Մեր իրական դեմքը

Sep 13, 2010 04:00

youtube ցանցում շրջանառվում է մի տեսանյութ, որը խորագրված է «Բանակի իրական դեմքը»: Տեսանյութը սահմռկեցուցիչ է:
Մի քանի անգամ դիտեցի այն ու որոշեցի կարծիքս հայտնել՝ կանխավ իմանալով, որ դարձյալ «անանուն դուխովները» «քաջնազար» են դառնալու…

…Էդ տեսանյութն ինձ անհանգստացնում է, որովհետեւ, անկախ դրա հայտնվելու պատճառից, դարձյալ վարկաբեկվում է բանակը:

Youtube-ի այդ տեսանյութը կարող է «ծնվել» երկու պատճառով:

Առաջին. որ մեր բանակում իրականում կատարվում են նման հրեշավոր իրադարձություններ, որոնց կանխումը բանակի ղեկավարության ցանկության կամ կարողության դաշտից դուրս է:

Եթե էս վարկածը ճիշտ է, ապա հանրապետության նախագահն առնվազն հինգ տարի արձակուրդ գնալու իրավունք չունի, ՊՆ նախարարը՝ պաշտոնավաելու:

Բայց չեմ ուզում բացառել նաեւ երկրորդ վարկածի հնարավորությունը. որ էս տեսանյութը «սարքված» է:

«Սարքելու» պատճառներն էլ կարող են տարբեր լինել:

Օրինակ, ոմանք ուզում են թամաշա անել, ասել-խոսելու բան ունենալ, մյուսներն ուզում են նախարար փոխել, երրորդները՝ շտաբի պետ, ու էսպես՝ շարունակ:

Գիտեմ նաեւ, որ ոչ ոք բանակի բարեփոխումից չի խոսելու…

Ես էս վիճակից զզվում եմ ու ուզում եմ իմանալ, թե ո՞րն է ճշմարտությունը…

…Ես զզվում եմ ընդդիմության «վտիտ հայրենասերից» ու բանակի «հաստավիզ հայրենասերից» ու կարոտ եմ ճշմարտությանը:

…Էս էրկու տեսակն էլ գաղթականի հոգեբանություն ունեն, որովհետեւ ոչ «տերտեր են սպանել» ու ոչ էլ «հայրենիք են պաշտպանել»:

Ինձ մի փնտրեք Սեյրան Օհանյանին պաշտպանողների կամ նրան քննադատողների շարքերում, որվհետեւ դրան կոչված են «վտիտ հայրենասերն» ու «հաստավիզ հայրենասերը»: Իմ արժեքը, անանց արժեքը Եռաբլուրում է՝ Ազատ Հայաստանի պահապանի կարգավիճակով:

Ես ընդամենն ասում եմ, որ մեր Սպարապետը, միակ իրական Սպարապետը 21-րդ դարի մասին բան էր ասել՝ քծնող-սեւացնող ուղեղներին անհասու մի բան…

…Վազգենին էլ մի փնտրեք ողջերի ու մեռելների մեջ, որովհետեւ նա 21-րդ դար գնացած միակ հայն է…

Միակ հայը՝ ձեր ու իմ զոռբայության եւ անօգնականության ֆոնին, միակ լույսը՝ մեր հավերժի խավարում… 

Վազգեն Սարգսյան, բանակ

Previous post Next post
Up