Վերջերս ժողովրդի բերանից շատ եմ լսում պատերազմի վերասկսման վտանգի մասին, հատկապես կապված պահեստազորի հաշվառման հետ: Մի շատ վտանգավոր թեզ է պարբերաբար օգտագործվում, թե «էս մարդը անընդհատ խոսում է հողերի հանձման մասին, հո չի կարա հենց ընենց հանձնի, պտի պատերազմով տա, որ դավաճան չասեն: Բա ինձ պետք ա ըդենց պատերազմ գնամ մեռնեմ»:
Կարծում եմ այս թեզը մոտակա հնարավոր պատերազմի դեպքում մեզ համար ամենավտանգավորն է : Ցավոք մինչև հիմա այս թեզը միայն ամրապնդվում է:
Նույն թեմայով ստորև.
Ինչու՞ է այդ դեպքում երկրի նախագահը խոսում զիջումների գնալու հնարավորության մասին, երբ ո’չ միջնորդները եւ ո’չ էլ Ադրբեջանը ոչ միայն բանակցություններին ԼՂ ներգրավման, այլեւ ներկա պահին Ադրբեջանից դուրս ԼՂ-ին միջանկյալ կարգավիճակ շնորհելու երաշխիքներ չեն տալիս:
Եթե գնում ենք պատերազմի, եւ դրա անխուսափելիությունն է իշխանությունը փորձում հասկացնել, ապա ո՞րն է ընդհանրապես զիջումներից կամ թեկուզ փոխզիջումներից խոսելու իմաստը:
Պատերազմի նախապատրաստվող երկիրը ոչ թե սեփական ժողովրդին անընդհատ վախ է ներշնչում եւ ամեն գնով խաղաղության պահպանումը դարձնում բացարձակ արժեք նույնիսկ ազգային ու պետական շահերի նկատմամբ, այլ փորձում է բարձրացնել նրա ազգային արժանապատվության զգացումը, հպարտությունը` որպես պատերազմում արդեն հաղթած ժողովուրդ, ներարկել ինքնավստահություն, հավատ պետության եւ իշխանության նկատմամբ եւ, ի վերջո, այս ամենի հանրագումարում բարձրացնել ազգային դիմադրողականությունն ու ինքնապաշտպանության կարողությունը:
Մինչդեռ դրանց կամ դրանց հասնելու ձգտումների փոխարեն այսօր ունենք կատարելապես հուսալքված, հիասթափված, սեփական ուժերի նկատմամբ հավատը կորցրած ժողովուրդ, որն ի զորու չէ անգամ պայքարել իր առօրեական, կենցաղային տարրական իրավունքները պաշտպանելու համար:
Արդյո՞ք պատերազմի անմիջական սպառնալիքի դեպքում իշխանությունը կարող է հույս դնել այսպիսի հասարակության վրա, որի իմունային համակարգը գրեթե չի գործում եւ որը չի կարողանում կամ չի ցանկանում ընկալել արտաքին ու ներքին ազդակները, մարտահրավերները, շատ արագ կուլ է տալիս այս ու այն կողմից նետված խայծը եւ անվերապահորեն հավատում է բոլորին, բացի սեփական իշխանությունից:
Եվ արդյո՞ք հենց այսպիսին տեսնելով ու ճանաչելով սեփական հանրությանը` չեն արվում առաջին հայացքից աբսուրդային թվացող նահանջողական հայտարարություններ:
Շարունակությունը