Հայաստանն ունի 15 ազգային հերոս:
Հայրենիքի բարձրագույն պարգեւին արժանացած
գործիչները տարբեր ծառայություններ են մատուցել երկրին:
Մովսես Գորգիսյանը, Մոնթե Մելքոնյանը, Թաթուլ
Կրպեյանը, Ջիվան Աբրահամյանը, Յուրա Պողոսյանը ազգային հերոսի կոչումը նվաճել են
ռազմի դաշտում աձնազոհաբար պաշտպանելով մեր անկախությունն ու ազատությունը:
Մոսոն էն բացառիկ
կերպարներից է, որի անունը սերտորեն ասոցացվում է անկախության հետ. նա առաջիններից էր, ով 1989թ-ի
մայիսի 28-ին Ազատության հրապարակում բարձրացրեց Հայոց Եռագույնը:
Մոնթեն հուր կրակ
էր, որ խորհրդանշում է մեր հերոսամարտում ազգային միասնության գաղափարը:
Թաթուլը՝
«հրացանակիր ուսուցիչը», դարձել է անառիկ Գետաշենի խորհրդանիշը:
Թաթուլի
էս լուսանկարը խորհրդանշում է ազատության եւ ապագայի կապը: Նրա դուստրը չհասցրեց կարգին
ճանաչել հորը, բայց ինքն ու իր սերնդակիցները Թաթուլի սխրանքի շնորհիվ
հնարավորություն ունեցան ապրել ազատ Հայաստանում:
Հերոսների այս հնգյակին կարող էին միանալ
Գեղազնիկ Միքայելյանը՝ Չաուշ, եւ Վիտյա Այվազյանը, ովքեր ակտիվ մասնակցություն են
ունեցել 88-ի շարժմանը, երկրապահ ջոկատների կազմավորմանը: Այս երկու արժանավոր
հայորդիները, սակայն, ընկան 1990-ին՝ հայի դավադիր կրակոցներից:
Կարեն Դեմիրճյանն
ու Վազգեն Սարգսյանն իրավմամբ ազգային հերոս են եւ մեր պատմության ամենավառ
անհատականություններ:
«Կառուցենք եւ պաշտպանենք»՝ այսպես էր
հնչում երկու մեծ հայորդիների ստեղծած դաշինքի կարգախոսը: Հզոր եւ Արժանապատիվ Հայաստանը
խորհրդանշող այս երկու այրերը դարձյալ դավադիր փամփուշտների զոհ դարձան:
Ն.Ս.Օ.Տ.Տ Վազգեն
Առաջին Ամենայն Հայոց Կաթողիկոսը ազգայինի, հոգեւորի եւ բարոյականության
ներդաշնակությունն է, ազգանվեր ու նմանը չունեցող հոգեւորական:
Աշխարհառչակ աստղագետ Վիկտոր Համբարձումյանը,
հանրահայտ շանսոնյե Շառլ Ազնավուրը, բարերարներ Ալեք Մանուկյանը եւ Քըրք
Քըրքորյանը խորհրդանշում են մեր ու աշխարհի կապը:
Հ.Գ.- Ազգային հերոսների շարքում նվաստացուցիչ
է տեսնել խորհրդային կայսրության վարչապետ Նիկոլայ Ռիժկովի անունը: Անպատվաբեր է հերոսի կոչում տալ մի գործչի, ով
եղել է մեր անկախությունը ոչնչացրած կայսրության կարեւոր դերակատար: Ռիժկովի
«հերոսացումը» հնարավոր եղավ հայ-ուսական վասալային հարաբերություների ձեւավորման
հետեւանքով: Արժանապատիվ Հայաստանում՝ մենք նման հերոներ չենք ունենա: