1
Արդեն մոտ 20 տարի է հայերեն արդի ուղղագրությունը դարձել է վեճերի և քննարկման առարկա: Ըստ որում դրանք տեղի են ունենում ոչ թե համապատասխան գիտական շրջանակներում, այլ եթերում; Հանգուցյալ Ռ. Իշխանյանը, որ մի ժամանակ արդի ուղղագրությունը համարում էր անթերի, արևելահայերենի հնչյունական համակարգին լիովին համապատասխանող ուղղագրություն, “իր երրորդ ուժի բացառման” տեսությունը հնարելուց և ռուսական դպրոցների դեմ պայքարն ավարտելուց հետո, անցավ արդի ուղղագրության քննադատությանը և առաջարկեց վերադառնալ հին ուղղագրությանը` “մեկ ազգ, մեկ ուղղագրություն” կարգախոսով:
Անցան տարիներ, բայց ուղղագրության շուրջ վեճերն ու աղմուկը չեն դադարում: Թեև թվում էր, թե հայերեն արդի ուղղագրությունը փոխելու վերաբերյալ ԳԱ լեզվի ինստիտուտի, բոլոր բուհերի հայոց լեզվի ամբիոնների, նշանավոր լեզվաբանների վճռական ու հիմնավորված առարկությունից հետո պետք է որ հետադարձական կրքերը հանդարտվեին: Անկախության առաջին տարիներին որոշ մտավորականներ գրաբարյան ուղղագրության վերականգնման հարցը շահարկում էին քաղաքական նպատակներով: Հիմա դժվար է ասել, թե ինչ սկզբունքով են ղեկավարվում հին ուղղագրության կողմնակիցները, բազմաթիվ չլուծված ազգային հրատապ հարցերի կողքին, նորից չարչրկելով այդ հարցը: Համենայն դեպս կարելի է որոշակի ասել, որ նրանք բոլորովին էլ մտահոգված չեն մեր կրթական համակարգի, գրականության և մշակույթի հետագա զարգացման հարցերով:
Լեզվաբանությունը ճշգրիտ գիտությունների նման է: Նրա զարգացմամբ ու բարեփոխություններով պետք է զբաղվեն բարձրակարգ գիտնական լեզվաբանները, և ոչ թե դիլետանտներն ու լեզվամերձները: Որքան հայտնի է ոչ միայն բոլոր լեզվաբանները, այլև մեր մտավորականության հիմնական մասը, էլ չեմ ասում ժողովրդի մասին, կտրականապես դեմ է հետդարձին հին ուղղագրությանը և գտնում է, որ դա խառնաշփոթություն կստեղծի մեր լեզվում ու մեծ վնաս կհասցնի մեր կրթական համակարգին, գրականությանը, մշակույթին` ստեղծելով ավելորդ բարդություններ: Սակայն ռետրոգրադները բավականին համառ են և հաճախ նաև այնքան մոլեռանդ, որ պատրաստ են ամեն տեսակ ցեխ շպրտել մեր գրականության և մշակույթի տասնամյակների ձեռքբերումներին, մեղադրելով աբեղյանական ուղղագրությանը` կապելով քսանական թվականների քաղաքական գործիչների հետ: Մոռանալով, որ այդ հարցը վաղուց արդեն հայ մտավորականների մտահոգության առարկան էր: Եվ դա բնական էր, որովհետև աշխարհի բոլոր լեզուները ձգտում են հասնելու առավելագույն պարզության ու կատարելության` գրել այնպես, ինչպես կարդում են, ուղղագրությունը մոտեցնելով հնչյունական համակարգին:
Մինչև Հայաստանի խորհրդայնացումը հայոց լեզուն անիշխանության պայմաններում զարգանում էր ինքնահոսով, կամայականորեն, առանձին մտավորականների կամ խմբերի ջանքերով: Համաժողովրդական միասնական խոսակցական լեզու չկար: Ժողովուրդը անհասու էր գրաբարյան լեզվին և ուղղագրությանը: 19-րդ դարի կեսերից պայքար սկսվեց գրաբարի և աշխարհաբարի միջև: Բնական էր, որ աշխարհաբարը պետք է հաղթեր: Այդ ժամանակներում են տեղի ունեցել Մսր Մսրյանի և Ռաֆայել Պատկանյանի վեճը գրաբարի վերաբերյալ: Մսրյանը աշխարհաբարը համարում էր անհամ, թույլ, տգեղ և գտնում էր, որ պետք է գրել գրաբար: Առարկելով նրան Պատկանյանը գրում է. «ՈՒրեմն մեր այժմյան կենդանի ազգի համար հա?րկ է արդյոք հետ վազել այն կանոնները ըմբռնելու համար, որ մեռյալ սերնդոց կպատկանեին և որոնց օտարությունը այժմ ազգը կոր ի գլուխ խաստովանում է: Գրոց լեզուն (գրաբարը) պետք է լինի իբրև հանք, որո միջից պետք է դուրս բերեմք ոսկի և արծաթ»: Հետո նա ավելացնում է. Մսրյանը «թող գրե… որքան կամի` այդ լեզվով, բայց և թող հավատա որ` ազգը, այսինքն ժողովրդոց բազմությունը, չի կարդա նրա գրքերը»:
Պատահական չէր, որ դեռ 1921 թվականին Խորհրդային Հայաստանի լուսավորության նախարար Ա. Հովհաննիսյանի առաջարկությամբ, Մանուկ Աբեղյանի մասնակցությամբ, ստեղծվեց մի հեղինակավոր խորհուրդ, որը պետք է զբաղվեր ուղղագրության բարեփոխման հարցերով: Եվ 1922թ. Կառավարության դեկրետով ընդունվեց նոր ուղղագրությունը, որն ավելի բարելավվեց 1940թ. և արդեն 70 տարի է հիանալի ծառայում է ժողովրդի համատարած գրագիտության բարձրացմանը, մեր գրականության և մշակույթի աննախադեպ զարգացմանը: Խորհրդային տարիներին վիթխարի տպաքանակներով հրատարակվեցին գեղարվեստական, պատմական, արվեստագիտական, մանկավարժական, ուսումնական, տեխնիկական և այլ գրքեր: Այսքանից հետո արդյոք անհեթեթություն չէ, երբ ոմանք կորցնելով իրատեսության տարրական զգացումը, ուղղագրությունը համարում են «բոլշևիկյան» և հայտարարում, թե «ուղղագրությունը փոխեցին, որ կուլ գնա մեր գրականությունը» կամ` «որ սփյուռքը հեռացնեն մեզանից»: Միթե հին ուղղագրության մոլեռադ պաշտպանները կարծում են, որ իրենք ավելի խելացի են ու ավելի հայրենասեր, քան Մանուկ Աբեղյանը և Աշոտ Հովհաննիսյանը: Այս կապակցությամբ դոցենտ Գուրգեն Սարգսյանը, խորապես ու բանիմացությամբ ուսումնասիրելով մեր ուղղագրության պատմությունը, մի հոդված է գրել «ՈՒղղագրության բարեփոխումը պատմական անհրաժեշտություն էր» վերնագրով, որում նա գիտականորեն ապացուցում է արդի ուղղագրության հիմնավորությունը և հույժ կարևորությունը:
Հաճախ ասում են «մեկ ազգ, մեկ ուղղագրություն»: Իհարկե լավ գաղափար է: Բայց մոռանում են, որ մեր ժողովուրդն անցնելով պատմության դաժան քառուղիներով, անկախ իր կամքից, արդեն դարեր առաջ կիսվել է երկու հատվածի և խոսում է միևնույն լեզվի երկու տարբերակներով: Երկու հատվածների միասնականացումը չափազանց բարդ պրոցես է: Եվ հետո, եթե հարց է առաջանում միասնականացման մասին, ինչու պետք է փոխվի մայր հայրենիքում գիտականորեն մշակված ու իրեն գործնականորեն արդարացրած ուղղագրությունը, որը միասնական է, կատարյալ և անթերի: Եթե միասնականություն ենք ուզում, ապա բարեփոխումը պետք է վերաբերի սփյուռքի ուղղագրությանը, որը գտնվում է քաոսային վիճակում:
Ահա, թե ինչ է ասում Գրիշ Դավթյանը Գլենդելում կարդացած իր զեկուցման մեջ, որը, կարծում եմ, ուսանելի կլինի մեր հնապաշտպանների համար.
« Սփյուռքում գործածության մեջ է... ուղղագրությունների մի խառնիճաղանջ… անհատների կամայական գործածությամբ։ Այդ այսպես կոչված «ուղղագրությունները» թեև հիմնականում հետևում են հին ուղղագրության օրենքներին, սակայն գործածությամբ, մանրամասնությունների մեջ, ծնունդ են տվել այնպիսի զարմանազանությունների, որ ստեղծված պատկերը գերազանցորեն ողբալի է։ Սա զավեշտական ամբաստանություն չէ, այլ, դժբախտաբար, ճշգրիտ հաստատում։
Ափյուռահայ այն համայնքներում, ուր մեկից ավելի թերթեր ու պարբերականներ կան, ուղղագրության ընդհանուր դրությունը ավելի վատ է. «ուղղագրությունները» տարբերվում են մինչև անգամ տպարանից տպարան։ Որոշ թերթերում նկատելի են ուղղագրական տարբերություններ՝ հոդվածից հոդված...
Ոչ թե միայն ուղղագրական, այլ, իսկապես, հայագիտական բոլոր բնագավառներում, Հայաստանը այն անժխտելի կենտրոնն է, որի առաջնորդությանը հետևում է ամբողջ գիտական աշխարհը։ Հայ սփյուռքը, նաև, պետք է խելացիությամբ հետևի հայրենիքի առաջնորդությանը…
Այն մտայնությունը, թե հին ուղղագրությունը պետք է վերականգնել ու վերադառնալ նրան, անգործնական է։
ժամանակին նույն հետադիմական մտայնությունը դեմ էր աշխարհաբարին, սակայն անկարող եղավ դիմադրելու բարձրացող, առինքնող ալիքին։
Այն հսկայական ու ահռելի չափերի գրականությունը, քանակով ու որակով, որ լույս են տեսել նոր ուղղագրությամբ, ինչպե՞ս կարելի կլինի փոխարինել վերատպագրումներով... և ինչի՞ համար։ Հին ուղղագրությունը մեսրոպյան չէ։ Ուղղագրությունը վերջապես սրբություն չէ։ Սրբությունը ժողովուրդն է իր հայրենիքով, մշակույթով։ Մենք սփյուռքում պետք է շարժվենք խոհեմությամբ, այլև իրատեսությամբ, լայնամտությամբ, պետք է տրամաբանենք, ընդունենք։ Ազգային շահը պիտի նկատի ունենանք։
Սփյուռահայ դպրոցներում հայերեն առարկաների թվանշանը նույնիսկ հաշվի չի առնվում դպրոցական քննություններում, և չի էլ արտացոլվում դպրոցական վիճակացույց վկայականներում։
Բայց երևակայել ուղղագրական փոփոխություն հայրենիքում... Ի~նչ անհասանելի ծավալի վերադասավորման ու վերակազմության անելի առջև պիտի կանգնի ամբողջ ժողովուրդը, երկիրն ու պետությունը, որ իր արդի լեզվով ու ուղղագրությամբ է իր օրավուր կյանքի ետևից վազում...
Մոլեգինների վերջին նորույթ քաջագործությունն էլ այն է, որ նոր ուղղագրությունը հին ուղղագրության փոխելու համար հիմնադրամ ստեղծելու շահարկությամբ դրամատնային հաշիվ են բացել ամերիկյան մի ի~նչոր դրամատնում... Նպատակ ունեն դրամը օգտագործել այդ համրանք չունեցող մոլեգինների ճանապարհածախսի և այլնի՞ համար...
Ինչի՞ հետևից են... Միջազգային ու ազգային այս ժամանակներում ի՞նչ պահ են ուզում որսալ...
Պարզ ու հայտնի է, որ հայրենիքը ուղղագրության հարց ու դժվարություն չունի։ Հայրենիքը մեկ ազգ, մեկ մշակույթ է։ Հայսփյուռն է որ ուղղագրության դժվարություն ունի, և պիտի հարթի այդ դժվարությունը հայրենիքի օգնությամբ»։
Դավթյանը միակը չէ սփյուռքից, որ դեմ է արտահայտվում արդի ուղղագրության փոփոխությանը: 1997 թ. «Յառաջ» լրագրում «Հայոց լեզվի նոր գողգոթան» հոդվածով հանդես էր եկել անվանի մտավորական Ռ. Հատտեճյանը` նույնպես աննպատակահարմար համարելով հին ուղղագրությանը վերադառնալը:
«Նույն լեզուով խօսելու ին?չ հրատապ անհրաժեշտութիւն է զգացւում, իմա` լեզուական սահմանների անհարկի, արհեստական միաձուլման (նաեւ ուղղագրութեան բռնի միասնականացման) ինչ ազգաշահ, մշակութանպաստ, պատճառաբանուած ճանապարհներ է ուղենշում: Հիմա…ոչ մեկ պետական-պաշտոնական օրենքով ու որոշմամբ պետք չէ այս կամ այն հատուածին պարտադրել «հին» ու «Նոր» ուղղագրութիւներից որեւէ մեկը:… Զի…երկուսն էլ գրում են հայերեն: Լեզուն լեզուաբանների մենաշնորհն է միայն ու միայն գիտական-ուսումնասիրական տեսակետից»:
Այս ամենից հետո ուզում եմ հարց տալ Տեր-Վարդանյաններին ու Անդրանիկյաններին, ինչպես տեսնում եք սփյուռքն ապրում է իր կյանքով, չի պախարակում հայրենի ուղղագրությունը ու չի պահանջում այն
հարմարեցնել իրենց քաոսին, հայրենիքից չի հեռանում, դուք ինչու եք ուզում կրքեր բորբոքել, ինչ «ազգաշահ ու մշակութանպաստ» նպատակ եք հետապնդում, ինչու եք ուզում մաքուր ջուրը պղտորել, համատարած անգրագիտության դաշտ ստեղծել: Երբ այդ մասին լրագրողներն իրենց դիտարկումներն արտահայտեցին հարցազրույցի ժամանակ, պ-ն Անդրանիկյանն ասաց, որ «հիմա էլ նույն վիճակն է», երևի մոռանալով, որ այդ «հիմայի» մեջ ինքնել է մտնում:
Ես համոզված չեմ, որ հին ուղղագրության մոլեռանդ պաշտպանները իրենք կարող են անսխալ գրել այդ ուղղագրությամբ և բացատրել, թե ստուգաբանորեն ինչ օրինաչափությամբ պետք է օգտագործվեն օ և ո, վ և ւ տառերը¸և այլն:
ՈՒրեմն պատշաճ չէ լեզվի հարցում ավելի խելոք ձևանալ, քան բազմաթիվ ականավոր լեզվաբանները: