Ռեպլիկի կարգով

May 16, 2010 21:46


«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՙՆուբարաշեն՚ քրեակատարողական հիմնարկում իր անկողնում հանկարծամահ է եղել քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով, 305-րդ հոդվածով, 34-305-րդ հոդվածներով, 217-րդ հոդվածի 2 մասի 2-րդ կետով, 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 6-րդ կետերով (1999թ. հոկտեմբերի 27-ին Ազգային Ժողովում տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված քրեական գործով անցնող դատապարտյալ) 14 տարի ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանը: Ըստ ԱՆ ՔԿՎ պետի մամլո խոսնակ Արսեն Բաբայանի` դիակի նախնական զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Մահվան հանգամանքները պարզելու ուղղութամբ տարվում է քննություն: Դեպքի մասին իրազեկվել և իրականացվող աշխատանքներին մասնակցելու է հրավիրվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խումբը»-սա այսօր տարածված պաշտոնական հաղորդագրությունն է, որը գուցե համապատասխանում է իրականությանը:

Բայց առնվազն երկու պատճառ կա, որ ստիպում են որոշակի թերահավատությամբ վերաբերել պաշտոնական հաղորդումներին:

1)         Հայաստանում որեւէ պետական գերատեսչության տրամադրած որեւէ տեղեկատվություն օբյեկտիվորեն արժանահավատ չի համարվում մեր քաղաքացիների կողմից: Քաղաքացիները մեղք չունեն, որովհետեւ՝ երբ իրենց աչքի առաջ ընտրություններ են կեղծվում, պետությունն ասում է, որ տեղի են ունեցել խիստ օրինավոր ընտրություններ: Կամ մարդկանց կյանքը մի քանի անգամ թանկանում է, իսկ ինչ-որ գիտունիկ պաշտոնյաներ խոսում են տնտեսական աճի մասին:

2)         Իշխանություններն ամեն ինչ արել են, որ «Հոկտեմբերի 27»-ի գործի ամբողջական բացահայտումը ձախողվի. ազատազրկվեցին միայն հանցագործության անմիջական կատարողները, կազմակերպիչների հայտնաբերման մասով քննությունը կասեցված է: Ավելին, անցած տարներին կասկածելի պայմաններում մահացել կամ անհետացել են այս գործով դատված մարդիկ, կարեւոր վկաներ:
Ես, օրինակ, կարող եմ կասկածել, որ «հետքեր» են մաքրվում: «Հոկտեմբերի 27»-ի գործով, մասնավորապես, հիմքեր ունեմ կասկածելու իշխանության վարքագծին, նրա տված ինֆորմացիայի օբյեկտիվությանը: Սա այն դեպքն է, որ իշխանությունն ինքը ապացուցելու կարիք ունի, եթե նույնիսկ 100%-ով ճիշտ է այն պնդումը, որ հանցագործը բանտում հանկարծամահ է եղել…  

մահ, հոկտեմբերի 27

Previous post Next post
Up