ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ՀԵՈՏԱԳԱ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐ

Apr 19, 2018 00:06


ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆ, ԹԵ ՄԱՔՐԱՄՈԼՈՒԹՅՈՒՆ
  Հայոց լեզուն աշխարհի հնագույն  հարուստ լեզուներից մեկն է: Ունի հարուստ բառապաշար և արտահայտչական  բազմազան հնարավորություններ: Դա անվիճելի իրականություն է: Օտարաբանության  դեմ պայքարը և լեզվի մաքրության հարցը միշտ էլ եղել է քննարկման առարկա  տարբեր ժամանակաշրջաններում: Անհարկի օտար բառերի ներմուծումը աղավաղում է  մեր լեզուն և դրա դեմ պետք է շարունակական պայքար տարվի: Բայց դա բոլորովին  էլ չի նշանակում¸ թե հայոց լեզվի դռները պետք է ամուր փակել անհրաժեշտ  փոխառությունների առաջ և բոլոր օտար ու փոխառյալ բառերը թարգմանել հայերեն:  Լեզվաբանությունը վաղուց մերժել է ծայրահեղ մաքրամոլությունը¸ որը միայն  աղքատացնում է լեզուն¸ թուլացնում նրա արտահայտչական ճկունությունը և  դատապարտում ինքնամեկուսացման: Երբեք չի կարելի նույնացնել  օտարաբանությունը և փոխառությունները¸ դրանք տարբեր հասկացություններ են:
  Աշխարհի բոլոր գրական լեզուները զարգանում են օգտվելով երեք աղբյուրներից.
    ա/ սեփական լեզվաֆոնդի, բարապաշարի հիմքի վրա`նոր բառեր և  բառակապակցություններ ստեղծելով: Հայոց լեզվի բառակազմական, հնչունական և  քերականական համակարգերի ճկունությունն այդ տեսակետից մեծ  հնարավորություններ է ընձեռում: Պատահական չէ¸ որ վերջին տասնամյակներում  մեր լեզուն հարստացավ համընդհանուր ընդունելության արժանացած բազմաթիվ  նորակազմ բառերով:
բ/ Երկրորդ աղբյուրը տարբեր լեզուներից փոխառություններն են:
գ/ Երրորդ աղբյուրը ազգային բարբառների օգտագործումն է:



Ես ուզում եմ խոսել մասնավորապես փոխառությունների մասին:  Հազարամյակների ընթացքում¸  ճեղքելով իր առջև ծառացած ամեհի պատնեշները մեր  լեզուն անցել է  հաղթական ճանապարհ` ինքնամաքրվելով ու միաժամանակ  հարստանալով¸ ոչ միայն իր սեփական բառարմատների հիման վրա ստեղծված  բառակազմություններով¸ այլև հարևան ժողովուրդների¸ այդ թվում նույնիսկ  բռնակալական տերությունների լեզուներից ներառված փոխառություններով: Հ.  Աճառյանը իր «Հայերեն արմատական բառարան»-ում գրում է¸ որ մեր լեզվում  հազարավոր փոխառություններ կան իրանյան հին ու նոր լեզուներից¸ ասորերենից¸  խալդերենից¸ հունարերենից¸ եբրայրերենից¸ լատիներենից¸ արաբերենից¸ հին  ֆրանսերենից¸ նույիսկ թուրք-թաթարական լեզուներից: Դրանից մեր լեզուն ոչ  միայն չի կորցրել իր ինքնուրույնությունը¸ այլև հարստացել է¸ որովհետև դա  բոլոր լեզուների բնական զարգացման ուղիներից մեկն է:
    Լեզուների փոխառությունների մասին խոսել են նաև համաշխարհային մշակույթի և գրականության ուրիշ մեծություններ:
   Վ.Գյոթեն խոսելով գերմաներենի մասին գրում է. «Չկա ավելի անհեթեթ բան  գերմանացու համար¸ քան այն¸ որ նա պատկերացնի¸ թե ինքը իբր օգտվում է իր  սեփական պաշարներից և մոռանա այն մասին¸ թե վերջին 50 տարվա ընթացքում  ինչքան փոխառություններ է վերցրել ուրիշ ազգերից… Լեզուն մաքրելու հետ  միասին հարստացնելը ականավոր խելքի տեր մարդկանց գործն է: Մաքրելը առանց  հարստացման ապաշնորհների զբաղմունք է: Գոյություն ունեն բազմաթիվ եղանակներ  մաքրման և հարստացման համար¸ որոնք պետք է զուգակցվեն¸ որպեսզի լեզուն  զարգանա որպես կենդանի օրգանիզմ»:
   Ահա թե ինչ է ասում Դ. Դիդրոն  ֆրանսերենի մասին. Սալոնի տեսության մեջ նա զայրացած բացականչում է` «Այս  ինչ հիմարություն է ամեն ինչ ֆրանսիացնել»:
      Նշանավոր լեզվաբան Մ.  Աբեղյանը գրում է. «Լեզվի փոխառությունը ուրիշ լեզվի ազդեցությամբ բնական  պրոցես է: Ամեն լեզու այս եղանակով հարստանում է և ճկուն է դառնում նորանոր  գաղափարներ արտահայտելու համար: Լեզվի զարգացումն այս ճանապարհով երբեք չի  դադարել: Այսպիսի դեպքում բառերն ու կապակցությունները արդեն ազգայնանում  են և օտար բառերը նույնիսկ ենթարկվում են նույն հնչյունափոխությանը¸ ինչ որ  բնիկ բառերը»:
   Փոխառությունների հարցը չի վրիպել նաև Ստ.  Մալխասյանցի ուշադրությունից: «Հայերենը…¸ -գրում է նա¸-հեղեղված է  պահլավական բառերով ու ոճերով: Խորենացին հունաբան էր և նա հայերեն  ներմուծեց հունական նախդիրներով ստեղծված հունական ձևով բազմաթիվ բառեր¸  ինչպես նաև հունաբանությունը զգալի դարձրեց շարահյուսության մեջ: Դրանից  հայերենը ոչ թե տուժեց¸ այլ հարստացավ»:
  Մեր մեծանուն բանաստեղծ Հ.  Թումանյանը գրում է¸ որ լեզուների զարգացման պատմությունը ցույց է տալիս¸  որ « ոչ մի լեզու¸ որքան էլ ազգային բնավորությունը պահի ու զարգացնի¸ չի  կարող փոխառություններից ազատվել ու կղզիանալ…Փոխառությունները եղել են ու  միշտ կլինեն¸ և շատ գեղեցիկ է¸ որ էդպես է: Միայն պետք է իմանալ շնորհքով¸  խելացի առնել և տեղը գործածել… Միշտ ավելի լավ է չունեցած բառը փոխառնել¸  քան թարգմանել և ֆրակը շինել պոչազգեստ…»
   Այս ամենը երկար շարադրում  եմ¸ որպեսզի համաշխարհային մեծությունների հեղինակությամբ համոզեմ մեր  ծայրահեղ մաքրամոլներին¸ որ փոխառությունները օտարաբանություն չեն¸ այլ  լեզուների բնական զարգացման¸ բոլորի կողմից ճանաչված¸ օրինաչափություն¸ և  օտար բառերի նկատմամբ սերը չէ¸ որ ստիպում է շատ լեզվաբանների ու  մտավորականների հանդես գալ փոխառությունների պաշտպանությամբ ու ամեն ինչ  հայացնելու մոլուցքի դեմ:
  Վերջին երկու տասնամյակում¸ մեր լեզուն  անհարկի օտար բառերից մաքրելու դրական միտումի հետ միասին¸ հիվանդագին մի  մտայնություն առաջացավ` բոլոր փոխառյալ¸ այդ թվում վաղուց լայնորեն  գործածվող¸ արդեն ազգային սեփական բառի իրավունք ստացած ու մատչելի բառերը  անպայման փոխարինել հայերեն տարբերակով: Եվ սկսեցին մեր լեզվից հախուռն  վտարել զանգվածաբար գործածվող¸ գեղեցիկ ու դյուրահնչյուն շատ բառեր¸ որոնք  չեն հակասում մեր ազգային լեզվի օրինաչափություններին¸ հեշտությամբ  ենթարկվում են քերականական կանոններին և ավելի լիարժեք են արտահայտում  տվյալ բառի կամ հասկացության իմաստը: Գրավոր ու բանավոր խոսքում տարածում  գտան հնարածին¸ անճաշակ ու շինծու¸ դժվարահունչ ու խեղված բառակերտումներ¸  Թումանյանի ասած “պոչազգեստի” նման¸ որոնք օտար բառերի լիակատար համարժեքը  չեն: Ահա այդ լեզվական գոհարներից մի քանիսը. Ինքնաձիգ (ավտոմատ), հրասայլ  (տանկ)¸խափանաբանություն (դիվերսիա)¸ համաբուժարան (պոլիկլինիկա)¸շտաբ  (սպայակույտ)¸ ընկերային (սոցիալական)¸ երգահան (կոմպոզիտոր)¸ երաժշտանոց  (կոնսերվատորիա)¸ համույթ (անսամբլ)¸եռանդուժ (էներգիա)¸ պահոց  (արխիվ)¸սրընթոն (մոտոցիկլ)¸ երթոն (տրանսպորտ)¸ ճպերթ (մետրո)¸դաշնույթ  (սիմֆոնիա)¸ խմբավար (դիրիժյոր)¸թեքնաբանություն (տեխնոլոգիա)¸  պատշաճություն (էթիկա)¸ հիմն (օրհներգ)¸ սոցիում (կոլեկտիվ)¸ արհեստավարժ  (պրոֆեսիոնալ)¸ շարժանկար (կինո)¸ քարյուղ (նավթ)¸ գործընթաց (պրոցես)¸  ալեհավաք (անտենա) և այլ¸ և այլն:
     Դժվար չէ նկատել¸ որ  մաքրամոլները հայացնում են հիմնականում միայն ռուսերենից և եվրոպոկան  լեզուներից ներառված բառերը: Որոշ մարդիկ իրենց հրապարակային ելույթներում  հաճախ բացասական վերաբերմունքով են խոսում մասնավորապես ռուսախոսության  լայն տարածման մասին: Մոռանալով¸ որ դա նույնպես օրինաչափ երևույթ է: Բոլոր  ժողովուրդներն էլ առաջին հերթին և առավելապես փոխառություններ են վերցնում  իրենց այն հարևան ժողովրդից¸ որի հետ ավելի սերտ շփումներ են ունենում և  որն իր մշակութային և քաղաքական զարգացմամբ ավելի բարձր մակարդակի վրա է  գտնվում: Իսկ Հայաստանը դարերով սերտորեն կապված է Ռուսաստանի հետ: Մեր  ականավոր լեզվաբան Էդ. Աղայանն իր հրաշալի «Արդի հայերենի բացատրական  բառարան»-ի առաջաբանում գրում է. «…Մեր ժողովրդի սերտագույն մշակութային  կապերը ռուս և եվրոպոկան ժողովուրդների հետ… մշակույթի¸  հասարակական-քաղաքական կյանքի¸ գիտության և տեխնիկայի պահանջներին  համապատասխան¸ մեր լեզվի բառապաշարը հարստացրին տասնյակ հազարավոր նորակերտ  բառերով և նորագույն փոխառություններով»:
   Կարծեմ հեռուստատեսության  աշխատողներից մեկը` Դ. Ասլանյան¸ լավ չեմ հիշում¸ լրագրերից մեկում գրել  էր. «…Մեր սերունդը համաշխարհային գրական¸ փիլիսոփայական¸ գիտական  արժեքների բացարձակ մեծամասնությանը հաղորդակցվել է ռուսերենի միջոցով և  մայրենիին զուգահեռ տիրապետել է այդ լեզվին¸ և դրանից միայն շահել»:
Բոլոր ողջախոհ ու անկողմնակալ մտավորականները չեն կարող չհամաձայնվել այս տեսակետին:
   Եթե¸ դժբախտություն ունենանք հետևելու մաքրամոլների սկզբունքներին և  պահանջներին¸ ապա պետք է «հայացվեն» նաև պարսկերենից¸ հունարենից¸  ասորերենից¸ լատիներենից¸ մանավանդ թուրք-թաթարերենից փոխառված բառերը: Այդ  դեպքում ինչ կմնա մեր լեզվից¸ կհարստանա՞¸ թե՞ կաղքատանա:
    Այստեղ  հնարավոր չէ մանրամասն քննարկել բոլոր նորաթուխ բառերը: Սակայն մի շարք  կարևոր բառերի կապակցությամբ ուզում եմ իմ նկատառումներն արտահայտել:
    Միթե մեր լեզուն չի աղքատանում¸ երբ հրաժարվում ենք այնպիսի գեղեցիկ ու  դյուրըմբռնելի բառերից¸ ինչպիսին են կուլտուրա¸ պրոցես¸ պրոֆեսիոնալ¸  անսամբլ¸ կոմպոզիտոր¸ սոցիալական¸ շտաբ¸ անտենա¸ Էսթետիկա¸ դեմոկրատիա¸  դիրիժյոր¸ էթիկա¸ լիբերալիզմ¸ տրանսպորտ¸ մետրո¸ սիմֆոնիա¸ ինտելեկտւալ¸  պոտենցիալ¸ պրոբլեմ¸ բյուրոկրատիզմ¸ ապարատ¸ հիմն¸ մեթոդ¸ սխեմա և այլն:
 «Մշակույթը» լավ բառ է¸ բայց լիովին չի փոխարինում «կուլտուրա» բառին: Այդ  պատճառով էլ այդ երկու բառը պետք է գործածվեն զուգահեռաբար: Օրինակ  անհեթեթ է հնչում «կենցաղային»¸ «խոհանոցային»¸ «տեխնիկական»¸  «վարորդական»¸ «ներքին» մշակույթ արտահայտությունները: «Մարդը պետք է  ունենա ներքին մշակույթ»¸ «Մենք պետք է մշակենք մեր վարմունքի մշակույթը»¸  «Մենք մշակում ենք մշակույթային բույսեր»¸ «Մենք մշակելենք արտադրության  բարձր մշակույթ» և բազմաթիվ նույնանման նախադասությունների կհանդիպեք  մամուլում: Նույն ձևով «գործընթաց»-ը լիարժեք չի արտահայտում «պրոցես» բառի  գործածության բոլոր իմաստները` տարբեր հարաբերություններում: «Իմ  ստամոքսում տեղի է ունենում ինչ որ գործընթաց»¸ «այս ջրավազանում տեղի են  ունենում քիմիական գործընթացներ»¸ «Ինչպիսի ընթացք պետք է քունենա այդ  գործընթացը»¸ «Այս գործընթացը ընթանում է ճիշտ ուղիով»¸ միթե՞ կարելի է  հաճախակի հանդիպող այսպիսի նախադասությունները ճիշտ համարել: Կամ¸ միթե՞  կոմպոզիտորը երգ հանող է¸ որտեղի՞ց է հանում: Չէ որ կան կոմպոզիտորներ¸  որոնք ոչ մի երգ չեն «հանել»: Նույնը կարելի է ասել դիրիժյորի մասին: Միթե՞  նա խմբավար է և օրկեստրը կարելի է խումբ անվանել: Ի՞նչ է նշանակում  սպայակույտ¸ սպաները կուտակվել են որտե՞ղ: Չէ՞ որ «շտաբը» բոլորովին ուրիշ  իմաստ ունի¸ այն սպաների կուտակում չե¸ այլ բանակի և որևէ կազմակերպության  գործող ղեկավար օրգանն է: Անհեթեթություն չէ՞ «սոցիալական» տերմինը  փոխարինել «ընկերային» բառով: Անտենան միայն «ալեհավաք» չէ¸ այն նաև  ալիքներ է հաղորդում:            
  «Գեղագիտությունը» նույպես գեղեցիկ  բառ է¸ գիտություն գեղեցիկի մասին: Սակայն լիովին չի ընդգրկում «էսթետիկա»  տերմինի ամբողջ էությունը: Էսթետիկան¸ էսթետիզմը որպես գիտություն¸ ոչ  միայն գեղեցիկի մասին է¸ այլև ունի բացասական կատեգորիաներ` ձևապաշտություն  ի վնաս բովանդակության¸ ձևամոլություն: Ձևապաշտներին անվանում են  էսթետացող: Հո չի կարելի հայերեն ասել «գեղագիտացող»: Անհասկանալի է ի՞նչ  սկզբունքով¸ ի՞նչ կանոնի համաձայն է հորինվել «համույթ» բառը` անսամբլի  փոխարեն: Նոր բառերը կազմվում են արմատներից և ածանցներից: Օրինակ¸  վարույթ¸ասույթ բառերը կազմված են վարել¸ ասել արմատներից:  Ո՞րն է  «համույթ» բառի արմատը` համը՞¸ իսկ դա ինչ կապ ունի անսամբլի հետ: Չգիտեմ  ինչ պատճառաբանությամբ է «հիմն» բառը¸ որը հունարենից փոխանցվել է  հայերենին և նշանակում է գովասանական¸ փառաբանական երգ` նվիրված պետական¸  հեղափոխական¸ ռազմական ¸ կրոնական միասնությանը¸ փոխարինել են «օրհներգով»¸  որն ավելի շուտ կրոնական երանգ ունի: Աճառյանի բառարանում «հիմն»-ը  բացատրված է որպես հիմք¸ հիմնանալ¸ վիպասանական երգ:
     Անտրամաբանական է նաև «մինիստր» (մինիստրություն) բառը «նախարար»-ով  (նախարարությունով ) փոխարինելը: Հ. Աճառյանի բառարանում նշված է¸ որ  նախարար բառը առաջացել է իրանական հոմանիշ բառից¸ որը նշանակում է ժողովրդի  կամ ցեղի պետ¸ «կամ կալվածքների գլխավոր»: Իսկ «մինիստր»-ը լատինական բառ է  և նշանակում է ծառայող¸ կառավարող: Այս վերջին անվանումը ավելի է ճշգրիտ է  արտահայտում տվյալ կազմակերպության իրավասությունները: «Նախարար» բառը թող  մնար որպես մեր պատմության որոշակի ժամանակաշրջանի հասկացություն¸ իսկ  մինիստր բառը պահպանվեր¸ որպես ժամանակակից տերմին¸ և դրանից հայոց լեզուն  բոլորովին չէր տուժի:
Ինչու ենք հրաժարվում համար (օկ. ես ապրում եմ  հյուրանոցի 9-րդ համարում¸ ես կարդացի ամսագրի 5-րդ համարը¸ ասացեք ձեր  շենքի համարը կամ հեռախոսի համարը: Դե հիմա համարի տեղը գրեք «թիվ» բառը¸  ինչ կստացվի)¸ դիրեկտոր (տնօրենը կապված է սեփականության տնօրինման  հետ¸  իսկ դիրեկտորը պաշտոն է¸ ծառայող)¸ պրոֆեսիոնալ¸ կոալիցիա¸ դիվերսիա¸  դիսերտացիա¸ կոլեգիա¸ կոլեգա¸ լիբերալիզմ¸պոպուլիզմ և այլ բառերից¸ որոնք  ամուր տեղ են գրավել աշխարհի գրեթե բոլոր զարգացած¸ այնպես էլ մեր լեզվի   բառապաշարում¸ և որոնց լիարժեք հոմանիշները հայերենում չկան:
   Շատ  կան բառեր և տերմիններ¸ որոնք անտեղի արտաքսվել են մեր լեզվից`  սահմանափակելով մեր լեզվի արտահայտչական¸ ոճական լայն հնարավորությունները  և¸ ինչ որ չափով¸ ժողովրդին օտարացնելով երկարամյա գործածվող իր իսկ  լեզվից: Միթե՞ մայրենի լեզվով հնարված անհեթեթություններն ավելի գերադասելի  են¸ քան հանրաճանաչ ու բարեհունչ միջազգային տերմինները:
Ի միջի  այլոց¸ մի առեղծվածի մասին ևս ուզում եմ գրել: Ոչ միայն ինձ¸ այլև շատերի  համար անհասկանալի է¸ թե ինչու օտար անունները մի դեպքում թարգմավում են ¸  կամ ավելի ճիշտ հայացվում¸ իսկ մյուս դեպքում ոչ: Օրինակ` ինչ սկզբունքով է  Իոհան-Պավել պապի անունը թարգմանվում Հովհաննես-Պողոս երկրորդ: Իսկ ինչու՞  չեն թարգմանում ռուսական թագավոր Պավել 1-ինը¸ Պողոս 1-ին¸ կամ Հունաստանի  թագավոր Պավելը¸ Պողոս¸ Իվան 4-րդը¸ Հովհաննես 4-րդ¸ Բյուզանդիայի կայսր  Իոհանը¸ Հովհաննես¸ Ջորջ Վաշինգտոնը¸ Գեվորգ Վաշինգտոն և այլն: Դա նույնն  է¸ եթե ռուսները Հովհաննես Թումանյանին դարձնեն Իվան Թումանյան¸ Շիրազին`  Իվան Շիրազ:
  Մեր լեզվաբանները պետք է որոշակիություն մտցնեն այս  հարցում: Իմ կարծիքով  ճիշտ կլինի մարդկանց անուն-ազգանունները գրել առանց  թարգմանելու:
  Վերադառնանք փոխառություններին¸ որոնցից անհնարին է  խուսափել¸ և որոնք¸ ինչպես  պնդում են համաշխարհային մեծությունները¸  հարստացնում են լեզուն:  Մեր ականավոր լեզվաբան Ա. Ղարիբյանը մի առիթով  ասել է. Պետք չէ վախենալ փոխառություններից¸ մանավանդ եթե դրանք ենթարկվում  են մեր լեզվական համակարգի օրինաչափություններին և քերականական ու  շարահյուսական կանոններին: Վախեցեք քերականական համակարգում անհարկի  փոփոխություններից¸ որոնց իրավունքը պատկանում է միայն ու միայն դարերով  մշակված լեզվին: Վախեցեք այդ կանոնների աղավաղումներից¸ ինչը հաճախ է  կատարվում մամուլի էջերում¸ զանազան հրատարակություններում և հրապարակային  ելույթներում: Խախտվում է ենթակայի և ստորոգյալի համաձայնության կանոնը¸  հատկապես երբ ստորոգյալը կրավորական սեռի բայով է արտահայտվում¸ հոգնակի  թվով ենթակայի հետ (ավելացել է հրատարակվող թերթերը¸շատ փոփոխություններ է  կատարվել¸ ուրիշ գրքեր չի եղել): Նախադասությունները ճիշտ չեն կառուցվում¸  թուլ են տալիս շարահյուսական սխալներ¸ բառերը ճիշտ տեղում չեն գործածվում¸  շփոթում են բառերի իմաստները (վերաբերել-վերաբերվել¸ վարկաբեկել-  վարքաբեկել¸պահպանել-պաշտպանել¸թեև-թերևս¸ ավանդներ-ավանդույթներ¸  կապված-կախված¸ բռնել-բռնվել¸ բոլոր-ամբողջ¸ իմ մոտ¸ քո մոտ¸ իմ համար¸ քո  համար¸իմ պես¸ իմ վրա և այլն):
   Բերեմ մեր մամուլից և  հեռուստատեսային ելույթներից քաղված լեզվական «գոհարների» մի քանի օրինակ:  «Ես իմ աշակերտների մեջ կսերմացնեմ սերը դեպի…»¸ «Մենք պետք է աշխատենք  ուսուցչի վրա»¸ «Դատարանը պետք է պահպանի քաղաքացու շահը»¸ «Այգին սկսեց  վխտալ այդ տարօրինակ արարածներով»¸  «խորհրդարանը կլինի դիակապատների  խորհրդարան»¸ «Ասուլիսում ներկայացվեց հերյուրանքների կեղծությունը» (իսկ  անկեղծ հերյուրանքներ լինու՞մ են)¸ «Անասունների երամը»¸ «Բազմամյա  տարիների փորձը»¸ «Ժողովրդի վիճակը շատ վատ վիճակում է»¸ «Բոլոր  կոլեկտիվը». «Բոլոր քաղաքը»¸ «Ես ուզում էի ինչ որ բանից բռնվել…»¸  «Եկամուտների մեծ մասը ստացվում է արտաքին հաճախորդների վաճառքից»¸  «Շնորհավորում եմ Թամարա տատիկին և նրա դեմքով բոլոր մեծահասակներին»¸  «Գյուղի կովերի գլխաքանակը ավելացել է նոր ֆերմերների հաշվին»¸ »Պետք է  ապահովել այդ խնդիրների կատարման ապահովումը» և այլն¸ և այլն:
Հնարավոր  չէ բոլոր սխալներն ու աղավաղումները թվարկել¸ որոնցով ողողված են  ինտերնետը¸ մամուլը¸ հեռուստատեսության եթերը:  Կամ¸ այս ինչ հիվանդություն  է անընդհատ կառչել մի քանի բառերից և տեղին անտեղի չարաշահել նրանց  գործածությունը` խոսնակ¸ (անկախ իրենց պաշտոնից բոլորը խոսնակ են¸ թեև այդ  բառը 6 նշանակություն ունի¸ այդ թվում` երգող թռչուն¸ աքաղաղ)¸ բնականաբար¸  առումով¸ միանշանակ և այլն:  Հենց սրանց մասին է ասում Ղարիբյանը¸ որոնք  աղավաղում են մեր լեզուն¸ խաթարում նրա գեղեցկությունն ու հմայքը և որոնց  դեմ պետք է հետևողական պայքար տանել:
   ՈՒզում եմ ուղղակի նշել¸ որ  հայոց լեզվի վրա խիստ բացասական ազդեցություն ունեցավ այն հանգամանքը¸ որ  անկախության առաջին տարիներին  լեզվի “զարգացման” հարցով սկսեցին զբաղվել  ոչ թե լեզվաբանները¸ այլ դիլետանտները¸ լեզվի հետ ուղղակի կամ անուղղակի  առնչվողները¸ նույիսկ նորահայտ “լեզվաբան” `չինովնիկները¸ որոնք քաղաքական  նպատակներով հաճախ չարաշահում էին լեզվի խնդիրները¸ և որոնք սկսեցին¸  Վոլտերի խոսքերով ասած¸ «անհեթեթություններ դուրս տալ¸ որևէ նոր բան ասելու  անզուսպ ցանկությունից դրդված»: Նրանք ոչ միայն հաշվի չէին առնում մեր  ականավոր լեզվաբանների կարծիքը¸ այլև վերամբարձությամբ արհամարհական ու  վիրավորական պիտակներ էին  կպցնում նրանց:

Այս հոդվածը հրապարակվել է 2010 թ. բայց, նրանում շոշափված հարցերը, իմ  կարծիքով, այսօր էլ լուրջ քննարկման խնդիր են:

Previous post Next post
Up