Երեկ բլոգային երկու գրառումներս գոնի իմ համար հերթական անգամ բացահայտեցին մեր քաղաքական համակարգի բնույթը, անթույլատրելի անտագոնիզմը:
Երբ
Անդրանիկ Մարգարյանի ծննդյան 60-ամյակի առթիվ գրառում կատարեցի, ընդդիմությանը հարող մարդիկ ինձ մեղադրեցին հազար մեղքերի մեջ: Ընդհուպ զրուցակիցներիցս մեկը կարծիք հնչեցրեց, որ ես ինչ-որ խնդիրներ եմ ուզում լուծել Տարոն Մարգարյանի հետ ու այդ պատճառով լավ խոսքեր եմ հնչեցնում Անդրանիկ Մարգարյանի հասցեին: Անկեղծորեն ասեմ, որ գրառումը կատարելիս` Տարոնի մասին առհասարակ չեմ հիշել:
Երեւի իշխանությանը հարող մի զրուցակից էլ ինձանից հիասթափվեց, երբ
ես գրել էի Վանո Սիրադեղյանին հայրենիք վերադարձնելու անհրաժեշտության մասին: Նա էլ կարծում է, որ ես Լեւոնի թիմի պատվերն եմ կատարում: Իրականությունն այն է, որ Վանոյի վերադարձը իմ համար դուրս է այսօրվա քաղաքական կոնյուկտուրայից:
Մեզանում ամեն ինչ «սեւ-սպիտակի» մեջ է, ու եթե ինչ-որ մեկը դուրս է գալիս այդ տրամաբանությունից, անպայման քարկոծվում է: Ու կարող է այնպես ստացվել, որ դու մի քանի ժամում եւ իշխանության պատվերը կատարող լինես, եւ` ընդդիմության: Օրինակ, մեկը կարող է լայք տալ Վանո Սիրադեղյան մասին իմ գրառմանը` կտրուկ պաշտպանելով ինձ քննադատներից ու մի քանի րոպե հետ ինձ իշխանության դրածո համարել` Մարգարյանի մասին դրական խոսելու համար: Կամ հակառակը` ես կարող եմ դեմագոգ լինել, երբ դրական եմ խոսում Վանոյի մասին, իսկ երկու րոպե հետո դառնալ խիստ պատասխանատու, երբ գնահատում եմ Անդրանիկ Մարգարյանի դրական գծերը:
Այս փոխադարձ անհանդուրժողականությունն է, որ կրծում է յուրաքնչյուրչիս ու մեր ընդհանուր տունը:
Սա է, որ ինձ մտահոգում է, այլապես` մի երկու «խաղցր խոսք» լսելուն բոլորս ենք վարժվել: