուտ ստանա:
Տարիների ընթացքում երաշտների ժամանակ գյուղացուն ներվել էր հողի ու ջրի պարտքը, որը կուտակվել էր և անցյալ, ճգնաժամի տարում տուգանքների խոստումներով ստիպեցին վճարել այդ "ներված" պարտքերը:
Շատերը չդիմանալով ճնշմանը վարկ են վերցնում ու ևս մեկ անգամ երաշտ լինելուց հետո կորցնում են հողերը: Այդ նույն Արտենի գյուղում վերջերս մի երևանցի ատամնաբուժ գնել է մոտ 10 հեկտար այգի ու այդ այգու տերերին էլ իր մոտ ընդունել է որպես օրավարձով բանվոր: Նման դեպքերը շատ են:
Այդ ամենի հետ մեկտեղ գյուղական պաշտոնյաները միլիոնատերներ են (համենայնդեպս մեր մոտ), որովհետև վերահսկողություն չկա ու շատ գումարներ գրպանվում են: Ինչ-որ մի տեղ ուսումնասիրություն եմ կարդացել, ըստ որի՝ Հայաստանում մանր չինովնիկները (գյուղապետեր և գյուղական այլ պաշտոնյաներ) ընդհանուր առմամբ պետությանը ավելի մեծ վնաս են տալիս, կոռուպցիայի թիվը ավելի մեծ է, քան խոշորներինը:
Գրազ կարող եմ գալ, որ եթե մտնենք ցանկացած գյուղ ու գյուղացիներին առաջարկենք պայմաններ արտասահման գնալու համար՝ ամենահամեստ թվերով մոտ 50-60 տոկոսը կհամաձայնվեն լքել Հայաստանը:

Գժանոց, Երաշտ, Գյուղ, Հայաստան, Կոռուպցիա, Հող

Previous post Next post
Up