Լսու՞մ ինձ․․․

Sep 19, 2018 02:24

Сос Мовсисян

14 сентября в 5:24 ·



ԼՍՈՒ՞Մ ԵՔ ԻՆՁ․․․ԲԱՎԱԿԱՆ Է
Վերջերս կարդացի Նազենի Հովհաննիսյանի
«Աջ ու ձախ բոլորը թեկնածու են, քաղ. գործիչ կամ «փրկիչ» կարճ, բայց դիպուկ գրառումը;.
Անմիջապես միտքս եկավ ՐԱՖՖԻԻ զայրացուցիչ բառերը․ «Թող անիծվի մեր մամուլը, որ իր մրով ավելի մրոտեց մեր սիրտը, միտքն ու հոգին»:
Վերափոխելով հնագույն իմաստունի խոսքերը, կարող ենք ասել «Օ~խ, ժամանակներ, ժամանակներ, ամեն ինչ շրջվել է հետույքով դեպի առաջ, զավակները չեն լսում ծնողներին, և ամեն մեկը գիրք է գրում»: Ավելացնեմ, որ հիմա ամեն մի սակավամիտ ֆիլիստեր իր պարտքն է համարում կամ գրքույկով, կամ գոնե քաղաքական մեկնաբանություններով հանդես գալ ինչի մասին ասես, ում մասին ասես, ջանադրությամբ դուրս ժայթքելով իր մոլորությունների կամ կանխակալ նենգամտությունների ճղճիմ մարմաջները: Երբեմն նույնիսկ այնպիսի անպարագիծ ցինիզմով, որը միայն գարշանք կարող է առաջացնել:
Ցավոք, ինչպես ժամանակին ասել է, հին Հունաստանի նշանավոր ռետոր Դեմոսֆենը
«Հայհոյանքն ու վատաբանումը մարդիկ լսում են հաճույքով»: Դա ավելի ցայտուն երևում է մեր խաթարված իրականության մեջ:
Փոքրիկ Հայաստանում ստեղծվեցին բազում կուսակցություններ, տարատեսակ ու տարօրինակ անուններով, և այնքան շատ, որ, հավանաբար, ոչ մի բազմամիլիոն երկիր չունի: Նրանցից ամեն մեկն առիթ բաց չի թողնում վերացական ու սին խոստումների տարափ տեղալու: Սակայն դրանցից գրեթե ոչ մեկը չունի ազգանվեր, հստակ ու իրատեսական լուրջ ծրագիր: Նրանք մեծ մասամբ հետապնդում են իշխանատիրական, պաշտոնամոլական նպատակներ և իրենց ամբողջ գործունեությունն ուղղում են միայն դրանց իրագործմանը:: Այդ պատճառով էլ ժողովուրդը նրանցից ոչ մեկի հետ իրական հույսեր չի կապում: Պարզապես համբերատարությամբ սպասում է… Զավեշտականն այն է, որ բոլորը խոսում են ժողովրդի անունից, նույնիսկ նրանք, որոնց մեղքով ժողովուրդը մղձավանջային ծանր տարիներ ապրեց:
Սփյոռքահայ նշանավոր ծաղրանկարիչ և հրապարակախոս ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍԱՐՈՒԽԱՆԸ ԵՐՎԱՆԴ ՕՏՅԱՆԻ «Ընկ. Բ. Փանջունի» երկն իր ծաղրանկարներով հրատարակելու առթիվ գրել է. «Թե ինչպես կործանիչ կրնան ըլալ նույնիսկ լավագույն սկզբունքները ու բանաձևերը, երբ անոնք կփորձվին կիրարկվել թերուս, իմաստակ և երազատես անպատասխանատու մարդոց կողմե, որոնք կգործեն առանց երբեք նկատի ունենալու զիրենք շրջապատող պայմանները: Ահա գրքին բարոյական դասը»:
Մեզ մնում է ավելացնել, որ այդ դասն այսօր էլ, երբ պետք է որոշվի մեր ժողովրդի հետագա ընթացքի ճանապարհը, չի կարցրել իր նշանակությունը
Այս առիթով ես հիշեցի, թե ինչքան խիստ է ասել մեր ազգային հերոս ԳԵՎՈՐԳ ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻՆ ամբոխի մասին..«Ամբոխն ամեն տեղ էլ նման է այն ոչխարներին, որոնք գայլի խոսքերից խաբվելով` նրա ձեռքն են մատնել պահապան շներին, որպեսզի այդպիսով գայլի բարեկամությունը վաստակեն, իսկ վերջինս պահապան շները խեղդելուց ետ, սկսել է հիմար ոչխարները կոտորել»:
Ցավալի է, որ Հայաստանում շատ են թեթևամիտները, չարախոսները, նախանձները, էժանագին գրառումների հեղինակները, իրենց հայ կոչելով, բայց հայերեն տառերից երկչոտությամբ հեռու փախչողները, կիսագրագետ ու աղավաղված հայերենով գրողները, ձևամոլները, ամեն ինչի մեջ, հասկանում են, թե չեն հասկանում, քիթը խոթողները, էժանագին գրառումների ինքնահավան հեղինակները, անտեղի ժամանակ կորցնող պոռոտախոսները
Ինչքան կուզենայի, որ այդ դատարկաբանությունների փոխարեն կարդայի լուրջ մեկնաբանություններ՝ լուրջ խնդիրների վերաբերյալ: ;
Բոլոր քաղաքական գործիչ կոչվողներին, որակյալ և թոթովագիր լրագրողներին ես դիմում եմ մեր հանճարեղ Պ․Սեվակի խոսքերով․
Լսու՞մ եք ինձ:
Բավակա՛ն է,
Հանեցե՛ք ձեր դիմակները:
Հանեցեք
Ամաչեցե՛ք աստվածներից
Եվ հանեցե՛ք դիմակներըդ,
Բավակա՛ն է:

Previous post Next post
Up