Նա գնաց մենակ

Dec 10, 2010 04:48


Պարզվում է՝ մարդ է ծեծել ոչ միայն Երեւանի արդեն նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, այլ նաեւ՝ ԴԱՀԿ ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանը:
Եթե Բեգլարյանի պարագայում, պառասխանատվության ենթարկվեց հենց միջադեպի հերոսը, ապա Պողոսյանի արարքի համար հատուցեց նրա շեֆը՝ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը՝ զրկվելով պաշտոնից:
Ըստ պաշտոնական վարկածի, վարչապետը նախարարից պահանջել է՝ պատժել իր կարգազանց ենթակային, ինչը տեղի չի ունեցել՝ Տիգրան Սարգսյանին դրդելով կադրային լուծման:
Երկու բան ակնհայտ է. Դանիելյանն ի սկզբանե իր տեղում չէր եւ նրան կարելի էր պաշտոնանկ անել ցանկացած պահի ու առիթով, եւ երկրորդ՝ արդարադատության նախարարի պաշտոնանկության հարցն որոշվել է նախագահականում:
Փորձենք պարզել, թե որոնք են Դանիելյանի պաշտոնանկության իրական պատճառները, այս գործընթացում վարչապետի դերակատարության ֆորմալացումը:
Ըստ ամենայնի, որքան մոտենում են ընտրությունները՝ Սերժ Սարգսյանը փորձում է որոշակիացնել իր թիմը, դրանում Տիգրան Սարգսյանի առանցքային դերակատարությունը:
Գեւորգ Դանիելյանի անունն ավելի շատ ասոցացվում էր գլխավոր դատախազ Ազվան Հովսեփյանի հետ, հետեւաբար՝ նախկին նախարարին պայմանականորեն կարելի է համարել Քոչարյանի թիմի ներկայացուցիչ:
Գուցե գործող նախագահը որոշել է ազատվել իր նախորդի կադրային ժառանգությունից, մանավանդ՝ հենց այսօր աշխատանքից ազատվել են նաեւ նախագահականի գլխավոր հաշվապահն ու նրա չորս աշխատակիցները, ովքեր աշխատանքի են անցել նախկին նախագահի օրոք:
Եթե այս վարկածները ճիշտ են, առաջիկայում կարելի է սպսաել նոր աղմկոտ պաշտոնանկությունների եւ հրաժարականների:

Գեւորգ Դանիելյան, Տիգրան Սարգսյան, Սերժ Սարգսյան, օր

Previous post Next post
Up