Գիրքը հոգևոր սնունդ է

Oct 09, 2018 02:57


ԱՅՍՕՐ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐՆԵՐԻ ՕՐՆ Է
  Ես որպես ֆանատիկ ընթերցող և հանրապետության գրահրատարակիչների ազգային  միության (ՀԿ) երկարամյա նախագահ ջերմորեն շնորհավորում եմ գրքի  նվիրյալներին, ցանկանում նրանց երջանկություն և հաջողություններ;

Գիրքը հոգեկան սնունդ է՝  ես ուզում եմ, որ բոլորը սա կարդան ուշադիր։



Եղիշե Չարենցը գրքերի աշխարհը բնորոշել է որպես «անեզր տիեզերք»: Գրքի  ֆենոմենի մասին հազարամյակներ շարունակ հիացմունքով են խոսել մարդկային  մտքի հսկաները: Հնագույն իմաստուններից մեկը մարդկային թուլության բուժման  դեղամիջոցը համարում է գիրն ու դպրությունը: Պատահական չէ, որ հնագույն  ժամանակններից սկսած լուսավորյալ մարդիկ` թագավոր, թե զորավար, գիտնական,  թե գրող մեծագույն խնամքով և վիթխարի ջանքերով հավաքել են ձեռագրեր, գրքեր և  ստեղծել նշանավոր գրադարաններ, որոնք դարձել են գիտության գրականության և  մշակույթի խոշոր կենտրոններ: Սենեկան իր նամակներից մեկում գրում է  «ընթերցանությունը սնում է ուղեղը»: Իսկ Ռամզես փարավոնի գրադարանի մուտքի  վրա գրված է եղել «հոգեկան դեղամիջոց»: Չէին լինի ոչ արվեստն ու  գիտությունը, ոչ էլ որևէ հայտնագործություն, կխաթարվեր անգամ ճիշտ խոսելու և  արտահայտվելու կարողությունը, եթե Աստծու ողորմածությամբ մարդկությունը  չհասներ դպրության օգտագործմանը, - գրել է անգլիական փիլիսոփա Իոհան  Սոլսբերացին:   
Գիրքն այն հոգևոր և մտավոր շտեմարանն է, որ  հնարավորություն է տալիս մարդկությանը զարգանալու, հարստացնելու իր  գիտելիքները, պահպանելու  իր մտավոր նվաճումները և հիշողությունը, իր  պատմությունը, ապագա սերունդներին հասցնելու իր խոսքն ու պատգամները: Եվ  բնական է, որ դարից-դար, տարեց-տարի աճում է հրատարակվող գրքերի քանակը:  Արդեն XVIII դարում լույս աշ¬խարհ են գալիս 1,6 միլիոն գրքային  հրատարակություններ: XIX դարում այդ թիվը քառապատկվում է և դառնում 6,1  միլիոն: XX դարը մարդկությանը նվիրել է 50 միլիոն գրքային նոր  հրատարակություն: Միայն 1950-80 թ.թ. աշխարհում լույս ընծայվող գրքերի  քանակը կրկնապատկվել է, իսկ տպաքանակը` եռապատկվել:
Հայ ժողովուրդն իր  ծանրակշիռ ու ուրույն ավանդն ունի համաշխարհային գրահրատարակչության  բնագավառում: Մեր հնագույն մագաղաթներից ու ձեռագրերից սկսած մինչև առաջին  տպագիր գիրքը` «Ուրբաթագիրը» և, այնուհետ, մինչև մեր օրերը, հայերեն  տասնյակ հազարավոր գրքեր են հրատարակվել երկրագնդի տարբեր քաղաքներում:
 Սակայն հայ գրահրատարակչությունը մեծ ծավալ է ստանում 20-րդ դարի երկրորդ  կեսում: 1970-1990թ.թ. Հայաստանում տարեկան հրատարակվում էր 1200 գիրք, մեծ  տպաքանակներով: Եվ մեր ժողովուրդը համարվում էր աշխարհի ամենակարդացող  ժողովուրդներից մեկը: Հայ ժողովուրդը միշտ բարձր է գնահատել գիր ու  գրականության դերը իր գոյատևման բազմադարյան պատմության մեջ, սիրել է  գիրքը` բոլոր դարաշրջաններում, սրբությամբ պահպանել ամեն մի ձեռա¬գիր կամ  տպագիր խոսք: Հայ գրքի ճակատագիրը եղել է նույնքան ծանր, որքան իր  ժողովրդի: Գիրքը ժողովրդի հետ դեգերել է ամբողջ աշխարհով մեկ, բաժանել  կյանքի դառնությունները: Բազմաթիվ փաստեր են հայտնի, երբ եղեռնի  կոտորածներից մազապուրծ հայ կանայք, ծերունիներ թողնելով իրենց  հարստությունը, ոսկեղենը, թանկարժեք իրերը, իրենց հետ վերցնում էին գրքերը`  ոչնչացումից փրկելու համար:
Ցավոք 1990-ական թվականներին  իրադրությունը կտրուկ շրջվեց գլխիվայր: Քանդվեցին գրահրատարակչությունները,  տպարանները, գրախանութները, գրադարանները: Մղձավանջային խավարի տարիներին,  մարդիկ ոչ միայն դադարեցին գիրք կարդալուց, այլ տասնամյակների ընթացքում  խնամքով ու սիրով ստեղծված իրենց գրադարանները վաճառքի էին հանում կամ  վառարանները տաքացնում: Սարսափելի է պատկերացնել, որ իրենց դպրությամբ ու  մշակույթով հպարտացող մարդիկ ոչնչացնում են գրադարանները, նախկին  գրախանութներում գրքի փոխարեն ծամոն են վաճառում:
 Ի՞նչ պատահեց մեր ժողովրդին…․․․․․․․․․․․․

Որոշ «կանխագուշակներ» հաճախ բարբառում են «գրքի մոտակա վախճանի» մասին`  կապված ժամանակակից էլեկտրոնային միջոցների և հեռուստատեսության զարգացման  հետ: Ես առիթ եմ ունեցել զրուցելու մի բարձրաստիճան, բավական խելացի  պաշտոնյայի հետ, որը պնդում էր, թե համակարգիչ ունենալու դեպքում, ինչին է  պետք գիրքը:
Ժամանակին Կ.Չապեկը և Ս.Ցվեյգը սարկազմով ու համոզիչ կերպով հերքել են «Գրքի վախճանը» կանխագուշակող մարգարեներին:
 «Էներգիայի ոչ մի աղբյուրի,- գրել է Ցվեյգը,- դեռ չի հաջողվել ստեղծել  այնպիսի մի լույս, որը հաճախ ծագում է փոքրիկ հատորիկից, և երբեք  էլեկտրական հոսանքը չի կարող ունենալ այնպիսի ուժ, որն ունի տպագիր խոսքը։  Չհնացող ու անհաղթահարելի, ժամանակին չենթարկվող, ամենախտացած,  ամենահագեցված ու բազմակերպ ուժը` ահա թե ինչ է գիրքը»:  Հիշեք մշտապես․․․․

Previous post Next post
Up