Արհեստական դաշինքներ

Jul 21, 2011 19:16

Հայաստանում նախընտրական դաշինքները, կարծես թե, կենսունակ չեն լինում եւ չեն դիմանում մինչեւ հաջորդ խորհրդարանական ընտրությունները:
1995թ-ին ՀՀՇ-ի շուրջ ստեղծվեց «Հանրապետություն» միավորումը` մի քանի այլ կուսակցության մասնակցությամբ: Խորհրդարանական ընտրությունների արդյունքներով այս դաշինքը մեծամասնություն կազմեց, սակայն արդեն 1997-ին Էդվարդ Եգորյանը եւ նրա համախոհները լքեցին խմբակցությունը` ստեղծելով իրենց կուսակցությունը, նաեւ` խորհրդարանական խումբը: Իսկ 1998-ի իշխանափոխության օրերին պատգամավորները զանգվածաբար հեռացան «Հանրապետություն» խմբակցությունից` նրան թողնելով խորհրդարական ընդդիմության կարգավիճակը:
1999-ի խորհրդարանում հայտնվեց երկու դաշինք: Կառավարություն ձեւավորած «Միասնություն» դաշինքն իր միասնականությունը պահպանեց մինչեւ 2011թ-ը: Հետագայում ՀՀԿ-ն եւ ՀԺԿ-ն դարձան թշնամիներ. 2003-ի նախագահական ընտրություններում նրանցից յուրաքանչյուրն ուներ նախագահի իր թեկնածուն: Այդ խորհրդարանում ներկայացված «Իրավունք եւ միաբանություն» ընդդիմադիր դաշինքի անդամ երկու կուսակցությունների ջրերը նույնպես նույն առվով չհոսեցին: Այդ խմբակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը 2003-ի նախագահական ընտրություններում առաջադրվեց, սակայն նրա դաշնակից ՍԻՄ-ը պաշտպանեց Արամ Կարապետյանի թեկնածությունը:
2003թ-ին խորհրդարան մտած «Արդարություն» ընդդիմադիր խմբակցության միասնականությունը պահպանվեց մինչեւ 2005թ-ը. սահմանադրական հանրաքվեն տարաձայնություններ առաջացրեց խմբակցությունում, իսկ 2007-ի ընտրություններում դաշինքի երբեմնի անդամներն առանձին-առանձին մասնակցեցին ընտրություններին` հրապարակավ քննադատելով միմյանց:
Գործող խորհրդարանում նախընտրական դաշինքներ չկան. կոալիցիան ձեւավորվել է ընտրություններից հետո:
Այսպիսով, նախընտրական դաշինքները Հայաստանում արհեստածին են լինում եւ թիթեռնիկի կյանք են ունենում: Երեւի հարկ կա օրենքով արգելել դրանց ստեղծումը: Նախընտրական դաշինքների սովորական դարձած տրոհումները մի կողմից ազդում են խորհրդարանի լեգիտիմության վրա, մյուս կողմից` խոչընդոտում են կուսակցությունների խոշորացման բնական գործընթացին:
Կարծում եմ` դաշինքներ պետք է ձեւավորվեն արդեն ընտրություններից հետո` խորհրդարանում` կառավարություն ձեւավորելու կամ  քաղաքական այլ խնդրի շուրջ:
Արդյո՞ք նպատակահարմար չէ նախընտրական դաշինների ձեւավորման օրենսդրական արգելքը, եթե ոչ ապագա, ապա գոնե 2018-ի խորհրդարանական ընտրություններից սկսած: Ի՞նչ են կարծում իմ ընկերները:

ընտրություն, ԱԺ, կոալիցիա, կարծիք, դաշինք

Previous post Next post
Up