Jan 31, 2010 04:04
Մեզանում վաղուց քաղաքական, տնտեսական էլիտաների վարքագիծը, դիրքորոշումները տեղավորվում են իռացիոնալ դաշտում:
Օրինակ, հայ-թուրքական գործընթացի ակտիվացումից ու Երեւանի քաղաքապետի ընտրություններից հետո՝ իշխանությունները, մեղմ ասած, կոնստրուկտիվ չէին, երբ խոսում էին ընդդիմության պարտության եւ ՀԱԿ-ում առկա տարաձայնությունների մասին: Այս երկու իրադարձությոնները, ճիշտ հակառակը, ապացուցեցին, որ կոալիցիան միասնական չէ ու կորցրել է իր գոյության նպատակահարմարությունը: Հայ-թուրքական հարաբերությունների հարցում ունեցած տարակարծությունների հետեւանքով՝ որեւէ կուսակցություն ՀԱԿ-ը չլքեց: Փոխարենը՝ իր «ազգային» արմատների մասին հիշեց ՀՅԴ-ն: Ավագանու ընտրություները ցույց տվեցին, որ կոալիցիոն ուժերից մեկը՝ ՕԵԿ-ը, հասարակական վստահություն չունի ու պարազիտի կյանք է վարում իր գործընկերների հաշվին: Ասել է թե՝ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն նոր հարաբերություններ պետք է կառուցեն, եթե ուզում են խուսափել ներիշխանական որոշակի լարվածությունից:
ՀԱԿ-ը նույնպես ռացիոնալ որոշում չկայացրեց, երբ հրաժարվեց քաղաքային ավագանու մանդատներից. դրանից մայրաքաղաքի ներկայացուցչական մարմնի աշխատանքը կաթվածահար չեղավ, բայց օտարվեցին այն հազարավոր մարդիկ, ովքեր հավատացել էին ընդդիմադիր կարգախոսներին ու դրանց օգտին քվեարկել էին: Մարքսիստ Դավիթ Հակոբյանն էլ ավագանի կդառնար ու ՀԱԿ-ից վիրավորոված՝ չէր լքի նրա շարքերը:
Կամ էլ վերցնենք ամենաթարմ օրինակը, որը կապված է Չավուշօղլիի հայտարարության եւ դրա հայկական արձագանքների հետ: ԵԽԽՎ նոր նախագահը խոսել էր ԼՂ խնդրի մասին, արտահայտել էր տեսակետներ, որոնք հնչել են հազար անգամ՝ նրա նախորդների կողմից: Այսինքն՝ որեւէ արտառոց ու սուբյեկտիվ տեսակետ չէր հնչել: Մեր կոալիցիան խրոխտ հակադարձեց: Միամիտները միայն կարող են հավատալ, որ մերոնց «փորացավը» Ղարաբաղն է: Պարզապես հարմար առիթ էր «փչացնել» Եվրախորհրդին, որպեսզի մի օր, երբ Ստրասբուրգում դարձյալ բարձրաձայնեն քաղկալանավորների ու կեղծված ընտրությունների մասին՝ Երեւանում ոմանք խոսեն այդ բարձրաձայնումների «թուրքական» հետքի մասին:
Զավեշտ է նաեւ, որ խորհրդարանական ընտրություններին չմասնակցած եւ մոռացված մի կուսակցության ղեկավար ասուլիս է անում եւ պահանջում է խորհրդարանական կուսակցության գործունեության դադարեցում՝ իբրեւ հակապետական գործունեության պատճառով:
Առհասարակ՝ իռացիոնալ է, երբ Հայաստանի ընդդիմությունն ու իշխանությունը իրար դիմում են «ավազակապետություն» ու «ազգային դավաճան» պիտականերով: Այս արտահայտությունների թիկունքում կոնկրետ մտածողություն է, որով երկրը երբեք չի զարգանա: «Ավազակակլապետերի» ու «ազգային դավաճանների» երկրում՝ այս ճամբարներից դուրս գտնվող մեծամասնության ձայնն անլսելի է…
Սուրեն Սուրենյանց
ՀԱԿ,
ավազակապետ,
իշխանություն,
պարազիտ,
ՕԵԿ,
մարքսիստ,
ընդդիմություն,
ազգային դավաճան