Սկսում են հասկանալ

Mar 09, 2010 11:50

2000 թ.-ից սկսած` Շիրակի մարզում շաքարի գործարանի կառուցման մի քանի ծրագրեր ձախողվեցին, բացի մեկից: Շաքարավազի խոշոր ներկրող, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի նախաձեռնությունը, որի համար հարկ եղավ ներդնել մոտ 100 մլն դոլար, պսակվեց հաջողությամբ եւ 2006 թ. Ախուրյանի տարածաշրջանում սկսվեցին հսկա գործարանի կառուցման աշխատանքները, որի գործարկումը սպասվում է այս տարվա մայիսին:


Ինչն էր ստիպել շաքարավազի խոշորագույն ներկրողին փոխել գործելաոճը: «Հետքի» այս հարցին պատասխանեց Ախուրյանի շաքարի գործարանի գործադիր տնօրեն Էդուարդ Սարգսյանը. «Էսքան հարցազրույց էի տվել, բայց ոչ մեկն էդ հարցն ինձ չէր տվել,- խոստովանեց Էդուարդ Սարգսյանը,- պատասխանեմ… Դուք ճիշտ նկատեցիք, որ Սամվել Ալեքսանյանն այս երկրում շաքարավազի խոշոր ներկրողներից է ու քանի որ այդ գործով զբաղվում է խորհրդային կարգերի փլուզումից հետո, այս տարիների ընթացքում գործընթացն էնքան է կատարելագործել, մեխանիզմն այնքան հստակ է աշխատում, որ, այո, բնականաբար պիտի հարց առաջանար, թե ինչու՞ է ներկրումը փոխարինվում արտադրությամբ»:

Պրն Սարգսյանի հավաստմամբ` Սամվել Ալեքսանյանը միշտ էլ հակված է եղել արտադրության կազմակերպմանը տեղում, միայն թե գաղափարը պիտի հասունանար, գտնվեին պահանջվող միջոցները, կատարվեին բազմաթիվ այցելություններ ու ուսումնասիրություններ արտերկրում գործող նմանատիպ կազմակերպություններ, որից հետո նոր քայլ արվեին այդ ուղղությամբ: Սկզբնական հաշվարկը, թե 50 մլն դոլարի ներդրումով կառույցը կավարտեն, չարդարացավ:

«Մենք 60 մլն դոլար ենք ծախսել կառուցապատման վրա, քանի որ ամեն ինչ թանկացավ, շինանյութը գրեթե կրկնակի գնով ենք ձեռք բերել,- ասաց գործարանի տնօրենը,- ու չնայած բոլոր դժվարություններին` կառուցվեց մի հսկա գործարան, որն ի վիճակի է բավարարելու Հայաստանի սպառողական շուկան եւ անգամ հնարավորություն ունի սեփական արտադրանքն արտահանելու, քանի որ մեր գործարանի հզորությունը 2,5 անգամ ավելին է, քան սպառողական շուկայի պահանջարկը»:


Շաքարի գործարանի գործարկումը սկզբնապես նախատեսված էր 2009 թ. սեպտեմբերին: Էդուարդ Սարգսյանի հավաստմամբ` իրենք լիարժեք պատրաստ էին փորձարկմանը, սակայն ծանոթ չլինելով տեխնոլոգիական պրոցեսներին` օտարերկրացի փորձառու գործընկերների խորհրդով գործարկումը հետաձգեցին եղանակային պայմանների պատճառով:


«Շիրակի մարզում ցրտերը բավականին շուտ են սկսվում, եւ լինում է խիստ ձմեռ, իսկ գործարկում ասվածը մի պրոցես է, որ կապված է ջրի հետ,- բացատրեց Էդուարդ Սարգսյանը,- կարգավորման աշխատանքները տեւում են երկու ամիս, ու քանի որ համակարգն ամբողջությամբ լցված է լինում ջրով, ապա ցածր ջերմության պայմաններում մեծանում է նաեւ վթարների հավանականությունը: Հիմա գարնանը 2 ամիս կարգավորման ու գործարկման աշխատանքներն ավարտելուց հետո հույս ունեմ, որ մայիսին կունենանք առաջին արտադրանքը` սպիտակ շաքար»:
Սպիտակ շաքար առայժմ ստացվելու է շաքարեղեգից: Հետագայում օրական 3500 տոննա ճակնդեղի հումքի պահանջարկ կունենա գործարանը: Տնօրենի հաշվարկով` առնվազն 40 հազար տոննա պահեստավորված ճակնդեղ ունենալու պարագայում նոր կանցնեն տեղական հումքով արտադրության կազմակերպմանը:

Գործարանը պատրաստ է տարեկան 400-ից 450 հազար տոննա ճակնդեղ մշակել, որի համար առնվազն 9 հազար հա տարածքի վրա հարկ կլինի զբաղվել ճակնդեղի մշակությամբ:

Ըստ պրն Սարգսյանի` կարտոֆիլի գերարտադրության պայմաններում շաքարի ճակնդեղի մշակությունը պիտի որ ձեռնտու լինի գյուղացիներին` հաշվի առնելով մթերող կազմակերպության առկայությունը:

Շաքարի ճակնդեղի վերամշակությունը նախատեսված է վերականգնել Շիրակի եւ Լոռու մարզերում, մինչեւ 80 կմ հեռավորության գյուղացիական տնտեսությունների հետ գործարանը պատրաստ է ճակնդեղի մթերման պայմանագրեր կնքել:

«Մենք այս տարի մի փոքր ուշացանք, գյուղացիներն աշնանացանն արդեն կատարել են, սակայն դեռ ազատ հողատարածքներ կան, որոնք գյուղացին կարող է դնել ճակնդեղի մշակության տակ,- կարծիք հայտնեց գործարանի գործադիր տնօրենը,- զարմանալին այն է, որ ամիս, ամիս ու կեսից ճակնդեղի մշակության ժամանակաշրջանն է սկսվում, բայց մարդիկ չեն շտապում մեզ հետ պայմանագրեր կնքել: Խոսքս Շիրակի ու Լոռու մարզի բնակիչներին է վերաբերում: Մոտ 300 պայմանագիր պատրաստ դրված է ինձ մոտ, սակայն ցանկություն հայտնողներ չկան: Ինձ զանգահարում են Վայքից, Եղեգնաձորից, Արտաշատից հետաքրքրվում են, ուզում են մեզ հետ աշխատել, բայց մենք չենք կարող հումքի տրանսպորտային տեղափոխման վրա ավել գումարներ ծախսել, վերջնական արդյունքում դա ազդելու է շաքարավազի ինքնարժեքի վրա»:

Մթերման գինը գործարանն արդեն սահմանել է` 25 դրամ 1 կգ-ի համար, 16 տոկոս շաքարայնության դեպքում: Եթե ստացվի 18 տոկոս շաքարայնության ճակնդեղ, ապա վճարվող գումարը 1 կգ-ի համար կդառնա 28 դրամ:

«Այսօր սերմերն ավելի լավն են, որակով, եւ փորձն էլ ցույց է տվել, որ Հայաստանի պայմաններում մշտապես բարձր տոկոս շաքարայնությամբ ճակնդեղ է ստացվում: Եթե հաշվենք 25 դրամը դոլարով, տոննայի համար ստացվում է մոտ 65 դոլար, որը շատ բարձր թիվ է,- հաշվարկները ներկայացրեց Էդուարդ Սարգսյանը,- Բելառուսում, Մոլդովայում, Ռուսաստանում շաքարի ճակնդեղն ընդունում են առավելագույնը 50-52 դոլար գումարով, որն ավելի պակաս է, քան մեր առաջարկը: Մենք գնում ենք այդ քայլին, որպեսզի գյուղացին զգա, որ ինքը չի տուժելու, որպեսզի կարողանանք վերականգնել ճակնդեղի մշակության ավանդույթները»:

Մթերողը գյուղացիներին առաջարկում է թունաքիմիկատներ, պարարտանյութ, որի գումարը կգանձվի ճակնդեղի մթերումից հետո, գործարարը պատրաստ է տրամադրել նաեւ համապատասխան գյուղտեխնիկա ճակնդեղի մշակման համար, վար ու ցանքի, հետագա հավաքման համար: Խորհրդային տարիներին, ինչպես հայտնի է, ճակնդեղի մշակման գրեթե ողջ պրոցեսը կատարվում էր ձեռքով:

Գործարարն առաջարկում է ճակնդեղի մշակման նոր տեխնոլոգիա, որը բացառում է ձեռքով մշակումը: Այս տարբերակը 1 հա-ի հաշվարկով նվազեցնում է նաեւ ծախսերը շուրջ 200 հազար դրամով, այս դեպքում, ըստ գործարանի տնօրենի, հողագործի եկամուտն ավելանում է, եւ 1 հա-ից կարելի է ակնկալել 450 հազար դրամ շահույթ:

Պայմանագրի համաձայն` բերքը կարկտահարվելու դեպքում գյուղացին միայն վնաս է կրում որպես կանխավճար ստացած պարարտանյութի եւ թունաքիմիկատի գումարի չափով: Եվ, իհարկե, ամենակարեւոր պահը, որ բացակայում է կարտոֆիլի արտադրության մեջ` ապահովվում է լիարժեք իրացում:

«Ենթադրենք մեզ հետ կնքած պայմանագրի համաձայն գյուղացին պետք է մթերի 2000 տոննա, բայց ստացել է 2300 տոննա, մենք այդ ամբողջը կվերցնենք, գյուղացին իրացման խնդիր չի ունենա,- վստահեցրեց Է. Սարգսյանը,- տեսեք, թե ինչ է կատարվում հիմա կարտոֆիլի շուկայում: Առաջին տարին գյուղացին ցանեց, իրացրեց, շահույթ ստացավ: Հաջորդ տարին ոչ միայն ինքը ցանեց, այլեւ էլի մի քանիսը: Շուկայում առաջացավ ավելցուկ, ու ստացվեց շատ տխուր պատկեր` կարտոֆիլը չիրացվեց, որովհետեւ սպառման շուկան երկրի ներսում չի կարող այդքանը սպառել, արտահանում էլ չկա կամ չնչին տոկոս է կազմում: Իսկ մեր դեպքում մթերող կազմակերպությունը պատրաստ է գնել ամբողջը, ինչ գյուղացին կարտադրի»:

Տնօրենը վստահեցրեց, որ այս օրերին իրենք հանդիպումներ են կազմակերպում համայնքապետերի հետ, նրանց տրամադրում պայմանագրերի օրինակները: Իրենք էլ են հասկանում, որ առաջին տարին դժվար է լինելու, որ գյուղացին չի հավատում, որ շահույթ կստանա:

Էդուարդ Սարգսյանը ժխտում է այն խոսակցությունները, թե ճակնդեղի մշակության դեպքում իրենց առաջարկած գնի պայմաններում գյուղացին տուժելու է կամ 0 շահույթ է ստանալու:

«Չեմ կարծում, թե կարտոֆիլի արտադրությունից այսօր բոլորը գոհ լինեն, անգամ նրանք, ովքեր մեկ-երկու տարի շահույթ ստացան, վստահ եմ, որ դա հաշվարկների շնորհիվ չէր, այլ բարենպաստ պայմանների, այլապես էս 2 տարին չէին բողոքի, թե բերքը 10-20 դրամով են վաճառում: Մենք այս տարի չենք կարող, բայց հաջորդ տարի մտադիր ենք հողեր գնել եւ ինքներս կազմակերպել ճակնդեղի մշակությունը»,- ասաց Է. Սարգսյանը:



36 հա-ից մի փոքր ավելի տարածքի վրա կառուցված հսկա գործարանը գործարկվելու դեպքում աշխատանքով ապահովելու է 1000-1500 մարդու: Ներկայումս մոնտաժային եւ շինաշխատանքներում 500-ից ավելի մարդ է զբաղված: Մայիսից, երբ աշխատանքների ծավալները մեծանան, կգործի 4 հերթափոխ:

http://hetq.am/am/economy/sugar/#more-28069

Դրական, Տնտեսություն, Հայաստան

Previous post Next post
Up