Հետքրքիր կլիներ մեր մոտ նման հետազոտություն անցկացնելը:
Վերջին տասնամյակում Իսրայելում բավական հաճախակի են դարձել հասարակության մեջ հայրենասիրության հիմնահարցի շուրջ կազմակերպվող հետազոտությունները։
Այս ուղղությամբ, մասնավորաբար, ակտիվ գործունեություն է ծավալում իսրայելական «Հերցլիա» Քաղաքականության եւ ռազմավարության ինստիտուտը, որը վերջին շրջանում կենտրոնանում է Իսրայելի բնակչության մեջ հայրենասիրության հիմնահարցի շուրջ իրականացվող սոցիոլոգիական հետազոտությունների վրա։ Բավական հետաքրքիր են ինստիտուտի կողմից 2006-2008թթ. անցկացված «Հայրենասիրությունը եւ Իսրայելի ազգային անվտանգությունը» սոցիոլոգիական հետազոտության արդյունքները, որտեղ ներկայացվում են Իսրայելի հրեա բնակչության հայրենասիրության տարբեր դրսեւորումները։
Կատարված հետազոտությունը ցույց է տալիս, որ Իսրայելի հրեա բնակչության մեջ հայրենասիրության դրսեւորումներն ընդհանուր առմամբ կայուն աճման միտում ունեն։ Հետազոտության արդյունքները պարզել են նաեւ, որ Իսրայելի հրեա բնակչությունում տիպիկ հրեա հայրենասեր են համարվում կրոնավորները, ինչպես նաեւ 45-ն անց մարդիկ։ Հետազոտությունում ներկայացված են Իսրայելի հրեա բնակչության հայրենասիրության առաջնային բաղադրիչները, որոնցից ստորեւ ներկայացնում ենք 10 հիմնականները` ըստ դրանց հարցման տոկոսային աստիճանավորման.
- Սերն առ հայրենիք - 92%
- «պետության համար կռվելու» գաղափարի կարեւորության գիտակցումը - 90,5%
- եբրայերենը - 89%
- «զոհված հրեա զինվորների հիշատակի օրվա ազդարարման» խորհրդանիշի կարեւորության գիտակցումը - 88%
- Երուսաղեմի արժեքը - 88%
- հրեական ինքնությամբ հպարտությունը - 88%
- Իսրայելում բնակվելը - 86%
- պետության համար կռվելու անհատական պատրաստակամությունը - 85,5%
- պետության տեխնոլոգիական ու գիտական ձեռքբերումներով հպարտությունը - 82,5%
- ընտրություններին մասնակցությունը - 82%:
Ազգային պատկանելություն
Սոցհարցումներում ներառված է ազգային պատկանելության ասպեկտը, եւ «որքա՞ն ես հպարտ հրեա լինելով» հարցադրմանը հարցվածների ճնշող մեծամասնությունը` 92%-ը, դրական է պատասխանել։ Ընդ որում, 70%-ը իրեն համարել է շատ հպարտ, իսկ մնացյալ 22%-ը` բավարար հպարտ։ Պետք է նկատել, որ ազգային պատկանելությամբ հպարտ իսրայելցի հրեաների համար առանցքայինը նրանց` հուդայականության հետ կապվածությունն է։
Ազգային խորհրդանիշներ
Սոցիոլոգիական հետազոտություններում ներառված են նաեւ այնպիսի վիճակագրական արդյունքներ, որոնք վերաբերում են հայրենասիրության դրսեւորման խորհրդանիշների հարցախույզին։ Հայրենասիրության խորհրդանիշների ասպեկտի հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ Իսրայելի հասարակությունն ընդհանուր առմամբ խիստ զգայուն է իր ազգային խորհրդանիշների նկատմամբ։ Համաձայն դրանց, սիոնիստական կազմակերպություններն, առհասարակ, առավել շատ են իրենց ասոցիացնում ազգային խորհրդանիշների հետ։ Հայրենասիրության ընկալման հարցում ազգային խորհրդանիշներին մեծ տեղ է հատկացնում նաեւ Իսրայելի հրեա բնակչության տարեց հատվածը։
«Զայրանո՞ւմ եք, երբ մարդիկ ոտքի չեն կանգնում զոհված հրեա զինվորների հիշատակի ազդարարման ժամանակ» հարցախույզի արդյունքները ցույց են տալիս, որ Իսրայելի հրեա բնակչության ճնշող մեծամասնությունը` 80%-ը, զայրանում է, ընդ որում, 64%-ը` չափազանց շատ։ «Իսրայելի պաշտպանության ուժերի համազգեստ կրելը մեծ առավելություն է» հարցադրմանը դրական է արձագանքել Իսրայելի հրեա բնակչության մեծամասնությունը` 78%-ը, որից 60%-ը մեծապես համաձայնել է առաջադրված հարցադրման հետ, 18%-ն ուղղակի համաձայնել է։
Ազգային խորհրդանիշների շարքում առանձնացվում է նաեւ Իսրայելի ազգային դրոշը. «որքա՞ն եք բարկանում, երբ զգում եք, որ մարդիկ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում Իսրայելի դրոշի նկատմամբ» հարցման արդյունքների համաձայն, Իսրայելի հրեա բնակչության 62%-ը չափազանց զայրանում է, իսկ մնացյալ 17%-ը շատ է զայրանում։
Սեր եւ նվիրվածություն առ Հայրենիք
Կատարված հետազոտության ուղղություններից մեկը «իր երկրի համար կռվելու պատրաստակամության» սոցհարցումն է, որն իրականացվում էր Իսրայելի եւ Տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպության անդամ մի շարք երկրների համեմատականով։ Արդյունքները ցույց են տալիս, որ հարցման մասնակից երկրների շարքում ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Իսրայելում, որի հրեա բնակչության ճնշող մեծամասնությունը` 85%-ը, պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտության դեպքում կռվել սեփական երկրի համար։ Իսրայելի ցուցանիշին հաջորդում են Ֆինլանդիայի (83), Միացյալ Նահանգների (63), Կանադայի (60), Իտալիայի (51) ու Ֆրանսիայի (50) արդյունքները։
Սոցհարցումը ներառում էր նաեւ «ինչքանո՞վ ես հայրենասեր» հարցադրումը, որի միջոցով համեմատական էր անցկացվում Իսրայելի ու Միացյալ Նահանգների միջեւ։ Ամփոփված արդյունքների համաձայն, Իսրայելի բնակչության 34%-ը իրեն համարում է ծայրահեղ հայրենասեր, 27%-ը` շատ հայրենասեր, իսկ 24%-ը` որոշ չափով հայրենասեր, այն դեպքում, երբ Միացյալ Նահանգների բնակչության 26%-ն է իրեն համարում ծայրահեղ հայրենասեր, իսկ 46%-ը` շատ հայրենասեր։
Հետաքրքրական է նաեւ հետեւյալ հարցադրումը. «որքա՞ն ես հպարտ` իսրայելցի լինելով»: Իսրայելի հրեա բնակչության 77%-ը իրեն հպարտ է համարում, որ իսրայելցի է, որից 45%-ը` շատ հպարտ, իսկ 32%-ը` բավարար հպարտ (2006թ.)։ 2006թ. արդյունքների համեմատությամբ, 2008թ. սոցիոլոգիական հետազոտությունում իսրայելցի լինելու հպարտության կետում որոշակի աճ է նկատվել. Իսրայելի հրեա բնակչության 84%-ը իրեն հպարտ է համարել, որից 53%-ը` շատ հպարտ, 31%-ը` բավարար հպարտ։
Սոցհարցման արդյունքներից մեկն էլ վերաբերում է «կլինեմ իմ երկրի քաղաքացի, քան թե աշխարհի որեւէ պետության քաղաքացի» հարցադրմանը, որը նույնպես իրականացվել էր Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության անդամ երկրների ու Իսրայելի համեմատականով։ Արդյունքների համաձայն, հարցմանը մասնակցած պետությունների շարքում Իսրայելը զբաղեցնում է երկրորդ դիրքը` զիջելով միայն Միացյալ Նահանգներին։ Իսրայելի արդյունքները գերազանցել են հարցմանը մասնակցած այնպիսի երկրների, ինչպիսիք են Հունգարիան, Կանադան, Լեհաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան եւ այլն, արդյունքները։
Իսկ «գերադասում եմ ապրել Իսրայելում, նույնիսկ եթե այդ տարածաշրջանում լինի միջուկային զենք ունեցող թշնամական երկիր» հարցադրմանը դրական է արձագանքել Իսրայելի հրեա բնակչության 86%-ը, որից 52%-ը մեծապես համաձայնել է հարցադրման հետ, մնացյալ 32%-ը` ուղղակի համաձայնել։ Ասել է թե` միջուկային զենքի սպառնալիքը Իսրայելի հրեա բնակչության համար երկիրը լքելու պատճառ չի հանդիսանում։
Ինչպես ցույց են տալիս վիճակագրական տվյալները, Իսրայելի հրեա բնակչությունն առանձնահատուկ տեղ է հատկացնում Երուսաղեմ քաղաքին` որպես հայրենասիրության առանցքային խորհրդանիշներից մեկին։ Հարցվածների շուրջ 42%-ը մեծ կարեւորություն է տալիս Երուսաղեմին` ելնելով քաղաքի պատմական, 25%-ը` կրոնական նշանակությունից։
http://www.noravank.am/am/?page=analitics&nid=2400