Հաճելի անակնկալ

May 02, 2011 18:31

     Մայիսի 1-ին, տիկնոջս հետ գնացել  էինք ամառանոց:  Երբ վերադարձանք տուն, դուստրս ասաց, որ զանգահարել են  և ասել, որ հատուկ պիտի գան տուն և, որպես Հայրենական Մեծ պատերազմի մասնակից, շնորհավորեն` հաղթանակի օրվա կապակցությամբ: Դուստրս չէր հարցրել, թե ով է զանգում և որտեղից է: Ես մտածեցի, որ հավանաբար թաղապետարանից կլինի: Մայիսի 2-ին նորից են զանգում և տիկնոջս ասում, որ շուտով  պիտի գան շնորհավորելու:  Այս հետևողական զանգերը, հիմք էին տալիս  ենթդրելու, որ երևի  պետական  ինչ-որ լուրջ միջոցառում է կազմակերպված ՀՄՊ-ի վետերաններին խրախուսելու համար: «Տեսնում ես, երևի մեր իշխանությունները վերջապես հասկացել են, որ վետերանների նկատմամբ պետք է ուշադիր լինել» ասում եմ ես: Վերջապես ժ. 4-ին մեր տուն են գալիս մի խումբ երիտասարդներ` երկու գեղեցկադեմ աղջիկ և երկու տղա, նկարահանման կամերայով: Շնորհավորում են հաղթանակի օրվա կապակցությամբ,  տալիս են ծրարված բացիկ` հետևյալ գրառությամբ.
          «Ի սրտե շնորհավորում են Ձեզ Հայրենական Մեծ պատերազում  տարած հաղթանակի կապակցությամբ` բարձր գնահատելով Ձեր անձնուրաց ու հերոսական պայքարը»: Հարգանքներով` «Արտակ Սարգսյան» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Արտակ Սարգսյան: 
  Ես չեմ ճանաչում ոչ Արտակ Սարգսյանին, ոչ էլ նրա հիմնադրամը: Սակայն ինձ համար շատ հաճելի էր այդ երիտասարդների անսպասելի այցելությունը տուն և նրանց շնորհավորական ջերմ խոսքերը լսելը, մանավանդ, խոր ծերության հասած վետերանների հանդեպ, իշխանությունների կողմից ստեղծված անտարբերության  և անուշադրության այս մթնոլորտում: Իհարկե շատ լավ է, որ հանրապետությունում  դեռ կան մարդիկ, որոնք հաճելի անակնկալներ են մատուցում  մեր ժողովրդին: Կյանքի ծանր ճանապարհ անցած  վաստակաշատ մարդկանց նկատմամամբ, անգամ ամենափոքր ուշադրությունը հաճելի է և որոշ չափով նրանց անջատում է  մոռացության մատնվածի տանջալի  մտքերից:
    Շնորհակալություն նախ և առաջ Արտակ Սարգսյանին և բոլոր նրանց, ովքեր չեն մոռանում վետերաններին:
Previous post Next post
Up